
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
«Աւելի լաւ է թերթ չկարդամ եւ հեռուստացոյց չդիտեմ», ասում է ծանօթներիցս մէկը՝ արդարաբար նշելով, որ անտեղի նեարդերն է բորբոքում, երբ կարդում է Միացեալ Նահանգների քաղաքական շրջանակներում ընթացող «մանկապարտէզային» վիճաբանութիւնների մեկնաբանութիւնները՝ երկրի պարտքերի «առաստաղը» բարձրացնելու կապակցութեամբ: Բայց իրադարձութիւններին անտեղեակ լինելը նախընտրելի վիճակ չի երաշխաւորում: Տնտեսութեան ընթացիկ դրութիւնը բարելաւելու ակնկալիքով բազմաթիւ քայլեր են առաջարկւում. այս մէկը կը հետաքրքրի գրեթէ բոլորին՝ թէ՛ նրանց, ովքեր սեփական կալուածք կամ տուն ունեն, թէ՛ նրանց, ովքեր մօտ կամ հեռու ապագայում պատրաստւում են իրենց կեանքի ամենախոշոր գնումը կատարել:
Շշուկներ են պտտւում, թէ երկրի նախահաշուի աննախադէպ բացը ծածկելու ակնկալիքով որոշ «երեւելիներ» առաջարկել են ձերբազատուել հարկային այնպիսի մի առաւելութիւնից, որը տասնամեակներ շարունակ խրախուսել է ամերիկացիներին տուն գնել. խօսքն այն հնարաւորութեան մասին է, որը թոյլ է տալիս տարեկան հարկերից հանել տան վարկի վճարած տոկոսների մի մասը (mortgage interest deduction): Նախահաշուային բացը ծածկելու յուսահատ այս ճիգի հետեւանքով նոյնիսկ չափաւոր եկամտի տէր մարդիկ ի վերջոյ աւելի շատ հարկ պիտի վճարեն:
Անցեալ շաբաթ լոյս տեսած տուեալների համաձայն, ամերիկեան խոշոր ընկերութիւնները մրցանիշային եկամուտներ են գրանցել այս տարուայ առաջին երկու եռամսեակների ընթացքում՝ հիմնականում իրենց արտասահմանեան գործունէութեան հաշուին: Ամերիկացի ցածր եւ միջին դասակարգերի ներկայացուցիչները որեւէ օգուտ չեն քաղել աստղաբաշխական այս եկամուտներից: Ուրեմն ինչո՞ւ են երկրի «պայծառ» գլուխները ամէն կերպ խուսափում հարուստների համար նախատեսուած հարկերի չնչին բարձրացումից՝ փոխարէնն առաջարկելով, որ հարկերը բարձրանան բոլորի համար: Միւս ներդրումների համեմատ՝ տան դիմաց գանձուող վճարումների տոկոսների բարենպաստ պայմանները դրամական առումով ամենամեծ օգուտն են ապահովում: Նոր հարկային ծրագիրն ակնկալում է այս միջոցով 1 տրիլիոն (եռիլիոն-Խմբ.) դոլար բերել երկրի գանձարան, իսկ առաջիկայ տասնամեակի ընթացքում, իբր թէ, այն կը խնայի մօտաւորապէս 4 տրիլիոն դոլար: Կան նաեւ առաջարկներ վերափոխման ենթարկել, ոչ թէ վերացնել այդքան մեծ ժողովրդականութիւն վայելող ծրագիրը: Այսօրուայ դրութեամբ այդ ծրագիրն ամբողջացնելու նպատակով Միացեալ Նահանգների գանձարանը մօտաւորապէս 100 միլիարդ դոլար է վճարում: 2009 թուականին 35 միլիոն ընտանիք օգտուել է հարկային այս կէտից:
Որոշ տնտեսագէտներ պնդում են, թէ 2004-2006 թուականներին կալուածային պղպջակի առաջացմանը նպաստեցին ինչպէս որակաւորման չափից աւելի հեշտացուած միջոցները, այնպէս էլ նպաստաւոր հարկային քաղաքականութիւնը: 2004ին ամերիկացի ընտանիքների մօտ 70 տոկոսն իր սեփական տան մէջ էր ապրում: Փաստօրէն որոշ տնտեսագէտներ կարծում են, թէ դա երկրի համար բարենպաստ իրավիճակ չէր:
Հարկային այս կէտի փոփոխութիւնը կարող է մէկ այլ միտում առաջացնել՝ շատ մարդիկ տուն գնելու փոխարէն կը նախընտրեն վարձով ապրել: Հնչում են նաեւ հետաքրքրական այնպիսի պատճառաբանութիւններ, թէ վերոյիշեալ հարկային մօտեցումից հիմնականում աւելի շատ օգտւում են հարուստները. որքան թանկ է նրանց տնօրինած կալուածքը, այդքան աւելի շատ է նրանց խնայողութիւնը, եւ հետեւաբար միջին եւ ցածր խաւի ներկայացուցիչների վրայ առաջարկուած փոփոխութիւնը զգալի աղդեցութիւն չի ունենայ:
Այսօր ամերիկացիների մի զգալի տոկոսը կորցրել է իր սեփական տան մէջ բնակուելու հնարաւորութիւնը. վերջին տուեալներով 2004 թուականի հետ համեմատած նախկին տանտէրերի մօտ 6 տոկոսը այժմ վարձով է ապրում: Սա հսկայական թիւ է, իսկ եթէ հաշուի առնենք, որ այս տուեալը հիմնուած է նախորդ տարիների փաստերի վրայ, կընկալենք, որ ընթացիկ պատկերն աւելի տխուր է:
Տնտեսագէտների մի խումբ պնդում է, թէ տան համար վերցրած վարկը ոչ բոլորի հնարաւորութիւնների սահմանների մէջ է. նրանք օրինակ են բերում 2003-2006 թուականների թուլացած քաղաքականութիւնը, մասնաւորապէս այն առումով, որ իւրաքանչիւր ցանկացողի տան համար վարկ էին տալիս: Իրադրութիւնն այնքան զաւեշտական էր, որ տան առուծախով զբաղուող որոշ պաշտօնեաներ ուղղակի յորդորում էին ընտանիքներին իրենց տունը գնել առանց բացատրելու, թէ ինչպիսի վտանգաւոր վարկերի միջոցով այս նորաթուխ տանտէրերը պիտի կալուածատերէր դառնային: Մէկ-երկու տարի յետոյ, երբ իրականութիւնը ջրի երես էր դուրս գալիս, երբ վարկի տոկոսները բազմապատկւում էին, 1000-2000 դոլարի ամսավճարը դառնում էր 4000ից մինչեւ շատ դէպքերում 8000 դոլար, բնականաբար տուժում էին բոլորը, բացի անբարեխիղճ պաշտօնեաներից. «կալուածատէրը» կորցնում էր տունը, բանկը զրկւում էր ակնկալած եկամտից, տունը կիսաւեր վիճակում լքում էին: Պատկերացրէք՝ միլիոնաւոր տներ այսպիսի վիճակում: Ահա թէ որտեղից սկիզբ առաւ տնտեսական ճգնաժամը:
2007-2008 թուականներին պետական ամենաբարձր ատեաններից հնչում էին կարծիքներ, թէ ամենաուշը 2011 թուականին երկրի տնտեսութեան վիճակը կը կարգաւորուի: «Կը կարգաւորուի» ասելով՝ միլիոնաւոր մարդիկ կարծում էին, թէ երկիրը կը վերադառնայ նախկին վիճակին: Չնայած ժամանակակից տնտեսութեան անկանխատեսելիութեան սկզբունքին՝ մի բան կասկածից վեր է. առաջիկայ մի քանի տասնամեակում տնտեսութեան նախկին աստիճանին վերադարձը պարզապէս անհնար է, քանի որ 2004-2007 թուականների տնտեսական «հզօր վերելքը» արհեստականօրէն ուռճացուած էր, եւ բանաձեւը հետեւեալն էր. 100,000 դոլար արժողութեամբ տունը յանկարծ դարձաւ 400,000, տանտէրը կարողացաւ նոր արժէքի մօտ 80 տոկոսը (յաճախ էլ աւելին) վարկի տեսքով վերցնել դրամատնից, նոր գործեր ստեղծուեցին, գործազրկութիւնը հասաւ աննախադէպ ցածր ցուցանիշի: Այս ժամանակ շատերը դարձան ծաղրուծանակի առարկայ, երբ արդարօրէն պահանջում էին ուշքի գալ եւ միջոցներ ձեռնարկել: Մասնաւորապէս, երկրի կենտրոնական դրամատան նախկին նախագահ Ալան Գրինսփենի շրջապատից որոշ անձինք ահազանգում էին, թէ տան շուկայում կատարուող գերտաքացումը աննախադէպ հետեւանքների առջեւ կարող է կանգնեցնել ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհը: Գրինսփենը կարեւորութիւն չտուեց այդ զգուշացմանը՝ պատճառաբանելով, թէ «ամէն ինչ իր տեղում է», եւ տնտեսութեան վատթարացում չի ակնկալւում: Զարմանալի է, թէ ինչու մինչեւ այսօր այս անձնաւորութեանը լուրջ պատասխանատուութեան չենթարկեցին, այլ ընդամէնը մէկ-երկու յօդուած տպագրելուց յետոյ եւ մի քանի անգամ հեռուստատեսութեամբ վերոյիշեալը պնդելուց յետոյ բոլորը միաձայն լռեցին:
Վերադառնանք սկզբնանիւթին: Հարկային քաղաքականութեան վերանայումը ինչպէս կալուածքի շուկայում, այնպէս էլ միւս բնագաւառներում, անխուսափելի է: Բայց կարծում եմ, որ այս երկրի տուած բարիքներից ամենաշատն օգտուող խաւը՝ գերհարուստներն ու խոշոր ընկերութիւնները, պէտք է իրենց վրայ որոշակի պատասխանատուութիւն վերցնեն եւ հարկեր վճարեն համաձայն իրենց եկամուտների: Այսօրուայ քաղաքական ցեխարձակումների հիմնական շարժառիթն այն է, որ գերհարուստները չեն ցանկանում հաշտուել այն մտքի հետ, որ արդար կը լինի իրենց գրպանից մի փոքր շատ դուրս գայ, քան աղքատ կամ անապահով ընտանիքը զրկուի կենսականօրէն անհրաժեշտ ծառայութիւններից: Իսկ առայժմ իրադարձութիւնները սրընթաց կերպով են զարգանում: