«ՀՐԱՊԱՐԱԿ»
Երբ ընտանիքում անհաշտութիւն է, բարիշելու (հաշտուելու-Խմբ.) բոլոր փորձերը ժամանակաւոր են լինում: Տարեսկզբին ՀՀԿ-ԲՀԿ հակասութիւնները հնարաւոր եղաւ հարթել նոր կոալիցիոն յուշագրի միջոցով, բայց դեռ այն ժամանակ պարզ էր, որ դա ժամանակաւոր լուծում է՝ կրքերը ընտրութիւններին ընդառաջ շիկանալու են: Երէկ արդէն ի յայտ եկան դրա նախանշանները: Ինտերնետային կայքերից մէկը հրապարակեց Գագիկ Ծառուկեանի վարկանիշային վերելքի մասին մի նիւթ: Ինչին շատ ջղաձիգ արձագանգ հետեւեց «գործընկերների» կողմից: Էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն: Շատ արագ մոռացուեցին բարեկրթութեան ու գործընկերութեան կանոնները, եւ երկուստէք սկսեցին քննարկել «ապահարզանի» հարցը: Կարելի է մտածել, որ ոչ առաջին անգամն է, ոչ վերջին՝ նորից կը հաշտուեն ու կը շարունակեն երթը դէպի «պայծառ ապագայ», սակայն այս անգամ կարծես ամէն ինչ աւելի լուրջ է: Եւ դա պատահական չէ, քանի որ ընտրութիւնները մօտ են, եւ ժամն է կողմնորոշուելու: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ինքնասէր ամուսինների նման կողմերից իւրաքանչիւրը ձգտում է առաջին քայլն անել, որ յետոյ լքուածի, խաբուածի զգացումը չտանջի ամբողջ կեանքում: Մեր ՀՀԿն ու ԲՀԿն յայտնուել են հէնց այս վիճակում: Ո՞վ առաջինը կը յայտարարի «ապահարզանի» մասին՝ Հանրապետականը՞, որի դիրքերը ԲՀԿի հեռանալուց յետոյ նկատելիօրէն կը թուլանան: Թէ՞ ԲՀԿն, որի դիրքերը հեռանալուց յետոյ նկատելիօրէն կուժեղանան, բայց գործողութիւնների դաշտը կը նեղանայ, եւ անելիքը կը շատանայ: Կը կարողանա՞յ իշխանութիւնից դուրս եկած ուժը պահպանել իր ունեցածն ու «եղբայրասպան» պատերազմի մէջ չներքաշուել: Կը կարողանա՞յ իշխանութեան մէջ մնացած ուժը պահպանել իր լծակները եւ կառավարել իրավիճակը: Այնպէս, որ երկիրը ցնցումների մէջ չընկնի եւ 2012-2013ին իր ուզած իշխանութիւնը ձեւաւորուի:
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ