
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Աղքատները բողոքում են, հարուստներն անհանգստացած են, միջին դասակարգը գնալով հալւում է: Մինչդեռ «Ֆորպզ» (Forbes) ամսագրի վերջին տուեալների համաձայն, բազմաթիւ նոր միլիարդատէրեր են յայտնուել երկրագնդում, որտեղ դեռ շատ մարդիկ օրուայ ապրուստի են կարօտ: Երկրի հարկերը հիմնականում հաւաքւում են ի հաշիւ «զանգուածների», այսինքն հասարակ մահկանացուներն են հիմնական բեռը կրում, իսկ պետական մարմիններն էլ ստիպուած աւելի հնարամիտ միջոցների են դիմում հարկերից խուսափողներին պատասխանատուութեան կանչելու առումով: Սակայն մեծահարուստնե՛րն են, որոնք «վիրահատական միջամտութեան» ցաւոտ վերաբերմունքին կարող են արժանանալ:
Երբ աշխարհն այսօր զբաղուած է Իրանի եւ Սիրիայի հետ կապուած յայտնի անցուդարձերով, Շուէյցարիայում այս շաբաթ կատարուեց մի իրադարձութիւն, որ անմիջապէս վերաբերւում էր այն անձանց, ովքեր փորձել են իրենց կանխիկ միջոցները աշխարհի ամենաապահով դրամատների համբաւն ունեցող երկրում թաքցնել:

Երկուշաբթի օրը, շուէյցարական խորհրդարանն ընդունեց մի օրինագիծ, որի համաձայն՝ լիովին վերանայման է ենթարկւում այս երկրի՝ Միացեալ Նահանգների հետ ունեցած համաձայնագիրը, ամերիկացիների շուէյցարական աւանդների վերաբերեալ: Այսուհետ շատ աւելի հեշտ կը լինի ամերիկեան հարկային տեսչութեան համար այսպէս կոչուած «թաքնուած» հաշիւների տէրերի ինքնութիւնը բացայայտել, եւ հետեւաբար նաեւ որոշել, թէ տուեալ անձիք համապատասխան հարկեր վճարե՞լ են, թէ ոչ: Չնայած այն հանգամանքին, որ շուէցարաամերիկեան նախկին համաձայնագիրը իրաւունք էր վերապահում բացայայտել աւանդատուների ինքնութիւնը, շուէյցարական կողմը բաւականին յաճախ իւրովի էր մեկնաբանում ամերիկեան պաշտօնատարների կողմից ցանկացած հարցում/պահանջ, եւ հիմնականում խուսափում էր տասնեակ հազարաւոր աւանդատուների ինքնութիւնը հաստատող փաստաթղթերի հրապարակումից՝ վկայակոչելով գաղտնիութեան խախտման հնարաւորութիւնն ու դրա հետ կապուած իրաւական հետեւանքները: Սրան հարկ է աւելացնել նաեւ, որ հարկային զեղծարարութեան շուէյցարական մեկնաբանութիւնը շատ աւելի «նեղ» էր, քան ամերիկեան տարբերակը:
Նոր օրինագծի համաձայն, տեղական դրամատներին իրաւունք է տրւում ամերիկեան պատասխանատու մարմիններին ներկայացնել փաստեր, որոնք «կասկածելի միտումներ» են դրսեւորում՝ հարկերից խուսափելու ամերիկեան սահմանումներից ելնելով: Այսինքն, եթէ նախկինում շուէյցարական կողմը կարող էր պահանջել աւանդատուի անունն ու հասցէն՝ տուեալներ հաղորդելու համար, այժմ այդ բարդութիւնը վերանում է ընդսմին: Շատերը նախկինում իրենց աւանդները ներդնում էին ինչ որ ընկերութեան անուան տակ, իրականում խուսափելով անձնական հարկային պատասխանատուութիւնից: Այժմ տեղեկութիւններ կարող են տրամադրել նոյնիսկ այնպիսի աննշան դրամատներ, որոնք Միացեալ Նահանգների տարածքում որեւէ գործունէութիւն երբեւիցէ չեն ծաւալել: Առայժմ ստոյգ տուեալներ չկան այն մասին, թէ քանի ամերիկացիներ են իրենց միջոցները պահում շուէյցարական դրամատներում, սակայն որոշ տնտեսագէտներ կարծում են, թէ դրանց թիւը հասնում է մի քանի տասնեակ հազարի: Այժմ ընթացքի մէջ է ամերիկեան հարկային տեսչութեան հրապարակած «ներման ծրագրի» 3րդ հատուածը, երբ հնարաւորութիւն է տրւում հարկերից ապօրինաբար խուսափած քաղաքացիներին կամաւոր ձեւով ներկայանալ համապատասխան մարմիններին, եւ տուգանքները եւ պարտք եղած փողերը վճարելով՝ խուսափել քրէական պատասխանատուութիւնից: 2009ից 2011 թուականներն ընկած ժամանակաշրջանում մօտաւորապէս 30 հազար հարկատուներ են կամաւոր կերպով ներկայացրել իրենց «թաքցրած» աւանդների մասին տեղեկութիւնները, բայց յայտնի չէ, թէ նրանցից քանիսը հաշիւ ունեն շուէյցարական դրամատներում: Որոշ դէպքերում հարկերի եւ տուգանքների գումարը գերազանցում է աւանդի կէսից աւելին կազմող գումարից, բայց ինքնակամ ներկայացողներին դատական հետապնդում չի սպառնում: Ընդամէնը մէկ շուէյցարական դրամատան հրապարակած տուեալների համաձայն, մեծահարուստ ամերիկացիները նախկինում աւելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ընդհանուր աւանդներ են ներդրել այնտեղ. պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ գումար կարող է կազմել իրական աւանդներն արտայայտող ներդրումների թիւը:
Հետաքրքրասէրներին տեղեկացնենք, թէ շուէյցարական դրամատները տնօրինում են աւելի քան 2 տրիլիոն դոլարի արտերկրեայ աւանդներ: Տեղացիներն արդարացիօրէն անհանգստութիւն են յայտնում, թէ նոր օրինագծի պատճառով աւանդատու անձիք կը լքեն շուէյցարական դրամատները, արդիւնքում՝ մեծ հարուած հասցնելով երկրի տնտեսութեանը: Հարկ է նշել, թէ շուէյցարական «Իւ.Բի.Էս.» խոշոր դրամատունը վերջին տարիներին ամերիկեան կառավարութեան պահանջով մօտ 4000 ամերիկացի աւանդատուի անուններ է ներկայացրել՝ զուգահեռաբար վճարելով 780 միլիոն դոլարի տուգանք: Ընթացքի մէջ են նաեւ շուէյցարական եւ ամերիկեան կառավարութիւնների միջեւ բանակցութիւնները, որի եզրայանգման արդիւնքում հազարաւոր ամերիկացի աւանդատու անձանց անուններ կը փոխանցուի համապատասխան մարմիններին:
Իսկ այժմ մէկ այլ նիւթի մասին…
2014ից 2016 թուականներն ընկած ժամանակաշրջանը, ինչպէս երեւում է, որոշիչ կը դառնայ ինչպէս եւրոպական, այնպէս էլ համաշխարհային տնտեսութեան զարգացման (կա՛մ էլ յետընթացի) տեսանկիւնից: Չէ՞ որ հէնց այս ժամանակաշրջանում հիմնականում պարզ կը դառնայ, թէ արդեօք եւրոպական առաջադէմ շատ երկրներ կը կարողանա՞ն արդեօք մարել իրենց տրամադրուած «ռիսկային» համարուող պարտքերը: Ստորեւ ձեզ եմ ներկայացնում եւրոպական առանձին երկրների ռիսկային պարտքերի մասին տուեալներ.
Միացեալ Թագաւորութիւն՝ 172 միլիարդ դոլար, Ֆրանսիա՝ 86 միլիարդ դոլար, Գերմանիա՝ 83 միլիարդ դոլար, Հոլանտա՝ 36 միլիարդ դոլար, Իտալիա՝ 31 միլիարդ դոլար, Դանիա՝ 30 միլիարդ դոլար, Իսպանիա՝ 25 միլիարդ դոլար, Շուէդիա՝ 24 միլիարդ դոլար:
Վատագոյն տարբերակն այն է, որ վերոյիշեալ վարկերը «դեֆոլթի» ենթարկուեն: Այս դէպքում եւրոպական ընկերութիւները դժուարութիւնների առաջ կը կանգնեն վարկային փոխառութիւնները իրենց մայրցամաքի դրամատներից վերցնելու տեսանկիւնից, հետեւաբար կարող են «թակել» ամերիկեան կամ ասիական դրամատների դռները իրեն անհրաժեշտ կանխիկ դրամը փոխ առնելու ակնկալիքով: Առայժմ Չինաստանի «ձայնը» չի լսւում, բայց դժուար չէ երեւակայել, որ խորամանկ չինացիները դարան են մտել ու սպասում են, թէ երբ կ՛իրականանայ «որքան վատ, այնքան լաւ» հին ասացուածքը, եւ այն ժամանակ նրանք կը կարողանան առաւելագոյնս նպաստաւոր պայմաններով թելադրել իրենց կամքը: Փաստօրէն, Չինաստանի առաջ ոսկեայ հնարաւորութիւն կարող է բացուել, առանց պատերազմի ստանձնել համաշխարհային գերակայութիւնը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց դրա համար դեռ շատ ժամանակ կայ, եւ ամերիկեան դրամատէրերը, յոյսով եմ, քննարկում են նաեւ այդ տարբերակը կանխելու քայլերը: Այլապէս, բաւականին տխուր հետեւանքներ կարող են սպառնալ ինչպէս աղքատներին, այնպէս էլ մեծահարուստներին:
Եկէք իրադարձութիւններից առաջ չընկնենք, քանի որ ամէն օր կարող է նոր զարգացում բերել երկիր մոլորակի բնակիչների համար: Մի բան ակնյայտ է՝ ներկայ վիճակում եւրոպական կամ ամերիկեան տնտեսութիւններում առկայ իւրաքանչիւր ցնցում ձեռնտու է նոր զարգացող տնտեսութիւնների համար, ովքեր կանխիկ դրամի խոշոր պահուստներ ունեն եւ կարողանում են զսպուած պահել իրենց ժողովրդի պահանջները: