ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Վերջերս կատարուած մի դէպք յուշեց ինձ անդրադառնալ այսօրուայ նիւթին: Հանդիպման էի, որի արդիւնքում մի ծնողի տեղեկացրի, թէ իր դուստրը, հնարաւոր էր, որ գտնւում էր թմրանիւթի ազդեցութեան տակ, եւ խորհուրդ տուեցի դիմել մասնագիտական օգնութեան: Յաջորդ օրն եւեթ ծնողները ինձ ներկայացրին մի փաստաթուղթ, որտել նշուած էր, թէ անչափահասի մարմնում մարիհուանայի, քօքէինի, հերոյինի, եւ մի շարք այլ թմրանիւթերի հետք չկար:
Ուրեմն ինչո՞ւ էր երեխան իրեն սովորականից աւելի անբռնազբօս, ամբարտաւան, ու անճոռնի պահում պարապմունքի ժամանակ:
Ուսուցչական փորձառութիւնս ինձ յուշում էր, թէ բացառւում է, որ երեխան պարզապէս չարաճճի կատակ էր անում: Նրա վարքը ճիշդ ու ճիշդ համընկնում էր մարիհուանայ կա՛մ այլ թմրանիւթ օգտագործած անձի վարքին: Անորոշ եւ ամօթալի լռութիւնը խախտելով, խնդրեցի ինձ երկու օր ժամանակ տալ, եւ խոստացայ ծնողներին աւելի մանրամասն բացատրութիւն ներկայացնել: Մանրազննին հետաքննութեան արդիւնքում պարզեցի, թէ աղջնակին «առաջարկել էին» նոր միջոց, որ մարմնի քննութեան դէպքում ընդհանուր քննութիւնները ցոյց չեն տալիս, բացառութեամբ յատուկ «թեստ»երի: Նա էլ փորձել էր:
Այսօր ծնողներին եմ հրաւիրում կարդալ այս ակնարկը, որպէսզի ծանօթանան այս «նոր» միջոցին, որ դեռ համապատասխան ուշադրութեան չի արժանացել ինչպէս հանրութեան, այնպէս էլ օրէնքի կողմից: Խոտաբոյսերի այս «ծաղքաքաղի» անունն է spice. spice-ը ծխում են, եւ կամ աւելացնում լուծոյթի մէջ, արդիւնքում գրեթէ նոյն ազդեցութիւնն է ստացւում, ինչը որ առկայ է արգելուած թմրանիւթեր օգտագործելիս: Ինչպէս ասացի, բժշկական քննութիւնն այն ի յայտ չի բերում, իսկ բարձր դասարանցիների աւելի քան 11 տոկոսը այս միջոցը «վայելել է» արդէն, ըստ հարցախոյզի: Այն աւելի մեծ տարածում է գտնում, քանի որ յիմար իրավիճակի մէջ կարող է դնել անտեղեակ ծնողին, ով մեղադրում է իր զաւակին թմրանիւթ գործածելու մէջ, բայց արդիւնքում պարզւում է, որ զաւակը «մաքուր է»:
Spice-ը հանդէս է գալիս մի քանի անուններով՝ K2, fake marijuana, Yucatan Fire, Skunk, Moon Rock, եւ այլն: Դրա բաղադրութեան մէջ են մտնում ինչ որ խոտաբոյսեր, որոնց աւելացնում են սինթետիկ քիմիկատներ, իսկ վերջիններիս առկայութիւնը հնարաւորութիւն է տալիս մարիհուանայի կամ այլ թմրամիջոցի առաջացրած էյֆորիկ (երանութեան-Խմբ.) ազդեցութիւնը ստանալ: Յատկանշական է այն, որ spice-ը գործածածների մօտ յաճախ է նկատւում սրտխառնոց, փսխում, նեարդայնութիւն (ջղագրգռութիւն-Խմբ.), շփոթուածութիւն, հալիւցինացիաներ (զառանցանք-Խմբ.), արագանում է սրտի աշխատանքը: «Միջոցը» երեւան է եկել 2004ից 2006 թուականներն ընկած ժամանակաշրջանում: Առկայ է այս երեւոյթը որպէս բնական ներկայացնելու միտումը, որն ինքնին չափազանց վտանգաւոր է: Սրա մարքետինգով (տարածմամբ, գովազդով) զբաղուողները յաճախ են պնդում, թէ սա թմրանիւթ չէ, բայց առաջացրած էֆֆեկտը (ազդեցութիւնը-Խմբ.) գրեթէ նոյնն է, կամ էլ՝ այստել կայ մեծ քանակութեամբ վիտամին «Է»: Նպատակը մէկն է՝ հնարաւորին չափ շատ փող աշհատել, ու գերել միամիտներին:
Մասնագէտների վկայութեամբ, spice-ը յայտնաբերելու սովորական մէզի ուսումնասիրման տարբերակը դեռ չի մշակուած, այն ի յայտ է բերւում արեան յատուկ լաբորատոր քննման արդիւնքում, եւ ոչ բոլոր լաբորատորիաներն ունեն այդ հնարաւորութիւնը: Ասում են, թէ այս միջոցն առաջացել է ինչ որ մի «ձեռներէցի» մտաւոր աշխատանքի արդիւնքում, ով փորձել է այս թմրամիջոցին գոնէ ժամանակաւոր ձեւով օրինական կարգավիճակ ապահովել: Spice-ը բաւականին տարածուած է եւրոպական երկրներում, յատկապէս մայրցամաքի արեւելեան հատուածում:
Թմրանիւթերը աւելի լայն տարածում են գտել մեր օրերում, եւ հնարամիտ «գործարարները» նոր միջոցներ են գտնում դրամ աշխատելու՝ ուրիշների կեանքի հաշուին: Մինչեւ ե՞րբ կարելի է հանդուրժել, որ մարդիկ, ովքեր փողից այն կողմ ուրիշ սրբութիւն չեն ճանաչում, թունաւորեն անչափահասներին, վեցերորդ դասարանցիներին ձրիաբար բաժանելով ամենատարբեր «կայֆի» միջոցներ, նրանց գերի դարձնելով հէնց այդ հասակից, որպէսզի յետոյ դառնան հլու կամակատար յաճախորդներ: Ո՛չ ոք թող չկարծի, թէ այս չարիքը իր տնից հեռու կարող է դարանել. Այն կործանել ու շարունակում է կործանել ընտանիքներ, ոչնչացնելով աւանդական ընտանեկան ամուր հիմքերը, իսկ մենք հայերս կարծում ենք, թէ մենք հակամիջոց ունենք այն ամէնի հանդէպ, որը կարող է կուլ տալ սեւամորթին, լատինախօսին, սպիտակամորթին, իսկ մեզ՝ ո՛չ: Բնաւ: Ուշադիր հետեւէք ձեր յատկապէս անչափահաս երեխաներին, ովքե՞ր են նրանց ընկերները, ինչո՞ւ է կտրուկ փոփոխութիւն նկատւում նրանց վարքի մէջ, ինչո՞ւ տուն չեն գալիս, եւ ցուցաբերէք անհանդուրժողականութիւն այն ամէնի հանդէպ, որ քանդում է հայկականը՝ ընտանիքը: Հարցրէք ամէն մի նախկին թմրամոլի, ով այսօր Աստծոյ օգնութեամբ հրաշքով ետ է վերադարձել այդ կործանարար ճանապարհից, ինչո՞ւ սայթաքեց: Ինչ որ բան այնպէս չէր կեանքում, կը պատասխանի նա, ծնողների անհամաձայնութիւն, մի ծնողի ալկոհոլամոլութիւն կամ թմրամոլութիւն, փաղաքշանքի պակաս, կամ պարզապէս անհոգ կեանքը մի փոքր աւելի «զուարճալի» դարձնելու փորձ, ահա այն մի քանի պատասխանը, որ պատճառաբանութիւն որպէս կը ներկայացուի: Ամուր բռնէք երեխաներին, քանի որ սայթաքածները շատ են, իսկ նրանցից ոմանք (այդ թւում՝ հայեր) ամէն ինչ կ՛անեն, որ անփորձին իրենց ճանկերը գցեն ու թունաւորեն. Դրանով իրենք ամրացնում են իրենց պաշտպանական վահանը, մտածելով՝ «որքան շատ մարդ ազդեցութեան տակ լինի, այդքան շատ սա նորմալ երեւոյթ կ՛ընդունուի հասարակութեան կողմից»: Եւ սրա համար, ինչպէս գիտէք, հիմքեր կան:
Spice-ը ոմանք մեկնաբանում են որպէս մարիհուանայի օրինական տարբերակ, որը թիւրիմացութիւն է: Մի՛ թոյլ տուէք, որ աւանդական արժէքները հարցականի տակ դրուեն ժամանակի այս չարիքի ոտնձգութիւնների պատճառով:
Տնտեսական ճգնաժամը ոմանց դրդում է դիմել քայլերի, որ այլապէս գրեթէ բացառւում էին: Գողութիւն, թմրամավաճառութիւն, խարդախութիւն: Կան բաներ, որ ոչ մի պարագայում արդարացնել չի կարելի: Կարեւոր է մանկահասակ անձանց մէջ սա սերմանել:
Աչալուրջ լինենք: