ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ուժանիւթը հարստութիւն է, քաղաքական լծակ է՝ զանազան հարցերում շահաւէտ վերջնարդիւնքի հասնելու վստահելի գրաւական: Ակնյայտօրէն դա է պատճառը, որ ուժանիւթի հետ կապուած խնդիրները ուշադրութեան կենտրոնում են՝ ինչպէս գործարար, այնպէս էլ քաղաքական եւ կառավարական շրջանակների համար՝ ամբողջ աշխարհում: Այս տեսանկիւնից ահա արդէն տարիներ է, ինչ քննարկման հարց է դարձել Մեծամորի ատոմակայանի գործարկման եւ դրա հետ կապուած անվտանգութեան խնդիրները:
Հայաստանին վերջնականապէս ծնկի բերել ցանկացող «մտահոգ» շրջանակները ամենաբարձր ատեաններից յայտարարում են, թէ հայկական ատոմակայանը փորձանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ շրջապատի անվտանգութեան համար: Որպէս ապացոյց է բերւում անցեալ տարուայ Մարտին ճապոնական Ֆուկուշիմա Դայիչի ատոմակայանի հետ կապուած աղէտը, որ հետեւանքն էր երկրաշարժի արդիւնքում առաջացած ցունամիի աւերածութիւնների: Միւս կողմից վկայութիւններ են բերւում ինչպէս հայկական ատոմակայանի բարձրաստիճան պաշտօնեաների, այնպէս էլ մի շարք միջազգային մասշտաբի գիտնականների վկայութիւններն այն մասին, թէ Մեծամորի աշխատանքները բաւարար են եւ աղէտի չեն յանգեցնի: Այս մասին տարիներ է, որ գրւում է մամլոյ էջերում, իսկ վերջերս «Նեշընըլ æիոգրաֆիք» հանրայայտ պարբերականի էջերից մի քանիսը ամբողջութեամբ նուիրուած էին Մեծամորի հետ կապուած խնդիրներին: Յօդուածագրի հաւաստիացմամբ, Հայաստանի իշխանութիւնները նպատակադրուած են շարունակել գործարկել 32ամեայ Մեծամորը՝ չնայած այն հանգամանքին, որ այն տեղակայուած է Արաբական Ծովից մինչեւ Թուրքիա հասնող լայնածաւալ երկրաշարժային (սեյսմիկ) գօտու վրայ: Արդիւնքում ակնյայտ է միջազգային շրջանակաների ճնշումը, Մեծամորը շուտափոյթ փակելու կապակցութեամբ:
Մեծամօրը աշխարհում առկայ (գործող) սակաւաթիւ այն ատոմակայանների թուին է պատկանում, որոնք առէտների կանխարգելման ժամանակակից համակարգերին չեն համապատասխանեցուած: Ըստ յօդուածագրի, ատոմակայանի աշխատանքները պիտի շարունակուեն նախատեսուած 2016ի վերջնաժամկէտից եւս 4 տարի յետոյ: Նոր ռէակտորի աշխատանքները նախատեսուած է աւարտել 2019- 2020 թուականներին: Ինչպէս գիտէք, Ճապոնիան անցեալ շաբաթ ձերբազատուեց իր տարածքում գտնուող 54 ատոմակայաններից վերջինից, չնայած այն հանգամանքին, որ միջուկային ճանապարհով ստացուող ուժանիւթը կազմում էր երկրի ուժանիւթի պահանջների 1/3-ը: Գերմանիան եւ Շուեյցարիան յստակ ժամանակացոյց են ստեղծել իրենց տարածքում առկայ ատոմակայանների փակման առումով, իսկ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Հոլլանդը խոստացել է խիստ նուազեցնել երկրի կախուածութիւնը միջուկային ուժանիւթից, անմիջապէս փակելով երկրի տարածքում գտնուող Ֆոսենհայմ հինաւուրց ատոմակայանը, որն ընկած է սէյսմիկ գօտում՝ Ռայն գետի հարեւանութեամբ: Ներկայումս Ֆրանսիան իր ուժանիւթի 80 տոկոսը ստանում է միջուկային կայաններից: Յօդուածագիրը փաստում է, թէ 2010 թուականի տուեալներով, աշխարհում ուժանիւթի արտադրութեան 13 տոկոսը արտադրւում է ի հաշիւ ատոմակայանների, եւ այլընտրանքային ճանապարհներ ստեղծելը չափազանց աշխատատար եւ թանկ գործընթաց է: Միացեալ Նահանգներում այժմ 71 ատոմակայաններ մօտենում են իրենց գործարկման վերջնաժամկէտներին եւ 20 տարով երկարացնելու դիմումնագրերի քննարկումը օրակարգի վրայ է: Ըստ «Նեշընըլ æիոգրաֆիք»ի, այս օրերին Հայստանում առկայ է նոր ռէակտոր կառուցելու քաղաքական կամքը, բայց դրա հետ առկայ են նաեւ ֆինանսաւորման հետ կապուած մի շարք բարդութիւններ: Բանն այն է, թէ ատոմակայանը կառուցելուց յետոյ ուժանիւթի արժէքները բաւական մատչելի են դառնում: Նշւում է, թէ Հայաստանը իր ուժանիւթի 40 տոկոսը ստանում է Մեծամորից, որը երկրաշարժամէտ գօտում է, եւ շատ մօտ է խիտ բնակեցուած վայրերին եւ գիւղատնտեսական վարելահողերին: Արտադրութեան այլընտրանքային ուղիները խիստ սահմանափակուած են նաեւ Հայաստանի եւ հարեւաններ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ առկայ լարուած յարաբերութիւնների պատճառով:

Անվտանգութեան գծով մասնագէտներից ոմանք պնդում են, որ եթէ ընթացիկ վերանորոգման աշխատանքները պատշաճ ձեւով իրականացուեն, ապա պարտադիր չէ, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցուի իր սահմանուած վերջնաժամկէտին: Մեծամորն ու իր հետ կառուցուած Խորհրդային ատոմակայանների կեանքը կառուցման պահին նախատեսուած էր 30 տարով, որն արդէն լրացել է: Հայաստանը ներկայումս Եւրոմիութիւնից օժանդակութիւն է ստանում այսպէս կոչուած «սթրեսս թեստեր» անցկացնելու համար, եւ սրանց արդիւնքները կը հրապարակուեն այս տարուայ վերջին կամ գալիք տարուայ սկզբին: Նոր ռէակտորը կառուցելու համար մօտաւորապէս 5 միլիարդ դոլարի ներդրում է հարկաւոր, որի կէսը տրամադրուելու է Ռուսաստանի կողմից, ըստ ակնարկի: Ամերիկեան Nuclear Energy Institute կազմակերպութեան պատասխանատու Քրիս Ըրլզը նշում է, թէ չափազանց կարեւոր է հաշուի առնել այն հանգամանքը, թէ ինչպիսի մտայնութեամբ են իրականացւում ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Եթէ տրամադրուածութիւնն այն է, թէ մի քանի տարուց ատոմակայանը պիտի փակուի, անխափան աշխատանքն ապահովելու մի շարք գործընթացներ կարող են ուշադրութիւնից դուրս մնալ:
Այժմ մտովի տեղափոխուենք Ճապոնիա, որովհետեւ այս երկիրը իւրատեսակ անվտանգութեան փորձադաշտ է դարձել, երբ խօսքը գնում է աղէտների մասին: Նոյնիսկ 2007 թուականի երկրաշարժից յետոյ այս երկրում որոշում ընդունուեց աւելացնել միջուկային ուժանիւթի արտադրութիւնը, այն ժամանակուայ 30 տոկոսից սահմանագիծը հասցնելով 40 տոկոսի՝ մինչեւ 2017 թուականն ընկած ժամանակահատուածը: Իսկ մինչեւ 2030 թուականն ընկած ժամանակահատուածը ճապոնացիները ակնկալում էին 50 տոկոսի հասցնել միջուկային ուժանիւթի արտադրութիւնը, պնդելով, թէ դա իրականացուելու է շրջակայ միջավայրի պաշտպանութեան նկատառումներով: Իրօք, միջուկային ուժանիւթը «ամենականաչն է», քանի որ միւս ճանապարհները աղտոտում են շրջակայ միջավայրը անտանելի չափով, արդիւնքում նպաստելով երկրի ջերմաստիճանի համընդհանուր բարձրացմանը: Վերջին երկրաշարժի եւ միջուկային աղէտի հետեւանքով միչեւ այժմ աւելի քան 70 հազար մարդ տեղահանուած է Ֆուկուշիմայի մերձակայ բնակավայրերից, եւ տարիներ, գուցէ եւ տասնամեակներ կը պահանջուի աղէտի գօտին վերաբնակելի դարձնելու համար: Աւելի քան 1 տրիլիոն իեն (13 միլիարդ դոլար) կը ներդրուի միջավայրի վերականգնողական աշխատանքները իրականացնելու համար: Այս ամառ Ճապոնիային մեծ փորձութիւն է սպասւում, քանի որ ամարային գերզբաղուած շրջանում առանց ատոմակայանների արտադրած ուժանիւթի երկրի ուժանիւթի պակասորդը կարող է գերազանցել արտադրուած ուժանիւթի 15 տոկոսի սահմանագիծը: Անցեալ ամառ ճապոնացիները պատուով դուրս եկան փորձութիւնից, ուժանիւթի խնայողութիւնը աննախադէպ չափերի հասցնելով: Երբ դրսի ջերմաստիճանը յաճախ գերազանցում էր 85 աստիճանի սահմանագիծը, նոյնիսկ այդ ժամանակ օֆիսներում ցերեկային ժամերին անջատւում էին սառեցուցիչ օդափոխման համակարգերը: Աշխատանքային ժամերը սկսւում էին վաղ առաւօտից, դարձեալ խնայողութեան նկատառումներով: Երեկոյեան անջատւում էին նէոնային լուսաւորումները, մայրաքաղաք Տոկիոն եւ միւս քաղաքները վերածելով կիսամութ բնակավայրերի: Ահա արդէն մէկ տարի է ինչ բազմաթիւ արդիւնաբերական ձեռնարկութիւններ դուրս են բերում իրենց գործարանները, հիմնականում տեղափոխելով դրանք Չինաստան, եւ մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսութեանը: Զգալի չափով աւելացել է վառելանիւթի ներմուծումը երկիր, հիմնականում հարեւան երկրներից: Սակայն ոչ մի քայլ չի կարող փոխարինել միջուկային էներգիայի տուած առաւելութիւնները, եթէ զգալի չափով չնուազեցուի ուժանիւթի օգտագործումը, այսպէս են կարծում մասնագէտները: Իսկ ճապոնացիները չտեսնուած ազգային միասնութիւն ու կազմակերպուածութիւն են ցուցաբերում այս տեսանկիւնից: Ամբողջ աշխարհը հիացմունքով էր հետեւում, թէ ինչպէս էին ճապոնացիները կազմակերպում փրկարարական եւ վնասազեծման աշխատանքները:
Հայաստանի ատոմակայանի վերագործարկումից յետոյ Մեծամորում անվտանգութեան բնագաւառի մօտաւորապէս 1400 գործառոյթներ են իրականացուել: Այս բնագաւառի որոշ մասնագէտներ կարծում են, թէ Մեծամօրը ի վիճակի է դիմակայել բնական աղէտները: Որոշ մարդիք բացայայտօրէն պնդում են, թէ 90ականների մութն ու սառնամանիքները այն աստիճան են մտահոգել հայերին, որ նրանք պատրաստ են ռիսկի դիմել, շարունակելով օգտուել միջուկային ուժանիւթի տուած բարիքներից:
Ահա նորից, արդէն որերորդ անգամ, կանգնած ենք որոշիչ ճամբաբաժանի առաջ, որտեղ մի կողմից մեզ սպառնում է ծայրաստիճան թշուառութիւն եւ յաւերժ կախուածութիւն «բարերարների» կամքից, եթէ ատոմակայանի աշխատանքները դադարեցուեն առանց այլընտրանքային միջոցներ հիմնելու տեսլականի, միւս կողմից սպառնալիք կայ ի սպառ կորցնել այն մի ափ բնակավայրը, որտեղ տեղակայուած է հայրենիքը: Գուցէ հայի ստեղծարար ուղեղը այս ճակատագրական պահին կը դրսեւորի անհրաժեշտ ճկունութիւնը, ուժանիւթի մի նոր միջոց ստելծելու, որ հնարաւորութիւն կը տայ իսպառ կանգնեցնել միջուկային ռէակտորների աշխատանքները: Քանի որ զգացական դաշտ տեղափոխուեցինք, թոյլ տուէք ե՛ս էլ բոլորի սպասելիքներին միանամ իմ լուռ աղօթքներով, թէ երկրի ղեկավարութիւնը կարող է քաղաքական կամք դրսեւորել այս հարցը օրակարգի առաջին աստիճանին դնելու առումով, եւ խրախուսել սփիւռքահայ մասնագէտների անմիջական մասնակցութիւնը այս գործընթացին, որը վերջապէս մի երրորդ ուղի կը ստեղծի երկրի ուժանիւթի արտադրութիւնը գերժամանակակից տեխնոլոգիաներով համալրելու: Դրանցից մէկը կարող է լինել հիդրոէլեկտրակայանների թուի կտրուկ աւելացումը, որի համար Հայաստանն ունի բաւարար աղբիւրներ: Ահա արդէն որերորդ անգամն է, ինչ ստիպուած եմ յիշել իմ մի գործընկերոջ խօսքերը, ով պնդում էր, թէ ժամանակ կը գայ (եւ մենք կը տեսնենք այդ օրը), որ երկրագնդում ջրի արժէքը կը գերազանցի վառելանիւթի արժէքին, իսկ Հայաստանը հարուստ է լեռնային աղբիւրներով եւ իր հարեւանների հետ համեմատած աւելի խոշոր ջրային պաշարներ ունի: Խորհրդաւոր այս խօսքերը լսել եմ աւելի քան մէկ տասնամեակ առաջ: Եթէ սա իրականութեանը մօտ է, ապա հայ մասնագէտներին մի նոր գերխնդիր է սպասւում: Ուզում եմ հաւատալ, որ ղեկավարութիւնն այս մասին մտածում է եւ քայլեր են նախաձեռնւում այս կապակցութեամբ ե՛ւս: