ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Տխրում եմ, երբ հրաշքով ցեղասպանութիւնից փրկուածի 3րդ սերունդը արդէն կարեւորութիւն չի տալիս հայերէնի իմացութեան անհրաժեշտութեան փաստին: «Ինչի՞ն է պէտք» յայտարարում է նրա հայրը, «աւելի լաւ է թող չինարէն սովորի»՝ իր առարկայապաշտ դիրքը աւելի խորացնելով:
Եւ իրօք, «մի փոր հաց» վաստակելու տեսանկիւնից հայերէնը այնքան էլ «յարմար» լեզու չէ: Նոյնիսկ հայկական դպրոց յաճախող աշակերտների մեծ մասը հաղորդակցման միջոց է որդեգրում անգլերէնը: Հանրակրթական դպրոց յաճախողների վիճակը աւելի անմխիթար է: Մամուլում տարերային ակնարկներից բացի ուրիշ որեւէ միջոցով չի կարեւորւում հայերէնի իմացութիւնը: Միայն բարձրագոյն յատուկ մասնագիտացուած դասերն են հետազօտում այն նիւթը, թէ լեզուն ու լեզուամտածողութիւնը շատ աւելին են, քան խօսակցութեան բռնուելու միջոցն ու հասկացուելու կամուրջը: Դրանք հոգեբանօրէն որոշում են նաեւ մարդկային իւրայատուկ տեսակի գոյատեւումն ու ցաւօք, նաեւ նրա բնաջնջման վտանգը: Դրանք բնորոշում են մարդուն: Երբ հայկական տխրահռչակ սերիալներն ու «աստղային» համերգները խաթարուած հայերէն են գովազդում, իսկ իրենց աստղ համարող երգիչ երգչուհիները հայկական եթերից չգիտես ինչու միայն անգլերէն երգերն են ընտրում որպէս իրենց տաղանդի մատուցման բանալի, ապա մնում է հարց տալ, ինչո՞ւ: Իսկ մեղադրելուց բացի, ի՞նչ է արւում, որպէսզի օրհասական այս վիճակը փոխուի: Եւ ո՞ւմ պարտականութիւնն է դա: Ո՞վ ունի իր մէջ այն հնարաւորութիւնը, որ կարող է ենթագիտակցական հողի վրայ զգոյշ եւ հաշուենկատ ձեւով փոխանցել այս միտքը, թէ պէտք է պահել լեզուն, եւ խօսքը բնաւ փողոցային լեզուի մասին չէ:
Տարիներ առաջ, երբ Հոլիվուդի հանրակրթական դպրոցներից մէկում քրտնաջան աշխատանքներից յետոյ հասանք մեր նպատակին՝ հայերէնը մտցնելով կրթական առարկաների դասաւանդման ցանկի մէջ, ընդամէնը 10 ծնող իրենց զաւակներին գրանցեցին դասարանում, եւ այն փակուեց, նոյնիսկ չբացուած: Ընդհակառակը, նրանց, ում դրել էինք այս դասարաններում, ծնողները ստիպողաբար դուրս հանեցին, ակնարկելով, թէ «դրա փոխարէն թող անգլերէն սովորեն»: Մինչդեռ ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, թէ մայրենի լեզուի իմացութիւնը ոչ թէ խանգարում է, այլ օգնում է նոր լեզուների իմացութեան գործընթացին, եթէ ճիշդ ծրագրով է այն իրականացւում:
Տխրում եմ, երբ ցեղասապանութիւնից փրկուածի 3րդ կամ 4րդ սերունդը մի քանի հարիւր կամ հազար (կամ միլիոն) դոլարի համար խաբում է իր մերձաւորին, վերջինս էլ յաճախ պատրաստ է ահեղ դատաւորի դերը ստանձնել: Արդեօք իր պապի հայրը կամ պապը ի՞նչ կը մտածէր, եթէ տեսնէր, թէ ինչպիսի սարդոստայններ է կառուցում իր գերդաստանի յետնորդը, իր փոքրաթիւ տեսակից մէկ ուրիշին որոգայթի մէջ քաշելու ակնկալիքով: «Ապրել է պէտք,» արդարանում է որոգայթ պատրաստողը իր հերթին: Բայց ա՞յդ գնով: Հարաւային Լոս Անջելեսի նախկին յանցագործներից մէկը բառի բուն իմաստով մղկտում էր, երբ աւելի քան 20 տարի առաջ կատարած իր մի արարքի համար ստիպուած էր մօրը հողին յանձնել: Մօր բնակարանը պայթեցրել էին իր վաղեմի թշնամիները: «Երանի ե՛ս պատասխան տայի արարքներիս համար» Բայց ոչ միշտ է այդպէս լինում:
Տխրում եմ, երբ հայ մեծահարուստը իր աշխատաւորներին անխնայ շահագործում է, եւ ցինիկաբար ասում, թէ «մէկ է, ուրիշ ճար չունեն, պիտի եոլայ գնան,» ու բազմապատկւում են նրա բանկային հաշիւները, ի հաշիւ խղճի: Ի՞նչ կը մտածէր նրա պապի պապը, ով հազիւ փախաւ թուրքի եաթաղանից:
Տխրում եմ, երբ յաճախ ասում են «հայի հետ գործ բռնել չարժի:» Սա դարձել է կլիշէ (սովորական խօսք-Խմբ.) շատերի համար, եւ նոյնիսկ նրանք, ովքեր որեւէ գործ չեն բռնել իրենց հայրենակցի հետ, դրօշակ բռնած յայտարարութիւններ են անում:
Տխրում եմ, երբ հայրենիքում բարձր դիրքի տէր մարդիկ խաբում են սփիւռքահային, սպանում նրա երազանքը, հայրենիքում հաստատուելու եւ ծաղկող մի գործ դնելու հեռանկարով: Իսկ վերջինս չգիտի ինչ անի, կամ պիտի օտար ատեանների դիմի, որից ամաչում է, կամ պիտի հաշտուի իր ունեցուածքի կորստեան հետ, որը նոյնպէս լուծում չէ:
Տխրում եմ, երբ թրքերէն երգերը հայերէնի են փոխում, ու խաբում են երիտասարդներին թէ «թազա երգ եմ գրել», իսկ վերջիններիս մէջ այն արդէն որպէս հայկական մեղեդի է տպաւորւում: Դէ արի ու նրանց համոզիր, թէ դրանք հայկական երգեր չեն, կարող ես ծաղր ու ծանակի արժանանալ:
Հպարտանում եմ, երբ Հայաստանի ու հայութեան հետ գրեթէ կապ չունեցող հայրենակիցը յանկարծ որոշում է հայրերնիքում մի դպրոց վերանորոգել, ճանապարհ կառուցել, գիրք հրատարակել, ընչազուրկ մէկին կամ մի քանի ընտանիքին օգնել:
Հպարտանում եմ, երբ օտար ամուսնութիւնից ծնուած երեխան մաքուր հայերէն է խօսում, առանց օտար առոգանութեան:
Հպարտանում եմ, երբ օտարազգին մեզ ճանաչում է գրականութեան, արուեստի, արհեստի, ճարտարապետութեան, բժշկութեան եւ այլ բնագաւառներում ձեռք բերած յաջողութիւններով: Երբ ամերիկացի պատմութեան ուսուցիչը մանրամասնութիւններով ինձ պատմում է մեր պատմութեան այս կամ այն դրուագները, ու իր իմացութեան տարափով ստիպում ի՛նձ՝ հայիս, վերադառնալ դէպի մեր պատմութիւնը ու մէկ անգամ եւս ընթերցել այն, ինչ դպրոցում եմ կարդացել տասնեակ տարիներ առաջ:
Հպարտանում եմ, երբ շատերի պէս ինքս էլ գիտակցում եմ, որ օրինակելի մարդու կերպարին հասնելու ճանապարհին ակամայից նպաստում եմ իմ տեսակի գովաբանութեանը, առանց դրա մասին ուղղակիօրէն յիշատակելու:
Անհանգստանում եմ, երբ մտածում եմ այն մասին, որ այսօրուայ քաղաքատնտեսական իրավիճակը կարող է հերթական անգամ խառնաշփոթ ստեղծել հայրենիքի հորիզոնում, եւ ջղայնանում եմ՝ անզօրութիւնից: Իսկ տնտեսութեան մասին այսօր չեմ խօսի, քանի որ իրավիճակը աւելի է մթնում: