ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Վերջերս հրապարակուած ուսումնասիրութեան մը համաձայն, մարիհուանա ծխող երիտասարդների մի զգալի մասի մօտ մտաւոր կարողութիւնների տկարութիւն է նկատւում: Այն երիտասարդները, ովքեր վաղ տարիքից մարիհուանայ են օգտագործել, աւելի վատ են իրենց դրսեւորել երբ այս վարժանքները հիմնուած են եղել ուշադրութեան, պատճառահետեւանքային կապերի իմացութիւնը ստուգող քննութեանց վրայ:
Հետազօտութիւնների ազգային կենտրոնի ուսումնասիրութեանց արդիւնքում առաջարկում են «յետաձգել մարիհուանայի օգտագործումը որքան հնարաւոր է աւելի ուշ՝ մարդկային կեանքի ընթացքում»:
Նոր Զելանդիայի աւելի քան 1300 բնակիչներ մօտաւորապէս 38 տարի այս հետազօտութեան առարկայ են հանդիսացել՝ 1972 ,1973 թուականներից սկսած: Առաջին անգամ նրանք ուսումնասիրութեան առարկայ են դարձել 13 տարեկանում, երբ դեռեւս անծանօթ են եղել մարիհուանային: Միեւնոյն անձիք հետազօտութեան են ենթարկուել 38 տարեկանում, եւ ահա թէ ինչպիսի արդիւնքներ են գրանցուել. այն անձիք, ովքեր խոստովանել են, թէ պարբերաբար մարիհուանայ են օգտագործել իրենց կեանքի ընթացքում, նկատելիօրէն յետ են մնացել իրենց այն տարեկիցներից, ովքեր բնաւ չեն ծխել մարիհուանա: Ուսումնասիրութեան տուեալների համաձայն, քննութիւնների արդիւնքները մեծ տարբերութիւն չեն գրանցել, երբ համեմատուել են չծխողների եւ յառաջացած տարիքում մարիհուանա ծխողների միջեւ տուեալները:
Նոր Զելանդիան այն երկիրն է, ուր մարիհուանայի գործածութիւնը շատ աւելի տարածուած է, քան Միացեալ Նահանգներում: Այս վերջին տեղեկութիւնը կարելի է ինչ որ տեղ չարաբաստիկ համարել, քանի որ 60ականներին եւ 70ականներին մարիհուանան լայն տարածում գտաւ Միացեալ Նահանգներում, իսկ այս սերունդից անձիք այժմ տարեց պատկառելի մարդիկ են ու շատ դէպքերում ու տարբեր բնագաւառներում առաջնորդ են համարւում՝ իրենց դիրքի կա՛մ կարողութեան բերումով: Վերջին ցուցանիշները պարզապէս սահմռկեցուցիչ են: 2007ից 2011 թուականներն ընկած ժամանակաշրջանում ամերիկեան դեռահասների մօտ նկատուել է մարիհուանայի գործածման զգալի աճ: 2011 թուականին բարձր դասարանցիների մօտաւորապէս 25 տոկոսը խոստովանել է, թէ այդ տարուայ ընթացքում մարիհուանա է օգտագործել: Հարցուած 10րդ դասարանցիների աւելի կան 3.5 տոկոսը օրեկան գոնէ մէկ անգամ մարիհուանա է ծխել, իսկ 12րդ դասարանցիների մօտ այդ թիւը կազմում է աւելի կան 6.5 տոկոս: Հետաքրքրական է այն հանգամանքը, թէ ինչպիսի երանգ է կրում հետազօտութեան պատգամը. «նրանք, ովքեր իրենց կեանքում աւելի ուշ են օգտագործում մարիհուանա, աւելի մեծ հնարաւորութիւն ունեն իրենց մտաւոր կարողութիւնները պահպանելու», ես այսպէս մեկնաբանեցի լրատուութիւնը:
Գաղտնիք չէ, թէ մեր հասարակութիւնը շատ աւելի հանդուրժողական է դարձել մարիհուանա երեւոյթի նկատմամբ, քան նախկինում: Ծխում են պատկառելի մասնագիտութիւնների տէր մարդիկ, գիտնականներ, բժիշկներ, էլ չեմ ասում արուեստագէտների մասին: Իրենց՝ մարիհուանա գործածելու «առանձին» դէպքերի մասին չեն լռում նաեւ օրէնքի ծառաներ, քաղաքագէտներ, ընդհուպ միչեւ նախագահներ:
Շարժապատկերներում մարիհուանա են ծխում աստղերը, ովքեր իրենց արտաքին գեղեցկութեամբ շլացնում են հանդիսատեսներին: Նման ամենաթողութեան արդիւնքում ամենախոցելին երեխաներն են, ովքեր աւելի վաղ հասակից են հրապուրւում սկզբից մարիհուանայով, ապա միւս թմրանիւթերով՝ ընկնելով նրանց ճիրաններում: Յետոյ ուշ է լինում, քանի որ թմրանիւթից աւելի վտանգաւոր է օգտագործողի կեանքի նկատմամբ ունեցած «փիլիսոփայական» մօտեցումները: Թմրանիւթերի ազդեցութեան տակ գտնուող աշակերտը չի կարողանայ կենտրոնանալ դասերի վրայ, յաճախ է կ՛որդեգրի «միեւնոյնն է, ամէն ինչ սուտ է այս կեանքում» մօտեցումը, եւ կ՛ընկնի փիլիսոփայական

յուսախաբութիւնների գիրկը, որտեղից դէպի իսկական հիասթափութիւն ու յուսալքում ընդամէնը մէկ քայլ է: Հայ երիտասարդների շրջանակում եւս տարածուած է մարիհուանան, չնայած այն փաստին, որ մեր ծնողներից շատ շատերին թւում է, թէ սա հայ իրականութեանը խորթ երեւոյթ է: Մի մոռացէք, որ մարիհուանայի օրինական եւ ապօրինի վաճառքը, միւս թմրանիւթերի հետ մէկտեղ, խոշոր մի ճարտարարուեստ է, որ միլիառների օգուտ է բերում անհատներին եւ կազմակերպութիւններին եւ իւրաքանչիւր ճարտարարուեստի նման, այս անհատներն ու կազմակերպութիւնները ամէն օր մտածում են, թէ ինչպէս լայնացնեն իրենց առեւտրի շրջանակները: Նրանց քիչ է հետաքրքրում, թէ օգտագործողների տարիքը ամէն տարի երիտասարդանում է: Մարիհուանա են ծխում 5րդ դասարանցիներ անգամ, եւ առատօրէն հիւրասիրում են իրենց ընկեր ընկերուհիներին: Սրանք էլ մի քանի անգամ ձրի ստանալով «ապրանքը», առանց գիտակցելու դառնում են յաճախորդ: Յետոյ սկսում է ծանօթ պատմութիւնը. տնից անհետանում են թանկարժէք իրեր, որպէսզի կարողանան «ապրանքի» փողը տալ: Ուշադիր եղէք, երբ երեխաները տանը քնքոտ են դառնում, ժամանակից շուտ կորցնում են իրենց երբեմնի մանկական հետաքրքրութիւնները, ուշ են գալիս տուն, չեն ուզում դպրոց յաճախել: Ժամանակ առ ժամանակ էլ կարելի է գրպաններն ու անձնական իրերը աննկատ ստուգել: Բնաւ պէտք չէ անյարմար զգալ նման կտրուկ միջոցներից: Հնարաւոր է, որ ձեր վաղաժամ յայտնագործութեան արդիւնքում աւելի մեծ վտանգ կանխէք: Իսկ կասկածները հաստատելու դէպքում կարիք չկայ ծայրայեղ լուծումներ փնտռելու: Չափազանց կարեւոր է, որ երեխան չխրտնի ծնողի վերաբերմունքից, այլապէս կարելի է նրան լիովին կորցնել: Բնական է, որ այսպիսի վիճակում շատ ծնողներ կարող է կորցնեն իրենց հաւասարակշռութիւնը, բայց կարեւոր է, որ ընտանիքում, շրջապատում սառը մտածող եւ հաւասարակշռուած մէկը տեղեկանայ դէպքի մասին, իսկ աւելի կարեւոր է մասնագիտական միջամտութիւնը: Հայ ծնողները ոչինչ չեն խնայում իրենց զաւակների բարօրութեան համար, բայց երբ հարցը գալիս է մասնագիտական օգնութեանը, չգիտես ինչու յաճախ այնքան են ուշացնում, որ բանը բանից անցնում է:
«Ամօթ է, մարդիկ, հարազատները ի՞նչ կը մտածեն»:
Իսկ ժամանակն այս դէպքում սրընթաց ձեւով աշխատում է երեխայի դէմ: Դարձեալ կրկնում եմ, թմրանիւթի գործածումը վաղ տարիքում երեխաների մօտ խլում է իրենց կենսուրախութիւնը, նրանց հնարաւորութիւն տալով արհեստական «ուրախութիւն» փնտռելու: Իսկ առանց կենսափորձի ու գիտելիքների այս նորաթուխ փիլիսոփաները ոչ մի լաւ վերջաբանի չեն յանգում: