ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Դրամատիրական հասարակութեան վաղ շրջանակներում, երբ այն դեռ նոր էր կազմաւորւում, մարդկային յատկանիշները կարեւոր դեր էին խաղում: Պարտաճանաչութիւնը, ազնուութիւնը, ճշդապահութիւնը յատկանիշներ են, որոնց միանշանակ տեղ էր տրւում, ու մարդիկ կարող էին պայմանագրեր կնքել, առանց որեւէ թղթի: Ազնիւ խօսքի վրայ հիմնուած խոշոր գործարքներ էին իրականացւում, եւ դրանց յարատեւութիւնը ոչ ոք հարցի տակ չէր դնում: Համակարգի սրընթաց առաջխաղացումը կտրուկ փոխել է պատկերը: Այսօր առանց թղթի որեւէ գործարք չի իրականացւում, նաեւ յաճախ են դէպքերը, երբ թղթերն են նոյնիսկ կեղծւում եւ հարցականի տակ դրւում: Այսպէս կոչուած կորպորատիւ կապիտալիզմը մարդկային գործօնը գրեթէ լրիւ անտեսում է, աւելի կարեւոր են թիւերն ու նուազագոյն ներդրումով գերշահոյթ ապահովելը: Որոշ ժամանակ դա հնարաւոր էր, քանի դեռ տեղ կ՛ար, բայց պարզւում է, թէ այս մարտավարութիւնն էլ իր հերթին անթերի չէ: Հնարաւոր չէ աշխատաւորներին քիչ վճարել, եւ գերազանց արդիւնք ապահովել: Մարդկանց ազատելով աշխատանքից, ետ են կանչում կէս աշխատավարձով, եւ յոյս ունեն

արդիւնաւէտութիւն ապահովել: Սա դժուարանում է նաեւ այն պատճառով, որ այլ երկրների աշխատաւորները պատրաստ են չնչին վարձատրութեամբ ապրանք արտադրրել, եւ

ամերիկեան աշխատաւորը չի կարողանայ իր մրցունակութիւնը ապահովել՝ նրանց հետ ոտք գցելով: Կրթութեան բնագաւառը եւս բացառութիւն չէ: Արտասահմանեան երկրներում, օրինակ Ֆինլեանդիայում, Ճապոնիայում, Հարաւային Կորէայում, մեծ ուշադրութիւն են դարձնում կրթական համակարգի վրայ նախահաշիւը կազմելիս, քանի որ դպրոցական համակարգի առողջութեան հետ անմիջականօրէն կապուած է տուեալ երկրի տնտեսական զարգացման աստիճանը: Բայց վերոյիշեալ երկրներում ծնողի դերի վրայ շատ աւելի մեծ շեշտ է դրւում, քան մեր երկրում: Ուսումնական օրը այնտեղ երկար է, իսկ ուսումնական տարին մի քանի շաբաթ աւելի է, քան Միացեալ Նահանգներում: Բայց խօսքը գնում է դրամի յատկացմանը, եւ այսօր այս մասին կը զրուցենք:
Վերջին տեղեկութիւնների համաձայն, Լոս Անջելեսի եւ Գլենդելի միջնակարգ դպրոցական համակարգերը նախահաշուային խիստ ճգնաժամի առջեւ են կանգնած, որի արդիւնքում մինչեւ 2015-2016 թուականների տարեշրջանը համակարգը միլիոնաւոր դոլարի բաց պիտի դիմագրաւի: Արդիւնքում ուսուցիչների գլխին նորից կախուելու է աշխատանքը կորցնելու արհաւիրքը, իսկ մէկ դասարանում ընդգրկուած աշակերտների թիւը աւելանալու է: Նրանք, ովքեր մի փոքր պատկերացում ունեն դպրոցական համակարգի մասին, կը հաւաստիացնեն, թէ շատ աշակերտներ ունեցող դասարաններում գիտելիք հաղորդելը դժուարին առաջադրանք է: 40 աշակերտից բաղկացած դասարանում ոնց էլ լինի, կը լինեն մի քանի աշակերտներ, ովքեր տրամադրուած չեն կրթութիւն ստանալու, եւ արդիւնքում դասալսման ժամանակ անկարգութիւն են անում: Ուսուցիչը պարտաւոր է օրէնքի համաձայն նրանց կարգի հրաւիրել, ուղարկել համապատասխան պաշտօնեայի մօտ, ծնողների հետ հանդիպել, եւայլն: Թանկարժէք այս ժամանակը ուզես թէ չուզես ծախսւում է ոչ թէ առարկայի դասաւանդման, այլ կարգապահական խնդիրներ լուծելու վրայ, եւ անփորձ ուսուցչի համար սա կրկնակի ծանրութիւն է: Օգնական աշխատուժի բացակայութիւնը աւելի է բարդացնում իրավիճակը: Եթէ նախկինում դպրոցն ունէր տնօրէնի 4 տեղակալ, այժմ լաւագոյն դէպքում դրանց թիւը երկուսն է: Այսինքն, աշխատանքի ծաւալը այս երկուսի համար կրկնապատկուել է, եւ նախկին արդիւնաւէտութիւնը ցոյց տալը մեծ խնդիր է դարձել:
Երկրում տնտեսական ճգնաժամի բազմաթիւ ծրագրեր են մշակւում, բայց բոլորն էլ յանգում են մի խնդրի առջեւ՝ փող չկա՛յ: Ուրեմն ստիպուած են հարկերը բարձրացնել, որպէսզի դպրոցական համակարգը չփլուզուի, իսկ շատերին դա դուր չի գալիս: Առաջիկայ ընտրութիւններին օրինագծեր են առաջարկուելու, որոնց դրական կամ բացասական ելքից անմիջականօրէն կապուած կը լինի դպրոցական համակարգի յարատեւութեան խնդիրը: Բացասական լուծման արդիւնքում կրթութիւնը կը դառնայ ընտրեալների մենաշնորհի պէս մի բան: Այսօր արդէն իսկ աճում են մասնաւոր եւ կիսամասնաւոր դպրոցների թուերը, որոնցից լաւագոյնները ի վիճակի են ընտրելու լաւագոյն ուսուցիչներին, քանի որ կարող են պատշաճ վարձատրել նրանց: «Իսկ միւսները կը դառնան մանկամսուրի պէս մի բան», ասաց հանգստի կոչուած ուսուցիչը, որի հետ զրոյցի էինք բռնուել օրեր առաջ: «Իսկ այս դէպքում պիտի փող յատկացնեն, որ բանտերի թիւը տասնապատկեն: Դպրոցը բիզնես չէ, եւ պետական միջոցների ու ներդրումների է կարօտ», եզրափակեց իր խօսքը:
Եթէ Միացեալ Նահանգներ պետութիւնը դեռեւս յոյս ունի առաջատար երկրի իր համբաւը պահպանելու, ապա հանրակրթական եւ բարձրագոյն հանրային կրթութեան համակարգին պէտք է սատար կանգնի՝ նախ եւ առաջ ֆինանսապէս: Հակառակ դէպքում վարդագոյն պատկերը անխուսափելիօրէն կը խամրի: