
Ինչպէս եւ կանխատեսւում էր, նախագահական ընտրութիւնների աւարտին անմիջապէս յաջորդում են խիստ ցաւալի հարցերի քննարկումներ, որոնց առանցքում ընկած է տնտեսական թնջուկի գաղտնազերծումը:
Ինչո՞ւ գաղտնազերծում, կը հարցնէք շատերդ: Պատճառն այն է, թէ այսպէս կոչուած Ֆիսքըլ Քլիֆի (Fiscal Cliff) հետ կապուած, ամերիկեան կառավարական շրջանակները պէտք է յստակ մարտավարութիւն որդեգրեն, իսկ հարցն այնքան խճճուած է, որ տնտեսագէտներից շատերը քաոսային իրավիճակ են կանխատեսում, ու դա ինչ որ չափով կարելի է համեմատել յանցագործութեան բացայայտման գորընթացի հետ, որտեղ մի հարցը լուսաբանելու կամ լուծելու համար բազմաթիւ այլ հաւասարումներ պէտք է լուծել:
Միացեալ Նահանգների արտաքին պարտքը մէկ տրիլիոն դոլարով աւելացել է, եւ եթէ վերոյիշեալ հարցի մասին համաձայնութիւն չկայանայ կոնգրեսի եւ նախագահի առաջարկած ծրագրերի շրջանակներում, ապա Միացեալ Նահանգների տնտեսութիւնը կարող է անդունդը գլորուել, իր հետ տանելով մնացած երկրների բարօրութեան նկրտումները:
Այս մասին բազմաթիւ անգամ նշել ենք, եւ գուցէ հէնց նոյն բառերով:
Որոշ հանրապետականների տեսանկիւնից ոչ մի դէպքում չի կարելի հարկերը բարձրացնել, նոյնիսկ հարուստների համար, քանի որ դա կարող է արգելակել ամերիկեան տնտեսութեան վերականգնողական ուղին: Այդ իսկ պատճառով նրանք առաջարկում են ծախսերի կրճատման ուղիով ընթանալ: Անկախ տնտեսագէտներից ոմանք պնդում են, թէ այսօր այնպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած, որ պէտք է ե՛ւ ծախսերը կրճատել, ե՛ւ հարկերը բարձրացնել:
Նախագահ Օբաման հաստատակամօրէն է տրամադրուած, մինչեւ 250 հազար դոլար եկամուտ ունեցողների հարկային պարտաւորութիւնները անփոփոխ պահելու առումով, եւ առաջարկում է վերը նշուածից աւելի եկամուտ ունեցողների հարկերը մի փոքր բարձրացնել: Դրանից նրանց մէջքը չի կոտրուի, ասել է Օբաման: Նախագահը առաջարկել է շուտափոյթ ընդունել ծրագրի ա՛յս հատուածը, յետաձգելով մնացեալ հարցերի քննարկումները մինչեւ գալիք տարի:
Հանրապետականների մի մասը ընդունում է հարուստների հարկերի բարձրացման առաջարկը, պնդելով, թէ դրա համար ոչ թէ պէտք է առկայ հարկերը բարձրացնել, այլ ընդամէնը պէտք է հարուստների հարկերի ներման վերաբերուող կէտերը վերանայել, որի արդիւնքում հարուստների «խնայած» գումարները կը նուազեն: Այլոք պնդում են, թէ ամերիկացիներին պէտք է արգելուի տան համար վճարած բանկային փոխառութիւնների տոկոսները հանել հարկերից, որ մինչ այժմ տանտէրերի համար զգալի խնայողութիւններ է ապահովել, սակայն նման մարտավարութիւնը միանգամից կարող է անդրադառնալ տնտեսութեան զարգացման վրայ, քանի որ այն անմիջապէս կը վնասի ոչ թէ գերհարուստներին, այլ միջին դասակարգին:
«Այստեղ թուաբանութեան կարիք ունենք, ոչ թէ հանրահաշուի», ասել է նախագահ Օբաման Չորերքշաբթի օրուայ իր ելոյթի ընթացքում, նշելով, թէ պարտաւորուած է 1 տրիլիոն դոլարի նախահաշուային բացը ծածկել:
Միաժամանակ յայտնի է դարձել, թէ Միացեալ Նահանգների գլխաւոր գանձապահ Թիմոթի Գայթները նախազգուշացրել է, որ հարկերի ներկայ քաղաքականութեան երկարաձգումը բոլոր խաւերի համար անընդունելի է եւ անիրական, քանի որ այսպիսի մարտավարութեան դէպքում համաշխարհային շուկաներում քաոսային անորոշութիւն կը տիրի, որին կարող են հետեւել անկանխատեսելի հետեւանքներ: Ուրբաթ օրը Ներկայացուցիչների տան խօսնակ æոն Բէյները պիտի հանդիպէր նախագահի եւ նրա ներկայացուցիչների հետ, ընդհանուր յայտարարի գալու ակնկալիքով: Այս յօդուածը գրելիս առայժմ յայտնի չէր, թէ ինչպիսի համաձայնութեան էին եկել նրանք: Միաժամանակ յայտնի է դարձել, թէ Միացեալ Նահանգների նախահաշուային բացը Հոկտեմբեր ամսին աւելի է խորացել, որի ընթացքում երկիրը 22 տոկոսով աւելի դրամ է ծախսել, համեմատած եկամուտների հետ: Պարզուել է, թէ երկրի առեւտրի բացը զգալիօրէն նուազել է, այսինքն երկրից արտահանուած ապրանքների ծաւալը մօտեցել է ներկրուած ապրանքային ծաւալին, սակայն դեռեւս զրոյական վիճակից հեռու է: Այդ բացը նուազել է, հասնելով 41, 5 միլիարդ դոլարի, որ վերջին երկու տարիների նուազագոյն ցուցանիշն է: Հիմնականում այս ցուցանիշն ապահովուել է ծանր հաստոցների եւ օդագնացների վաճառքի հաշուին: Աւելացել են խաղալիքների, առօրեայ գործածման առարկաների եւ հագուստեղէնի ներկրումը, հատելով 228 միլիարդ դոլարի սահմանագիծը: Այստեղ յոյսի նշոյլ է այն տեղեկութիւնը, որ ամերիկեան տնտեսութիւնը մինչեւ Սեպտեմբեր ընկած ժամանակահատուածում աճել է 2 տոկոսով, որ մասնագէտների սպասուածից շատ աւելին է: Պէտք է հաշուի առնել նաեւ այն հանգամանքը, թէ Եւրոպայում չափազանց խառը քաղաքատնտեսական իրավիճակ է եւ ներդնողներից շատերը իրենց հայեացքը նետում են ովկիանոսից այն կողմ, դէպի Միացեալ Նահանգներ, որ առայժմ յարաբերական կայունութեան երանելի գրկում է: Կրկնում եմ՝ առայժմ: Կը կարողանա՞ն երկրի գլխաւոր քաղաքական ուժերը մի կողմ դնել իրենց մարտավարական տարաձայնութիւններն ու ընդհանուր յայտարարի գալ, այսօր սա հարցերի հարցն է, որին ուշի ուշով հետեւում է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի բնակչութիւնը: Բացասական ելքի դէպքում տնտեսկան վերելքի հեռանկարը միանգամից խամրում է: