ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Երբ համաշխարհային շուկաները առողջացման թոյլ նշաններ էին արձանագրում վերջին ժամանակահատուածում, տնտեսագէտներից շատերը յոյս էին յայտնում, թէ համաշխարհային տնտեսական ճգնաժամը վերջապէս հնարաւոր կը լինէր յաղթահարել: Պարզուեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Կիպրոսի կառավարութեան առաջարկը՝ հարկել անհատական խնայողութիւնները 3ից մինչեւ 12 տոկոսով, կապուած խնայողութիւնների չափից, ձախողման ենթարկուեց խորհրդարանի քուէարկութիւնից յետոյ: Բազմաթիւ տնտեսագէտների ու քաղաքագէտների վկայութեամբ, Կիպրոսում «գտնուող» դրամաշնորհը հարկելու գաղափարը ուղղուած էր այսպէս կոչուած ռուսական կապիտալը հարկային դաշտ բերելու, քանի որ միջերկրական այս փոքրիկ կղզում, որոշ վկայութիւնների համաձայն, ռուսական կապիտալը գերակշռում է օտարերկրեայ կապիտալ ներդրումներին: Ասում են նաեւ, թէ այստեղ է հանգրուանել ոչ միայն մասնաւոր, այլ նաեւ պետական կապիտալը, քանի որ բոլորովին վերջերս Կիպրոսը համարւում էր բարենպաստ «օֆշոր»ային գօտի: Ինչպէս գիտէք, «օֆշոր»ային բանկերում շատ աւելի բարենպաստ է դրամ պահելը՝ թաքցնելը, եւ մասնագէտների կարծիքով, ստուերային շատ գործարքներ իրականացւում են հէնց այսպիսի դրամատներում պահուստ դրուած միջոցներով: Պատահական չէր այն հանգամանքը, որ Կիպրոսի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաները այս շաբաթ անմիջապէս Մոսկուա ժամանեցին, երբ Եւրոմիութիւնը յայտարարեց, թէ աւանդների հարկման որոշումը մերժելու դէպքում՝ Կիպրոսի երկու խոշոր բանկերը սնանկ կը դառնան, որի արդիւնքում այս փոքրիկ կղզու տնտեսական գոյութիւնը հոգեվարքի կը մատնուի: Կիպրոսի միակ խաղաքարտը կղզու մօտակայքում յայտնաբերուած գազի խոշոր պաշարներն են, որ հետաքրքրում են որոշ շրջանակների: Սակայն սրանց շահագործումը նախատեսուած է 2020 թուականին, եւ տեղական կառավարութիւնը այժմ գրեթէ մուրացկանի կարգավիճակով դրամ է որոնում, խոստանալով ապագայ գազային հանքավայրերից շահոյթ ապահովել ներդնող կողմին: Բայց շահոյթը ակնկալւում է մօտ 10ից 15 տարի յետոյ, իսկ դրամը հիմա է պէտք: Այսօր պարզուել է, թէ տեղական դրամատները փակ են մինչեւ գալիք շաբաթուայ սկիզբը, քանի որ աւանդատուները պատրաստ են անմիջապէս հանել իրենց աւանդները, ու այս դէպքում բանկերում գտնուող միջոցները միանգամից կը ցամաքեն: Ամէնից շատ անհանգստացած են ռուս մեծահարուստները: Ի դէպ, ասում են, թէ Կիպրոսի փողոցներում այսօր աւելի շատ ռուսերէն կարելի է լսել, քան յունարէն կամ անգլերէն, ինչպէս դա առկայ էր մէկ կամ երկու տասնամեակ առաջ: Միջերկրական ծով, չտեսնուած կլիմայ, ազատ բանկային համակարգ, էլ ի՞նչ էր պէտք ռուս մեծահարուստին, որ Աստուած գիտի թէ ինչ միջոցներով փող էր դիզել իր «ցուրտ» հայրենիքում, ու հիմա հրաշքով կարծում էր, թէ փրկել է իր միջոցները տեղական կառավարութիւնից: Այնինչ, դեռեւս 2003 թուականին, այն ժամանակուայ եւ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղակիօրէն նախազգուշացրել էր, թէ «օֆշոր»ային դրամատներում միջոցներ պահելը խիստ ռիսկային է, քանի որ իրավիճակը կարող է միանգամից այնպէս փոխուել, որ մարդկանց աւանդները յօդս կը ցնդեն, ու «նրանք ամբողջ կեանքում թղթի փոշի կը շնչեն, միջազգային դատական ատեաններում փորձելով վերադարձնել իրենց կորցրածը»:
Մարգարէական այս դրոյթը իրականութիւն է դարձել այսօր: Սակայն այն ժամանակ ռուս դրամատիրոջ կարծիքով դրամը երկրից դուրս հանելը լաւագոյն միջոցն էր իր վաստակածը կամ գողացածը տնօրինելու, քանի որ ռուսական տնտեսութեան մէջ ներդրում կատարելը նոյնքան, եթէ ոչ աւելի վտանգաւոր հեռանկարներ էր նախատեսում: Այս երկրում «մեծ եղբօր» հայեացքից չի խուսափում եւ ոչ ոք, եւ իւրաքանչիւր «ամենակարող» մարդ կարող է վայրկեանապէս սնանկանալ, եթէ առաջնորդները այդպէս կամենան ինչ-ինչ պատճառով:
Կիպրոսի վիճակը ինքնին այդքան էլ վտանգաւոր չէ համաշխարհային տնտեսութեան վրայ գործած հետեւանքների առումով: Վտանգը այն է, թէ Կիպրոսի տնտեսական ենթահամակարգի փլուզումով կարող է ստեղծուել վտանգաւոր նախադէպ, իսկ եթէ այս նախադէպը «դոմինօ էֆեկտ»ով տարածուի միւս խոշոր երկրների բանկային եւ տնտեսական համակարգերի վրայ, օրհասական վիճակն անխուսափելի է: Առայժմ յայտնի չէ, թէ ինչ իրական օգնութիւն կը տրամադրի Կիպրոսին Ռուսաստանը, որտեղ երէկուայ դրութեամբ դեռ շարունակւում էին բանակցութիւնները: Տեղական բնակչութիւնը Նիկոսիայում եւ յարակից վայրերում փողոց է դուրս եկել, մեղադրական պաստառներով փնովում է գերմանացիներին եւ նրանց առաջնորդ Մերկելին:
Ընդհանրապէս, գերմանացիները դարձել են շատ շատերի աչքի փուշը Եւրոպայում, քանի որ նրանց տնտեսութիւնը առողջ վիճակում է, եւ երկիրը գտնւում է այնպիսի վիճակում, որ կարողանում է իր պայմանները պարտադրել բոլոր նրանց, ովքեր տնտեսական օգնութեան կարիքն ունեն: Տարբերութիւնն այն է այս անգամ, որ նախկինում միջպետական վարկերը ընդամէնը աննշան կերպով էին անդրադառնում հասարակ մարդկանց կեանքի վրայ, եւ նրանց վրայ մեծացող ճնշումը աստիճանաբար էր աւելանում:
Վերջին տարիներին ծաւալուող իրադարձութիւնները ցոյց են տալիս, թէ այս անգամ ոչինչ աստիճանաբար չի լինելու, միջպետական վարկերը տրամադրւում են պարտք վերցնող երկրի բնակչութեան թշուառացնելու հաշուին, եւ սրա համար մեղաւոր է ծանր տնտեսական ճգնաժամը:
Տնտեսական նմանօրինակ ելեւէջները այս օրերին յիշեցնում են խաղատներում արուած ռիսկային քայլերը, որտեղ ամէն ինչ մէկ վայրկեանում կարող է փոշիանալ:
Ի դէպ, կազինօների մասին. Կիպրոսից վերջերս ժամանած մեր հայրենակիցներից մէկի վկայութեամբ, Կիպրոսի թրքական մասը տնտեսական ալեկոծութիւնից զերծ է մնացել, քանի որ այստեղ աննախադէպ ձեւով աճել է շքեղ կազինօների թիւը, եւ նպատակը թուրք կամ եւրոպացի զբօսաշրջիկներին գրաւելն է: Յոյսով եմ, որ գոնէ այստեղ հայկական դէմքեր չեն երեւայ՝ Մոնտէ Կարլօ այցելելու փոխարէն: