«Ազգային Գործը Վերջ Չունի»
Վարեց՝ ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ

Յակոբ Խալոյեանը մերձաւոր Սփիւռքի խոշորագոյն հատուածներից մէկի՝ իրանահայութեան ՀՄ «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահն է, մեր այն ազգային գործիչներից, որն արդէն երեսուն տարուց աւելի իրեն նուիրել է այս կարեւորագոյն կառոյցի ամրապնդմանն ու հզօրացմանը: Մեր զրոյցի նպատակը չէր ներկայացնել «Արարատ» միութիւնը, քանզի այն շատ վաղուց ծանօթ է բոլորին եւ համարւում է Սփիւռքի հնագոյն մարզական-մշակութային կենտրոններից մէկը, իրանահայութեան ինքնատիպ Հայաստանը, քանի որ ամէն մի իրանահայ այստեղ իրեն զգում է հայ շրջանակի մէջ, շփւում հայրենակիցների հետ… Մեր նպատակն էր Յակոբ Խալոյեանի հետ քննարկել մի շարք հարցեր, որոնք կարող են նաեւ օգտակար լինել Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման ճանապարհին:
ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ.- Պարո՛ն Խալոյեան, «Արարատ» միութիւնը մեր հնագոյն ազգային կառոյցներից մէկն է: Դուք արդէն երկրորդ անգամ ընտրուել էք միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ: Ի՞նչն է ձեզ մղել դէպի այս միութիւնը, ինչո՞ւ էք կամեցել անպայմանօրէն ղեկավարել այն:
ՅԱԿՈԲ ԽԱԼՈՅԵԱՆ.- Իրանում ապրող ամէն մի հայի համար շատ վաղուց «Արարատ» միութեան հետ կենսագրութիւն կապելն անհրաժեշտութիւն է դարձել: Յատկապէս Թեհրանում ապրող ամէն մէկը դեռեւս պատանութեան տարիներից կապւում է միութեան հետ, որովհետեւ այն իրականում հայկական աշխարհ է, հայկական միջավայր է, որտեղ դու քեզ զգում ես տանը, որը քո մէջ հայրենասիրական ոգի է ներարկում, քեզ միշտ պահում քո արմատներին մօտ: Ես շատ վաղուց եմ սկսել յաճախել միութիւն, սկզբում՝ որպէս սկաուտ: Սկաուտ լինելը ամէն մի պատանու համար մեծ պատիւ է. դա արիութիւն ու կամք տուող դպրոց է: Հէնց սկաուտական շարժմանը մասնակցելն էլ ինձ համար դարձաւ դէպի միութիւն տանող ճանապարհ: Յետագայում մասնակցել եմ տարբեր խմբերի աշխատանքների եւ միշտ գիտակցել, որ իմ մէջ ձեւաւորուող հայի համար ես պարտական եմ այս միութեանը: Հազարաւոր իրանահայեր են անցել միութեան միջով, հազարաւորների համար միութիւնը նաեւ դպրոց է դարձել, որովհետեւ այստեղ միանգամայն այլ մթնոլորտ է, այստեղ առաջնային են համարում մարդու մարմնի եւ մտքի կրթումը: Տեսէ՛ք սկաուտների կոչը՝ «Բարձրացի՛ր, բարձրացրո՛ւ»: Սա բառախաղ չէ, այլ մեծ բովանդակութիւն պարունակող միտք, որովհետեւ ինքդ պիտի կարողանաս բարձրանալ, նուաճումներ ձեռք բերել, ինքնահաստատուել՝ այդ ամէնով հանդերձ օգտակար լինելով միւսներին: Մեր միութիւնը բոլորիս հէնց այդպէս է դաստիարակել, ուստի այստեղ ամէն մէկս գալով, մօտեցել ենք մարդասիրական արժէքներին, ազգայինի ընկալումներին:
ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ.- Արդեօք միութիւնը պահպանե՞լ է իր բոլոր կառոյցները, թէ եղել են անկումներ, փոփոխութիւններ, մանաւանդ որ կեանքն առաջ է գնում, լուրջ խնդիրներ են առաջանում նաեւ համայնքի պահպանման ոլորտում:
ՅԱԿՈԲ ԽԱԼՈՅԵԱՆ.- Ի սկզբանէ «Արարատ» միութիւնը հիմնուել է որպէս իրանահայութեան մարմնակրթական կենտրոն, սկաուտական շարժման կենտրոն: Բնականաբար միութեան կարգադրիչների, ղեկավարների ու մարզիչների ուշադրութիւնը միշտ էլ սեւեռուել է մարմնակրթութեանը: Նշեմ, որ Իրանի պատմութեան մէջ մեր կենտրոնի բասկետբոլի թիմն է եղել առաջինը, որն այդ երկրում հիմնաւորել է այս մարզաձեւի աւանդոյթները: Մեր կազմակերպութիւնն ունի իր միութիւնները՝ Երէցների, Մարզական, Արուեստից եւ Սկաուտական: Առաջինը Մարզականն է, որն անց է կացնում բասկետբոլի, ֆուտբոլի, բռնցքամարտի ինչպէս ընթացիկ, այնպէս էլ գաւաթի մրցութիւններ: Ուրախութեամբ նշեմ, որ բասկետբոլի տղոց թիմից զատ, ունենք նաեւ օրիորդաց առաջնակարգ լիգա… Մարզական միութեան վարչութիւնը ղեկավարում է Ռուդոլֆ Յակոբեանը, որի աշխատանքների շնորհիւ մենք մեծ յաջողութիւններ ենք արձանագրել ինչպէս Իրանի, այնպէս էլ համաշխարհային մասշտաբում: Մենք մեծարում ենք բոլոր այն մարզիչներին եւ մարզիկներին, որոնք մեծ յաջողութիւններ են գրանցել:
Յիշատակեմ Հերոս Աւանեսեանին, միւսներին: Իրանի նման բազմամիլիոն երկրում հայ մարզիկները, որոնք ներկայացնում են մեր կազմակերպութիւնը, կարողացել են լուրջ ձեռքբերումների հասնել, մի շարք միջազգային մրցութիւններում բարձր պահել Իրանի անունն ու մարզական հեղինակութիւնը: Արուեստից միութիւնը մեր երիտասարդ կառոյցներից է, որովհետեւ մեր խնդիրն էր եղել ունենալ մարզաւան, մարզական խմբեր:
ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ.- Ես տեղեակ եմ, որ յատկապէս մշակութային ձեռնարկների, ինչպէս նաեւ գեղարուեստական ինքնագործունէութեան ձեւաւորման համար դուք հրաւիրել էք հայաստանեան մասնագէտների, համագործակցել նրանց հետ:
ՅԱԿՈԲ ԽԱԼՈՅԵԱՆ.- Միանգամայն ճիշդ էք: Մեր խնդիրն է եղել նպաստել արհեստավարժութեանը, ազգային պարի ու երգի ուսուցմանը, մեր երիտասարդութեան շրջանում հայրենի մշակոյթի հանդէպ սիրոյ ձեւաւորմանը: Ուստի հրաւիրել ենք «Բարեկամութիւն» անսամբլի գեղարուեստական ղեկավար Նորայր Մեհրաբեանին, որը շատ լուրջ աշխատանք կատարեց մեզ մօտ, բեմադրեց պարեր, մանկավարժական համակողմանի աշխատանք ծաւալեց: Եւ այսօր արդէն կարող ենք հպարտանալ, որ մեր կազմակերպութիւնում ձեւաւորուել են պարային ուսուցման լաւ աւանդոյթներ: Գիտէք, հեշտ չէ մեզ մօտ աշխատելը, երիտասարդութիւնը մարզաւան է գալիս երեկոյեան ժամերին, դասերից ու պարապմունքներից յետոյ, հարկաւոր է այնպէս անել, որ այդ սուղ ժամանակն օգտակարութիւն պարունակի, այստեղ եկողներն իրենց հետ տանեն ոչ միայն արհեստավարժ յատկանիշներ, այլեւ սէր մայրենիի ու հայկականի նկատմամբ: Սա մեր կարեւորագոյն խնդիրն է: Ի հարկէ, իրանահայ համայնքը, ի տարբերութիւն այլ համայնքների, ուծացման խնդիր չունի, բայց մենք շատ երկար ժամանակ ապրել ենք Հայաստանի հարեւանութեամբ՝ ոչինչ գիտենալով Հայաստանի մասին: Կապեր եւ առնչութիւններ չեն եղել, մենք գտնուել ենք ներփակուածութեան մէջ: Անկախութիւնից յետոյ կարողացանք ահա այդ «մօտ հեռաւորութիւնը» յաղթահարել: Ունէինք բազմաթիւ խնդիրներ, ունէինք համագործակցութեան նուազ եզրեր, հետեւաբար աշխատեցինք այդ ուղղութեամբ եւ հասանք յաջողութիւնների: Մասնաւորաբար ունենք խնդիրներ թատերական արուեստի ասպարէզում, ուստի հրաւիրեցինք նաեւ հայ բեմադրիչների: Եւ այսօր արդէն ունենք թատերախումբ, որը նոյնպէս իր լուման է բերում ինչպէս հայապահպանութեան խնդրի իրականացման, այնպէս էլ երեխաների գեղագիտական դաստիարակութեան գործում: Ուրախութեամբ պիտի նշեմ, որ մեր թատերախմբի հետ աշխատել են հայրենի թատերական եւ կինոյի գործիչներ Աշոտ Ադամեանը, Արամ Յովհաննիսեանը, Սօս æանիբեկեանը, ուրիշներ: Վստահ եմ, որ մեզ մօտ ստեղծուած են այնպիսի պայմաններ, որոնք կարող են ոգեւորող լինել ուրիշների համար եւս:
ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ.- Ինչպէս բոլոր համայնքների, այնպէս էլ իրանահայ համայնքի համար սփիւռքի նախարարութիւնը մշակել է համապատասխան ծրագրեր, որոնց հիմքում համագործակցութեան ընդլայնումն է, մասնաւորապէս մշակութային ասպարէզում մերձեցումների ընդլայնումն է: Ու եթէ նախկինում համայնքը կարծես միայնակ է լուծել իր առջեւ կանգնած խնդիրները, ապա հիմա նախարարութիւնը իր հայեցակարգերն է առաջադրում: Արդեօք ձեզ բաւարարո՞ւմ է այն ամէնը, ինչն անում է նախարարութիւնը, եւ ի՞նչ առաջարկութիւններ կ՛ուզենայիք ներկայացնել, որոնք է՛լ աւելի արդիւնաւէտ կը դարձնէին համայնքի ու մեր գերատեսչութեան համագործակցութիւնը: Նախկինում մի շարք ծրագրեր կեանքի էին կոչւում Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի կողմից, այժմ՝ նախարարութեան, ուրեմն…
ՅԱԿՈԲ ԽԱԼՈՅԵԱՆ.- Սփիւռքի նախարարութեան ծնունդը մեզ շատ բան տուեց, եւ մենք ողջունեցինք հայրենի կառավարութեան ճիշդ որոշումը: Յատկապէս մշակութային մերձեցումների հարցում նախարարութեան քայլերը քաջալերող են: «Իմ Հայաստան» փառատօնը համախմբում է ողջ Սփիւռքը, միջոց է դառնում մեր պատանիներին ու երիտասարդներին Հայրենիք բերելու համար: Իհարկէ, շատ բան է արուել: Ու համոզուած ենք, որ առաջիկայում էլ դեռ անելիքներ կը լինեն: Անպայմանօրէն պիտի ցանկանայինք, որ մշակութային ծրագրերը կազմելիս մոռացութեան չտրուէին թատերական իրողութիւնները: Մեր կազմակերպութեան ջանքերով Իրան են եկել հայրենի թատերախմբեր, սակայն շատ պիտի ցանկանայինք, որպէսզի ինչպէս մեր, այնպէս էլ միւս համայնքներում գործող թատերախմբերը Հայրենիք գան, լինի Սփիւռքի թատրոնների փառատօն: Դա ոգեւորող եւ օգնող կը լինի: Հայրենիքում կրթութիւն ստանալու հարցերն էլ կարգաւորւում են, սակայն պիտի ցանկանանք, որ նախարարութիւնը հայրենիք հրաւիրի Եւրոպայում բարձրագոյն կրթութիւն ստացած այն իրանահայ երիտասարդ գիտնականներին, որոնք կարող են հանդէս գալ դասախօսութիւններով, իրենց փորձն ու գիտելիքները հաղորդել հայաստանեան ուսանողութեանը: Նշեմ, որ յատկապէս վերջին տարիներին մեծ թուով իրանահայեր կրթութիւն են ստացել համաշխարհային հռչակ ունեցող համալսարաններում, ուրեմն կարելի է նրանց ներուժն օգտագործել այստեղ, միաժամանակ իրականացնել համատեղ գիտական ծրագրեր: Մեր համայնքից էլ արտագաղթ կայ, շատ իրանահայեր Երեւանում բնակարաններ են գնել, այստեղ են գալիս տարուայ որոշակի ժամանակաշրջանում, հանգստանում են, մի մասն էլ մեկնում է Միացեալ Նահանգներ: Իհարկէ, ամէն մի հեռացողի հետ ինչ որ չափով թուլանում է համայնքը, բայց եթէ հեռանալն անխուսափելի է, ապա շատ կ՛ուզենայինք, որպէսզի յատկապէս Հայաստանում նրանք հիմնաւորուէին, որովհետեւ էական տարբերութիւններ չկան գրական լեզուի ու խօսակցական լեզուի միջեւ, մշակութային մեծ տարբերութիւններ չկան…
ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ.- Իրանի Իսլամական հանրապետութիւնն իր օրէնքներն ունեցող երկիր է, բարդ երկիր, որովհետեւ գործում են սեփական կրօնացուած օրէնքները, կան որոշակի կապանքումներ: Արդեօք հայ համայնքն իր վրայ զգո՞ւմ է կապանքումներ, եւ ինչպէ՞ս է ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ իշխանութիւնների վերաբերմունքը:
ՅԱԿՈԲ ԽԱԼՈՅԵԱՆ.- Իհարկէ՛ չափազանց դժուար է ապրել մուսուլմանական աշխարհում, ուր կան խստացուած օրէնքներ, ազգային սովորութիւններ, որոնց ներկայութիւնը դու պիտի յարգես: Մենք աշխատում ենք յարգել իրանցիների օրէնքները, գնահատել այդ երկրի հոգածութիւնը մեր հանդէպ: Չորս հարիւր տարուց աւելի մենք այս հողի վրայ ենք ապրում, այս տարիների ընթացքում մենք դարձել ենք Իրանի լիիրաւ քաղաքացիներ: Անշուշտ, իշխանութիւնները բացառութիւններ են արել մեր հանդէպ, եւ մենք մարզաւանում մեզ պահում ենք մեր օրէնքներին համահունչ, առանց չադրաների, սերտ մեր մշակոյթին: Ահա ինչու այն մենք համարում ենք հայկական աշխարհ: Իրանում ազգային փոքրամասնութիւններն օգտւում են բոլոր արտօնութիւններից, մենք դժգոհելու առիթ չունենք: Ասեմ, որ երկրի բոլոր նախագահներն էլ հայ համայնքի նկատմամբ ուշադիր են եղել, յարգել են մեր ազգային սովորութիւնները, առանձնայատկութիւնները: Մենք սերտ կապուածութիւն ունենք իարնցիների հետ, քանի որ բոլորս էլ ապրում ենք նոյն իրականութեան մէջ: Իրանում վերջին մէկ տարում գնաճը դարձաւ անզսպելի, դոլարի արժէքը բարձրացաւ, հետեւաբար տնտեսութեան մէջ լուրջ խմորումներ եղան, որոնք ազդեցին նաեւ մեզ վրայ: Սակայն մենք ամէն ինչ արեցինք, որպէսզի հայերը, որոնք ունեն իրենց բիզնեսը, մեծ դժուարութիւններ չունենան: Հիմա Երեւանում քիչ են իրանցիները, պատճառը տնտեսական դժուարութիւններն են, սակայն յոյս ունենք, որ վիճակը կը բարելաւուի, եւ նորից զբօսաշրջութիւնը մեծ ծաւալներ կ՛ունենյ…
ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ.- Պարո՛ն Խալոյեան, թոյլ տուէք շնորհակալութիւն յայտնել զրոյցի համար: Ուրախ եմ, որ ձեր միջոցով եւս մի առիթ եղաւ տեղեկանալու իրանահայութեան կեանքին, ծանօթանալու ձեզ հետ: Յաջողութիւններ եմ մաղթում ձեր ամէնօրեայ աշխատանքում:
ՅԱԿՈԲ ԽԱԼՈՅԵԱՆ.- Շնորհակալութիւն: Ես երկրորդ անգամ եմ ընտրուել կազմակերպութեան նախագահի պաշտօնում: Սա իմ վերջին ժամկէտն է: Կ՛աշխատեմ ուժերիս ներածին չափով, իսկ յետոյ նորից կը լինեմ մեր կազմակերպութեան հետ: Ազգային գործը վերջ չունի, հետեւաբար միշտ էլ մեզանից ամէն մէկը պիտի ներգրաւուի կազմակերպութեան աշխատանքներում: Յուսանք, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ մի օր էլ այնպիսի յարաբերութիւններ հաստատուեն, որ կարողանանք առանց վիզայի երթեւեկել…