
ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ
Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր համայնքը բաղկացած է 3 գիւղից: Համայնքի Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գիւղերը, որոնք վերաբնակեցուել են 15 տարի առաջ, առայսօր էլեկտրաէներգիա եւ ջուր չունեն: Իսկ Շիրվական գիւղը էլեկտրաէներգիա ունի միայն մասամբ: Իւրաքանչիւր գիւղում ապրում են 10ից աւելի, այդ թւում նաեւ բազմազաւակ ընտանիքներ:
Բազմիցս ղեկավարութիւնը նրանց խոստացել է հարցին շուրափոյթ լուծում տալ: Դեռ 2012 թուականի նախագահական ընտրութիւններից առաջ Բակօ Սահակեանը այցելել է գիւղ եւ խոստացել, որ գիւղացիները 2013 թուականը կդիմաւորեն լոյսով: Բազմիցս էլ նշուել է կառավարութեան կողմից, որ նման խնդիր այլեւս Արցախում չի լինի, եւ դեռ Արցախը կը դառնայ էլեկտրաէներգիա արտահանող երկիր:
Նշենք, որ համայնքում ՀԷԿի կառուցման հնարաւորութիւն կայ, քանի որ համայնքին պատկանող Շիրվական գիւղով գետ է հոսում, իսկ էլեկրտաէներգիայի ցանցը վերջանում է Բերդիկ գիւղում, Եզնագոմեր գիւղից 11 կմ. հեռաւորութեան վրայ:
Համայնքում գտնուող միակ ՀԷԿը պատկանում է գիւղապետին. նա էլ որոշում է՝ լոյս կ՛ունենայ համայնքը, թէ ոչ: Համայնքապետի հետ զրոյցում պարզուեց, որ դեռ աշխատանքներ կան կատարելու, եւ եթէ գիւղացիներն ուզում են լոյս ունենան, աւելի լաւ է գնան օգնեն նրան: Սակայն գիւղացիները վստահեցնում են, որ բազմիցս օգնել են վերանորոգման աշխատանքներին, արդիւնքում խաբուել են, լոյս էլ չեն ունեցել:
Առնուազն զարմանալի է համայնքապետի նման մօտեցումը՝ շահագործել գիւղացուն ի նպաստ իր «բիզնեսի», այնուհետեւ վաճառել ստացուած էլեկտրաէներգիան գիւղացիներին:
Նա նշեց նաեւ, որ բազմիցս ժողով է հրաւիրել ու ոչ ոք չի ներկայացել:
Երբ այցելեցինք Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գիւղեր, զարմանալիօրէն ամբողջ գիւղացիները միաբերան նոյն բանն էին կրկնում, որ վստահութիւն չունեն համայնքապետի նկատմամբ, եւ պատճառը հէնց նա է, որ լոյս չունեն:
Դաւթեան Գայիանէն ընտանիքով Եզնագոմեր է տեղափոխուել 11 տարի առաջ, էլեկտրաէներգիա ունեցել են միայն մի քանի ամիս, իսկ 5 տարի առաջ գնուած լուացքի մեքենան էլ օգտագործել է միայն 3 անգամ, քանի որ լոյս մի քանի անգամ են ունեցել միայն, այն էլ մէկ ժամով:
«Գիւղացիներով հաւաքուել՝ գեներատոր ենք առել, մի քանի անգամ փող ենք հաւաքել՝ այն վերանորոգել: Իսկ ՀԷԿը Շիրվականում է, այն պատկանում է համայնքի ղեկավարին. նա էլ որոշում է՝ լոյս կ՛ունենանք, թէ չէ: Գիւղի տղամարդիկ հաւաքւում, գնում են օգնում, որ ՀԷԿը աշխատացնեն, հետեւներից անջատում է լոյսը՝ պատճառաբանելով, որ իրենց չի հերիքում: Դեկտեմբերի 31ին՝ մինչեւ կէսգիշեր տղամարդիկ աշխատում էին, վերանորոգում էին ՀԷԿը, որ լոյս ունենանք գոնէ Ամանորի գիշերը: Այդ գիշեր լոյս ունեցանք միայն մէկ ժամ: Ես չեմ բողոքում ուրիշ բաներից: Մենք աշխատում ենք ու վատ չենք վաստակում, սակայն լոյս չունենալ ու այսպէս ապրել՝ անհնարին է: Այս հարցով բազմիցս դիմել ենք Քաշաթաղի վարչակազմին. դեռ որեւէ առաջընթաց չկայ: Իսկ ինչ վերաբերում է ջրի հարցին, ապա, ասեմ, որ գիւղում մէկ աղբիւր է՝ մեզնից 500 մետր հեռաւորութեան վրա»:
Գիւղի երեխաները մուլտֆիլմ դիտում են միայն այն ժամանակ, երբ այցելում են ՀՀում ապրող իրենց հարազատներին, եւ եթէ նրանք դեռ ցանկանում են հետ վերադառնալ գիւղ, ապա երիտասարդները գիւղում ապագայ չեն տեսնում:
«Այս տարի ընդունուել եմ ԱրՊՀի Ֆիզմաթ ֆակուլտետի Կիրառական մաթեմատիկայի բաժինը: Պէտք է նշեմ, որ գիւղում լաւ սովորողներ շատ կան, սակայն դժուար է այստեղ ապրելը, որեւէ հետաքրքրութիւն չկայ: Իմ հասակակիցներն օգտւում են համակարգչից, իսկ մենք այստեղ նոյնիսկ հեռուստացոյց դիտելու հնարաւորութիւն չունենք: Ես այստեղ չէի ցանկանայ ապրել ապագայում, եթէ լոյս չունենանք», ասում է Գայիանէի 17ամեայ դուստրը:
Աղունիկ Գրիգորեանը բազմազաւակ մայր է, 6 երեխայ ունի: 9րդ դասարանն աւարտելուց յետոյ երեխաներին ուղարկում է Սիսիան՝ ուսումը շարունակելու:
«Ձմռանը երեկոյեան 6ից յետոյ մութ է լինում: Մէկ սենեակում, լամպի տակ ինչպէ՞ս կարող են 6 երեխան միասին դաս սովորեն. ամենաշատը հէնց երեխաներն են տուժում: Մենք վատ չենք աշխատում, երեխաներս որեւէ բանի կարիք չունեն, ես էլ, բացի լոյս ու ջուր ունենալուց, ուրիշ պահանջ չունեմ: Օրեկան 10 կով եմ կթում, ու ստիպուած եմ դրանից յետոյ դեռ ձեռքով լուացք անել, ջուր կրել աղբիւրից: Շատ դժուար է. եթէ լոյս ունենանք, այդ հոգսերից կազատուենք»:
Գիւղում հիմնականում զբաղւում են անասնապահութեամբ, մեղուաբուծութեամբ: Ստացուած կաթից պատրաստում են հիմնականում պանիր, քանի որ մնացած կաթնամթերքը առանց սառնարանի հնարաւոր չէ երկար պահել: Սակայն ոչ բոլոր գիւղացիներն են կարողանում վաճառել իրենց ապրանքները, քանի որ տրանսպորտը նորմալ չի աշխատում: Լաւագոյն դէպքում շաբաթական մէկ անգամ գիւղից Բերձոր աւտոբուսով հնարաւոր չափով ապրանք են տանում, վաճառում այնտեղ:
Ամբողջ տարին վառարան են օգտագործում, սակայն, ինչպէս գիւղացիներ են ասում, գիւղից մօտ գտնուող անտառից չեն կարող փայտ բերել:
«Մեզ արգելում են մօտակայ անտառից փայտ կտրել. ասում են՝ ձորից կտրէք փայտ: Ձորն էլ 5 կիլոմետր հեռու է ու ճամբայ չկայ. 500 մետրի փոխարէն 5 կիլոմետր պէտք է գնանք: Մէկ շնչին 10 մետրից աւելի չեն թոյլատրում փայտ կտրել: 10ից աւելի կով ունենք: Օրական 150 լիտր կաթ ենք տաքացնում, ճաշ ենք պատրաստում, լուացք, եւ այլն. այս ամէնը 10 մետր փայտով ինչպէս անենք», ասում է Յովիկը:
Եզնագոմեր համայնքն ունի մէկ դպրոց, որը գտնւում է Եզնագոմեր գիւղում: Առաւօտեան Շիրվական եւ Սպիտակաջուր գիւղի աշակերտներին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան տանում է դպրոց. նոյն մեքենան նաեւ համայնքի շտապ օգնութեան մեքենան է:
«Ձմռան ամիսներին երեխաները գրեթէ դպրոց չեն յաճախում: Ձմռանը մետրով ձիւն է գալիս, ճանապարհները փակւում են, դպրոցում էլ նորմալ մասնագէտներ չկան: Խնդիրները շատ են՝ միայն լոյսը չի, սակայն ամենակարեւրը հէնց դա է: Թոռս երազում է նկարչուհի դառնալ, շատ լաւ նկարում է: Սակայն դպրոցում նոյնիսկ նկարչութիւն չեն դասաւանդում, տանն էլ նկարում է լամպի լոյսի տակ:
Մեծ թոռս այս տարի բանակ պէտք է զօրակոչուի: Ինչպէս պիտի ծառայի՝ աշխարհից անտեղեակ. արդեօ՞ք նրան չեն ծաղրի», ասում է Խօջայեան Գայանէն:
«Ապառաժ»