ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Հինգշաբթի երեկոյեան եմ սովորաբար պատրաստում շաբաթօրեայ «Ասպարէզ»ի իմ սիւնեակի յօդուածները: Այս շաբաթուայ թեման ինքնաբերաբար մղուեց երկրորդ պլան, երբ մի բաւական հետաքրքիր զրոյց ունեցայ իմ վաղեմի բարեկամի՝ պարոն Ռուբէն Գիւրջեանի հետ: Արծարծելիք թեմայի մասին նախկինում էլ եմ անդրադարձել, բայց որքան էլ որ կրկնեմ, դարձեալ հրատապ է այն:
Շատերդ գիտեք Ռուբէն Գիւրջեանին, նրան ներկայացնելու հարկ չկայ: Իմ համեստ կարծիքով, փոքրամարմին այս իմաստունը իր կեանքի մի զգալի մասը անցկացրել է հայ աշակերտներին ինչ որ ձեւով օգտակար լինելու նկրտումով: Որոշ տեղերում յաջողուել է, երբեմն էլ հիասթափուել՝ ցանկալի արդիւնքը չապահովելու պարագայում: Հանրային օգուտը իր յաղթանակն է եղել, իսկ պարտութեանը անձնական ձախողման պէս է վերաբերուել, բայց չի ընկրկել երբեք: Պայքարել է այլ միջոցներով ու փորձել է հասնել առաւելագոյնին: Իր շուրջը հաւաքելով անխոնջ նուիրեալների մի խումբ, պարոն Ռուբիկը ՔԱՍՓՍ կազմակերպութեան գործունէութեանը միշտ նոր շունչ, նոր նպատակ է տուել: Ամպագորգոռ խօսքեր չեն սրանք, որոնց երբեմն հանդիպում ենք համայնքային մամուլում: Այս մարդու աշխատաձեւին անձամբ ծանօթ եմ՝ ՔԱՍՓՍի իմ գործունէութեան ժամանակներից: Այսօր, սակայն, ՔԱՍՓՍի կամ պարոն Ռուբիկի մասին չէ, որ պիտի խօսեմ, այլ ընդամէնը պիտի լուսաբանեմ մեր հեռախօսազրոյցի ընթացքում բարձրացուած հարցերից մէկը՝ ովքե՞ր են հայ աշակերտները: Հայ աշակերտի կարիքներ ասելով ի՞նչ ենք հասկանում եւ ո՞ւմ նկատի ունենք:
Ոմանց մօտ այնպիսի մի կարծրատիպ է առաջացել, որ հայ աշակերտները միայն նրանք են, ովքեր հայկական դպրոցներ են յաճախում: Բայց արդեօ՞ք դա այդպէս է: Իր արժանւոյնը տալով հայկական դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, ինչո՞ւ ենք մոռանում հանրակրթական դպրոցներում սովորող հայ աշակերտների մասին: Եւ խօսքը ոչ միայն Լոս Անջելեսի, Կալիֆորնիոյ, Միացեալ Նահանգների մասին է: Միթէ՞ չգիտենք, որ Կանադայում, Միջին Արեւելքում, Եւրոպական երկրներում եւ միւս աշխարհամասերում սփռուած հայ մանուկների ընդամէնը 10 տոկոսն է հայկական դպրոց յաճախում, լաւագոյն դէպքում: Իսկ մնացածնե՞րը: Ո՞վ է անդրադառնում նրանց կարիքներին եւ ինչպէ՞ս: Ահագին մեծ հարց ես բարձրացնում, կ՛ասէր ընկերս. հարց, որի մասին մտածելիս ակամայից ուզում ես խուսափել պատասխանից, քանի որ չգիտես որտեղից սկսել եւ ինչպէս աւարտել: Գուցէ եւ այդպէս է, բայց լռելու դէպքում հարցը որեւէ լուծում չի ստանում ընդհանրապէս, իսկ հանրակրթական դպրոց յաճախող երեխաների մէջ աննկատ հալւում է տեսակը, որոշ դէպքերում:
Սփիւռքի նախարարութեան մի վերջին անդրադարձի համաձայն, հայ աշակերտների համար ձեռնարկներ են պատրաստուել Հայաստանում: Ո՞ր հայ աշակերտների համար: Իհարկէ նրանց համար, ովքեր հայկական դպրոցներ են յաճախում: Ձեռնարկը չեմ տեսել, եւ պատշաճ չի լինի որեւէ կարծիք յայտնել դրա մասին: Միայն մի հարց. արդեօք հաշուի առնուե՞լ է այն հանգամանքը, որ, օրինակ, լոսանջելեսահայ մանուկի հոգեբանութիւնը, ապրելակերպը, ինչո՞ւ ոչ նաեւ ձեւաւորուող աշխարհայեացքը տարբեր է հայրենիքում ծնուած ու մեծացող երեխայի աշխարհայեացքից: Եթէ ոչ, ապա ինչո՞ւ: Չէ՞ որ դասագիրք կազմելիս միայն ճիշդ լեզուական կամ պատմական գիտելիքները չեն, որ արժէքաւոր են դարձնում այն, այլ մատուցման ձեւը՝ հաշուի առնելով անչափահասի հոգեբանութիւնը: Մեր մէջ կան այնպիսի անձինք, որոնց մէջ, ցաւօք, կայ այն կարծիքը, թէ հայկական դպրոցներից դուրս գտնուող աշակերտների հարցը փակուած կարելի է համարել: Թոյլ տուէք չհամաձայնուել, քանի որ տասնեակ հազարաւոր այս մանուկների ու դեռահասների մէջ էլ կան վաղուայ լաւագոյն բժիշկները, փաստաբանները, գիտնականներն ու քաղաքագէտները: Յիշենք, թէ այսօրուայ խոշոր անուններից քանի՞սն են մասնաւոր հայկական դպրոցներ յաճախել, իսկ քանիսը այլ դպրոցներ: Ինչո՞ւ եմ այս ամէնի մասին ձեզ հետ կիսւում: Հարցը միայն դրամական օգնութեանն ու կարեկցանքին չէ, որ վերաբերւում է, չնայած սա էլ պակաս կարեւոր խնդիր չէ: Վաղը միւս օր, եթէ ապագայ սերնդի մասին խօսք բացէք, այս հարցն էլ թող ձեր ուշադրութեան կենտրոնում լինի եւ արծարծուի:
Հիմա աւելի հանգամանօրէն: Գլենդելի կրթական համակարգի ներկայիս բարձրագոյն խորհրդի անդամներից երեքը հայեր են: Յուսով եմ, չէք առարկի, որ նրանց ընտրուելու հանգամանքին մեծապէս նպաստել է հայ ընտրողի ձայնը: Կայ նաեւ զգալի առաջընթաց: Ապրիլի 24ի օրը Գլենդելի աշակերտութիւնը դպրոց չի յաճախում: Դպրոցները պաշտօնապէս փակ են: Իսկ քանի՞ քանի ուսուցիչներ կան, որ նոյնիսկ չեն էլ նշում, թէ այդ օրը ի՞նչ օր է, եւ ինչո՞ւ հայ եւ ոչ հայ աշակերտները պարտաւոր են տանը մնալ: Քանի՞ ուսուցիչներ կամ պաշտօնեաներ կան, որ բացայայտօրէն յայտարարում են, թէ՝ «Յոգնել ենք ձեր Ցեղասպանութիւնից, այդպիսի բան չի էլ եղել»: Անձամբ ինձ հանդիպել է պատմութեան մի ուսուցիչ, ով բացայայտօրէն իր դասարանի առջեւ յայտարարել է, թէ ցեղասպանութիւն չի եղել: Այս մասին յայտնել եմ համապատասխան մարմիններին, այդ թւում նաեւ՝ հայկական կազմակերպութիւններից մէկին, երբ փորձեցի խնդրին օրինական լուծում տալ: Եթէ չեմ սխալւում, այս անձնաւորութիւնը դեռ աշխատում է միեւնոյն դպրոցում, առնուազն «հարցազրոյցով» է դուրս պրծել անախորժ վիճակից: Պատկերացնո՞ւմ էք, եթէ նման բան ասէր ուսուցիչը մէկ այլ ազգի աշակերտների առջեւ. նրա պատկերը կը յայտնուէր «Լոս Անջելես Թայմզ»ի առաջին էջում: Կարծում եմ, որ ժամանակն է (գուցէ եւ արդէն ուշ է), որ համապատասխան նիւթեր պատրաստուեն, հրատարակուեն, ու ներկայացուեն այն հանրակրթական մարմիններին, ովքեր հաստատում են ուսումնական ծրագրերը, որպէսզի նրանք էլ իրենց հերթին խորհուրդ տան ուսուցիչներին, որ Ապրիլի կէսերին, գոնէ պատմութեան առարկայի դասաւանդման ժամանակ նշուի Հայոց Ցեղասպանութեան ժամանակագրութեան, շարժառիթների, հետեւանքների մասին, եւ թէ ինչպիսի հետեւանքներ է այն թողել մարդկութեան պատմութեան վրայ:
Պարոն Ռուբիկի հեռախօսազանգն էր այս յօդուածի խթանը: Նրա հետ պայմանաւորուեցինք, որ առաջիկայում մի նամակ պիտի գրել Հայաստանի Սփիւռքի նախարարութեանը, այս եւ մի շարք այլ խնդիրների առումով: Հայկական իրականութեանը ծանօթ ոմանք կը մտածեն, թէ ինչի՞ հետեւից ես ընկել, Հայաստանում այնպիսի թէժ մթնոլորտ է, այնպիսի գերխնդիրների առջեւ է կանգնած ժողովուրդը, որ այս հարցը կարող է ընկնել տասներորդ պլանի վրայ: Գիտեմ եւ նրանց բոլորին հետեւում եմ ու ցաւում՝ ամէն մեծ ու փոքր խնդրի առնչութեամբ, բայց մեզ համար սա էլ մարտավարական խնդրի կարեւորութիւն ունի, եթէ մտածում ենք 10 կամ 20 տարի յետոյ հայրենիքում եւ Սփիւռքում ապրող հայ մարդու ճակատագրի մասին:
Այս յօդուածը լռջորեն ուսոմնասիրուի պիտի եւ արդիւնքը
հրատարակուի․