Յարգելի «Ասպարէզ»ի խմբագիր պրն. Աբօ Պողիկեան,

Չորս ամիս առաջ ես նման գրութիւն էի ուղարկել, որն ասացիք՝ կորել է: Այս անգամ ես փորձում եմ մի քիչ խրատա-փիլիսոփայական գրել. նիւթը ընտանեկան հանդուրժողութիւնն է, որ դժբախտաբար մեր ազգին է փաթաթուել:
Մեր ընտանեկան սկզբունքն է հարազատութեան ամրապնդումը, վասնզի անկեղծ հարազատութիւնը ոսկուց եւ արծաթից թանկ է, ոսկին եւ արծաթը կարող են գողացուել, բայց հարազատութիւնը յավերժական է եւ չի կարող գողացուել: Ճիշդ է, համարեայ բոլոր ազգերի մէջ կարեւորւում է այդ, բայց նկատի ունենալով մեր ազգի խոցելիութիւնը, մենք պէտք է խուսափենք դրա բացակայութեան վտանգից, որ շատ քայքայիչ է:
Մեր ընտանիքների նիստ ու կացում պէտք է պատկառանք լինի իրար հանդէպ: Մենք ունենք պատիւ եւ վաստակաւոր վարք, ու դասուել ենք ազնիւ մարդկանց կարգին: Մարդուս արժէքը ոչ թէ իր հարստութիւնն է, այլ՝ իր աստուածային շնորհքներն ու ունեցուածքը ուրիշների հետ բաժանելու առաքինութիւնը:
Մենք ազգովին աշխոյժ եւ աշխատասէր ենք. երբեք չենք «նստել թախտին եւ սպասել բախտին»: Մենք պէտք է կերտենք մեր կեանքի երջանկութիւնը՝ կամքի ուժով եւ վճռակամութեամբ, որպէսզի վայելենք կեանքի բոլոր բարիքները: Ու վայելենք բնութեան գեղեցկութիւնը եւ ծաղիկների անուշ բուրմունքը: Թող մեր զաւակները սնուեն մեր նկարագրով եւ մեր ոգին իրենց հետ լինի մշտական:
Կեանքը յոյս է, իսկ յոյսը ամենալաւ բանն է, որ ունենք:
Դուք ձեր խրոխտ նկարագրով կարող էք ձեռնոց նետել բոլոր տհաճ անպատեհութիւններին:
Կեանքում ոչ մի դժուարութիւն չունենաք: Ձեր ընտանեկան սէրը լինի այն նեկտարը, որ ոչ թէ քաղցրացնում է, այլ մշտական ուժ ու կորով է տալիս ձեզ:
Արեւի ճառագայթների նման շողշողուն լինի ձեր կեանքը. եթէ կատարէք վերոյիշեալները, դուք կ՛ունենաք գեղեցիկ եւ սրտատրոփ կեանք:
Իսկ ես, ոչ միայն ներքուստ ուրախ կը լինեմ, այլ եւ ապագայում՝ կարող եմ հանգիստ փարուել հողին:
Յարգանքներով՝
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՏԹԵՒՈՍԵԱՆ