ՍԵԴԱ ՄԱՐԹԻՐ
Նոյեմբեր 7, 2013ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» կոմիտէութեան հրաւէրով, Բրբանքի նորակառոյց շէնքի սրահում ելոյթ ունեցաւ Արմէն Արոյեանը. օրուայ յայտագիրն էր «Իսլամացած Հայեր» շարժապատկերի ցուցադրութիւնը, որին զուգընթաց տրւում էին բացատրութիւններ նրա կողմից: Ծրագրի սկզբում Կարէն Եղբայրեանը ներկայացրեց հիւրին, բացատրութիւններ տուեց Արմէն Արոյեանի աննախընթաց մի աշխատանքի՝ Արեւմտեան Հայաստան ուղեւորութիւնների մասին, որ նա սկսել էր 25 տարիներ առաջ եւ որը շարունակում է մինչեւ այսօր:
Ցուցադրուող այդ պատկերները տեսնելով, չես կարող տառապանքից չբռնկել, բողոքել եւ կամ սուզուել քո մէջ, որպէսզի գտնես մի պատասխան, որ հաշտեցնի քեզ կացութեան հետ. դա մնաց որպէս տուայտանք…
Ահա թէ ինչեր ցուցադրուեցին:
Պրն. Արոյեանի ճամբորդութիւնը դէպի Արեւմտեան Հայաստան այն վայրերն էին, որտեղ բնակւում էին ճակատագրի բռնի ուժով իսլամացած հայեր: Պրն. Արոյեանը պատկերների հետ զուգընթաց, տալիս էր իր բացատրութիւնները այն տեղերի մասին, որոնք ունեցել են եկեղեցիներ, որ այժմ վերածուել են մզկիթների. Կարսի Ս. Առաքելոց, Էվերեկի Ս. Թորոս, Այնթապի Ս. Աստուածածին, Ուրֆայի Աբգար թագաւորի եւ Թադէոս առաքեալի աւանդութեան հետ կապուած Ս. Աստուածածին եկեղեցին:
Ցուցադրուեց մի պատկեր, ուր հայկական դիմագծով, երկար սպիտակ մօրուքով մարդը, որ իսլամ կրօնաւոր էր, հօր անունով Յովհաննէս՝ Հասանի վերածուած, չէր մոռացել իր հայ լինելը եւ պատմեց, թէ ազգականներ ունի Պուէնոս Այրեսում:
Անվիճելի է այլեւս, որ նրանք պատկերում են ջարդից ազատուած որբեր, որոնց բռնի կերպով իսլամացրել են:
Զարմանալի է, որ դեռ կրում են իրենց հայկական անունները:
Յետոյ երեւաց մի համշէնցի երիտասարդ. ուրախ էր, փորձում էր խօսել հայերէն, հպարտութեամբ հաշւում էր 1, 2, 3… Ցոյց էր տալիս իր ազգականներին՝ հայկական անուններով…
Ցուցադրուեց մի պատկառելի ալեզարդ ծերունի. խօսում էր հայերէն, երգեց «Կիլիկիա»ն ճշգրիտ ու լրիւ, ձայնը հնչեղ էր ու տպաւորիչ, ազդարարող: Ես կարծում եմ, այդ երգը լսողի համար դարձաւ ընդվզումի ու բողոքի մի կանչ՝ իրենց լինելութիւնը հաստատող: Գոյութեան ակունքների երգն էր, որ ասում էր՝ հայ ժողովրդի ոգին միշտ արթուն է, նրանց ժառանգած արեան գեները դեռ ողջ են…
Կարծում եմ, ներկաները մի պահ ապրեցին մեր անզուգական հերոսի՝ Փոքր Մհերի հետ, իսկ այդ մարդը՝ իր երգի խռովքով բողոքում էր աշխարհի անարդարութեան դէմ…
Յետոյ տեսանք մի կոկիկ տուն, զարդարուած գեղեցիկ գորգերով, այնտեղ խմբուած էին կանայք, նրանք իրենց տատիկի շուրջն էին, որ ըստ պրն. Արոյեանի բացատրութեան՝ ծանր հիւանդ էր, թերեւս մահամերձ: Տեսնելով հայ հիւրերին, մի կերպ նստեց, լաչիկը շտկեց եւ յանկարծ բարձրաձայն սկսեց աղօթել, խօսքերը Նարեկացուց էին, դրան յաջորդեց Շնորհալու շարականներից մէկը… Իր բարձրաձայն աղօթքով՝ այդ ծեր ու մահամերձ կինը, հազիւ ուժ առած, յայտնում էր իր հրաժեշտը մեզ ու աշխարհին, որ անզօր էր կրելու իրեն բաժին ընկած տառապանքը: Եւ գիտէր, իր այդ աղօթքով ցոյց էր տալիս մեզ, որ հողը եւս չի կարող կրել իր քաշած տառապանքը: Ատելութիւնից եւ յուսալքումից հոգնած, հոգին որոնում էր արդարութեան եւ ազատութեան համար երազելու երանութիւնը: