
«Մեզ Օդի Պէս Անհրաժեշտ Է Ազգային Միութիւն
Ու Միասնականութիւն». Հրանդ Մարգարեան

ՀՅԴ օրուայ իմ խօսքում, անխուսափելիօրէն անդրադառնալու եմ մեր հայրենիքի քաղաքական-սոցիալական իրավիճակին, իսկ որովհետեւ խօսքս հնչում է Սփիւռքում անհրաժեշտ եմ գտնում, ի սկզբանէ այն սկսել այսպէս.
Եթէ ինձ հարցնէին, թէ յանուն քո, քո ընտանիքի քո զաւակների ապագայի որտեղ կ՛ուզէիր ապրել, ես համոզումով, հաւատքով, առանց մէկ վայրկեան իսկ տատանուելու կը պատասխանէի՝ Հայաստանում, այսօրուայ Հայաստանում:
Այսպէս սկսեցի խօսքս, որովհետեւ քիչ յետոյ, փոխանցելով մեր երկրի վիճակի վերաբերեալ տագնապս, անդրադառնալու եմ հայրենիքում առկայ դարդերին ու ցաւերին, թերութիւններին, սխալներին, ու անարդարութիւններին եւ միեւնոյն ժամանակ գիտակցաբար մի կողմ եմ թողնելու այն լաւը, յուսալին ու դրականը, որ, անշուշտ, զուգահեռաբար առկայ է մեզանում, մի կողմ եմ թողնելու այն անհերքելի փաստը, որ այսօրուայ մեր երկիրը շահեկանօրէն տարբեր է երէկուանից, որ մենք առաջ ենք գնում սրբագրելով մեզ, առաջ ենք գնում զարգանալով:
Այդպէս եմ վարուելու, որովհետեւ անտարակոյս է՝ բացասականը թաքցնելով մենք այն չենք շտկի, բայց միեւնոյն ժամանակ ոչ ոք իրաւունք չունի մեր երկիրը այնքան անիրաւացիօրէն բացասական ներկայացնել, որ կամայ-ակամայ մեր ժողովրդին վանի իր հայրենիքից:
Միշտ պէտք է յիշել՝ որքան ծանր է վիճակը Հայրենիքում այնքան աւելի մեծ պէտք է լինի մեր հայրենասիրութիւնը:
Այնուամենայնիւ վստահ եմ ես էլ եմ ընկնելու նոյն որոգայթը՝ հիմնականում անդրադառնալով թերութիւններին ու բաց թողումներին: Դուք միշտ յիշէք խօսքիս սկզբում ասած միտքը. ամենալաւ երկիրը որտեղ կ՛ուզէի ապրել՝ Հայաստանն է, որտեղ արժի ապրել, որտեղ իմաստ ունի չարչարուել՝ Հայաստանն է: Բայց սա միայն այն դէպքում, երբ առկայ է հաւատը. անկեղծ հաւատը՝ հանդէպ Հայաստանի հզօր ապագայի: Հանդէպ մեր ժողովրդի իմաստութեան, ուժի ու կամքի:
Ես այս ամէնին հաւատում եմ: Որովհետեւ գիտեմ, որ Հայաստանն ունի լուրջ զարգացման համար անհրաժեշտ մարդկային ու բնական ներուժ: Եւ մոլախոտի պէս մեր երկրին փաթաթուած ու նրա ուժը կաշկանդող արատներն արմատախիլ անելու դէպքում, հնարաւոր կը դառնայ թռիչքային զարգացման պայմաններ ստեղծել:
Կրկնում եմ՝ հաւատում եմ դրան:
Ուստի քննադատական խօսքերս չարութիւնից չեն, եւ չեն վկայում այն մասին, թէ այնտեղ՝ մեր հայրենիքում ամէն ինչ գորշ է ու անյուսալի:
Այսօրուայ մեր հիմնական ցաւը արտագաղթն է, որը ազգային-պետական կառոյցի արնահոսութիւնն է՝ այլեւս ազգային անվտանգութեան սպառնալիք: Անշուշտ արտագաղթի պատճառները բազմաշերտ են՝ միջազգային տնտեսական տագնապ, պատերազմական իրավիճակ, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակում, անարդարութիւններ ու աղքատութիւն երկրի ներսում: Բայց որքան էլ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) ու հասկանալի լինեն պատճառները, դանակն այլեւս ոսկորին է հասել: Արտագաղթի այսօրուայ չափերը վկայում են, որ մենք այլեւս գործ ունենք ոչ թէ սովորական պայմաններում տեղի ունեցող ինչ որ հատուածի արտագաղթի, այլ տարերային բնոյթ կրող, հետզհետէ խուճապի տպաւորութիւն թողնող երեւոյթի մասին:
Առաւել վրդովեցուցիչն այն է, որ թւում է վտանգը չեն գիտակցում ՀՀ իշխանութիւնները, չեն գիտակցում եւ ոչ մի տեսանելի ճիգ չեն գործադրում արտագաղթի դէմն առնելու, թափը կոտրելու, առնուազն ներքին պատճառները վերացնելու ուղղութեամբ: Բացակայում են պետական հոգատարութիւնը, նպատակային ծրագրուած աշխատանքը, իրավիճակից բխող յատուկ ծրագրերը: Ասեմ աւելին, եթէ իրագործւում էլ են ինչ ինչ ծրագրեր, դրանք ծառայում են միայն ու միայն արտօնեալ հարուստ, սահմանափակ շերտերին էլ աւելի հարստացնելու նպատակին: Այս իշխանութիւնները ոչ թէ հետամուտ են արտագաղթի բուն պատճառները վերացնելուն, ժողովրդի համար սոցիալական տանելի պայմաններ ստեղծելուն, այլ միայն արտօնեալ որոշ հարուստ շերտի էլ աւելի հարստացմանն են հետամուտ:
Միթէ մենք ի վիճակի չենք նախ սահմանել ապա հետզհետէ վերացնել արտագաղթի գոնէ ներքին պատճառները:
Գործազրկութիւն, աշխատանքի առկայութեան դէպքում անգամ՝ անբաւարար աշխատավարձեր, երկրում առկայ բնակարանային հարցի ու ընդհանրապէս սոցիալական դժուարութիւնների յարաբերութեամբ քաղաքացու անպաշտպան առանձնութիւն-անճարակութիւն, երկրում մոլեգնող անարդարութիւններ, կոռուպցիա, տնտեսութեան տարբեր ոլորտներում մենաշնորհներ, հանրային փոխայարաբերութիւններում քաղաքացու անպաշտպանուածութիւն անարդարութիւնների դէմ, հասարակութիւն-օրէնք, հասարակութիւն-իրաւապահ մարմիներ յարաբերութիւններում խտրական վերաբերմունք: Ահա արտագաղթը խթանող այն երեւոյթները, որոնց վերացման ուղղութեամբ թւում է, թէ պիտի մտածէին իշխանութիւնները: Մինչդեռ պատկերը լրիւ հակառակն է, ինչի արդիւնքում հասարակութիւնը վերածուել է արտօնեալ փոքրամասնութեան ու իրաւազուրկ մեծամասնութեան:
Ասածներս եթէ նոյնիսկ ինչ որ տեղ գոյները ներկայացնում են խտացուած ձեւով, այդուամենայնիւ չեն դադարում իրականութիւն լինելուց: Միեւնոյն ժամանակ ես այս ամբողջը մատնանշում եմ ճարահատուած ու ցաւ ապրելով: Հասկանում եմ, որոշները հիմա մտածում են, ընդիմութիւն են ու փորձում են ամէն ինչ ծայրայեղացնելով քաղաքական դիւիդենտներ (մասնաբաժիններ-Խմբ.) շահել: Սակայն մենք բարեբախտաբար հեռու ենք այն տեսակ ընդիմութիւն լինելուց, որն առաջնորդւում է որքան վատ այդքան լաւ նշանաբանով, կամ փորձում է ամէն ինչ սեւ ներկայացնելով արդարացում գտնել իր անհատական կամ խմբակային անհանդուրժողական-բացասական պահուածքի ու կարիերայի (գործի ասպարէզի-Խմբ.) համար: Մեզ համար քաղաքական, պետական գործի ղեկավարումը կարիերա անել չէ, այլ գաղափարական առաջադրանք ու առաքելութիւն:
Բազմիցս յայտարարել ենք՝ մենք պատրաստ ենք եւ աշխատում ենք, որպէսզի ժողովրդի կամքով ստանձնենք երկրի ղեկավարման գործը: Մենք հանդէս ենք գալիս իբրեւ մի քաղաքական ուժ, որն առկայ միւս բոլոր քաղաքական ուժերից տարբերուող, յստակ, ինքնուրոյն, համապարփակ գաղափարախօսութիւն, ռազմավարութիւն եւ ծրագիր ունի: Սակայն միաժամանակ յայտարարել ենք՝ մեզ համար իշխանութիւն դառնալը նպատակ չի եւ մասնաւորաբար միակ հետապնդուող նպատակ չի կարող լինել: Մենք չենք կարող ընտրել իշխանութեան տանող այնպիսի ուղի, որը կ՛ընթանայ համատարած աւերակների միջով:
Մենք գերադասում ենք պետական շահը կուսակցական շահից, մենք գերադասում ենք ժողովրդի շահը կուսակցական շահից եւ, երբ ախտորոշում ենք անում ու մատնանշում ենք հիւանդութիւնը, մեր նպատակը իշխանութեան գալը չէ, այլ հիւանդութիւնը բուժելը: Մենք մի կողմ չենք քաշւում, օր ու գիշեր միայն ողբ ու քննադատութիւն հնչեցնելով: Մենք վճռական ենք մեր գնահատականների մէջ, սակայն նաեւ հրապարակ ենք իջեցրել ծրագիր եւ կոչ ենք անում գործող իշխանութիւններին՝ եկէք ընթանանք, եկէք ընթացէք այս ճանապարհով, եղած հարցերը անլուծելի չեն եւ եղած հարցերի լրջութիւնն ու հրատապութիւնը թոյլ չի տալիս մեզ, որ ժամանակ կորցնենք, որ ամէն ինչ մի կողմ դրած հետապնդենք միայն ձեր կործանումը, եկէք լուծում բերէք հարցերին, արտագաղթը ազգային արիւնահոսութիւն է եւ ոչ դուք, ոչ էլ մենք իրաւունք չունենք ձեռքներս ծալած նստենք անգործ՝ այս ժողովրդի հաշուին գերխնդիր դարձնելով, ձեր պարագային իշխանութեան պահպանման հարցը, մեր պարագային՝ իշխանութիւն դառնալու հարցը:
Արտագաղթի դէմ մեր ծրագիրը կոչւում է՝ «Մենք ուզում ենք ապրել մեր երկրում»: Խորագիրը մերն է՝ ցանկութիւնն ու պահանջը ժողովրդինը: Մենք ուզում ենք կարողանալ ապրել մեր երկրում եւ երկրի իշխանութիւնները, ինչ-որ տեղ նաեւ մենք՝ ընդիմութիւնը պարտաւոր ենք ստեղծել հնարաւորութիւն ապրելու, պատուով ապրելու, հպարտ ապրելու համար մեր երկրում: Մենք առիթներ ու պատրուակներ չենք փնտռում աւելորդ, չափազանցուած կերպով փնովելու, սեւացնելու իշխանութիւններին ու կացութիւնը, որպէսզի իշխանութեան հասնելու մեր ցանկութեան համար մթնոլորտ ստեղծենք, սրենք քաղաքական իրավիճակը: Մենք փորձում ենք առողջացնել երկրի հասարակական, քաղաքական, պետական, ազգային մթնոլորտը: Մենք ուզում ենք բարոյականացնել, առողջացնել մեր մթնոլորտը: Մենք ուզում ենք պետականութիւն, ազգային պետակութիւն ստեղծել, ուր իշխանութիւն-ընդիմութիւն մաս են կազմելու մէկ ամբողջական համակարգի:
Մեզ յաճախ քննադատում են մեր մօտեցումների համար: Քննադատում են նրանք, ովքեր մեզանից աւելին ու նոյնիսկ մեր չափ բան չեն յաջողեցրել: Քննադատում են մեզ, մեզ համեմատելով այլոց հետ, մեզ համապատասխան չտեսնելով գրքային նուիրականացուած տերմիններով (եզրերով-Խմբ.) արտայայտուած երեւոյթների հետ: Մեր հասցէին հնչող անարդար քննադատութիւնները յաճախ ոչ թէ մեր թոյլ կողմերով են պայմանաւորուած այլ այդպիսին տեսնելու ցանկութեամբ, պայմանաւորուած են ներքաղաքական մրցակցութեան մէջ վարկաբեկելը, իրողութիւնները խեղաթիւրելը պայքարի մարտավարութիւն դարձնելու մտայնութեամբ:
Մեզ ասում են դուք ինչ ընդիմութիւն էք, ընդիմութիւնը ամէնուր պէտք է հարուածի իշխանութիւններին: Մենք ասում ենք՝ յաչս օտարների եթէ ստեղծւում է հնարաւորութիւն միւսների հետ՝ նոյնիսկ մեր կողմից չընդունուած իշխանութիւնների հետ, պաշտպանելու ազգային շահը, մենք պարտաւոր ենք պաշտպանել: Մենք ասում ենք մեր ներազգային, ներպետական հակադրութիւնները, տարաձայնութիւնները պէտք է աւարտուեն այնտեղ, որտեղ անհրաժեշտութիւն եւ կարելիութիւն է ստեղծւում միասնաբար պաշտպանելու ազգային-պետական շահերը:
Մենք ասում ենք Ղարաբաղի հարցի հետապնդումը չպէտք է տկարի ներքին տարաձայնութիւնների, հակադրութիւնների պատճառով, չպէտք է զոհ գնայ մեր եւ իշխանութիւնների փոխյարաբերութիւններին: Մենք ասում ենք նոյն յարաբերութիւնների զոհ չպիտի դառնայ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը: Մենք ասում ենք ճիշդ է որ ընդիմութիւն ենք ու լուրջ ենք ու վճռական այդ հարցում, բայց եթէ կարող ենք Հայաստանի համար ապահովել արտաքին ներդրումներ, միջազգային վարկ ու հեղինակութիւն պէտք է անենք այդ, հոգ չէ որ դրանից կարող են շահել նաեւ Հայաստանի իշխանութիւնները, կարեւորն այն է, որ մեր գործունէութիւնից հիմնականում շահելու է Հայաստանի ժողովուրդն ու պետականութիւնը:
Այսօր, մեր ազգի, մեր պետականութեան արտաքին ու ներքին մարտահրաւէրները այնքան լուրջ են, բարդ են, մեծ են, որ մեզ օդի պէս անհրաժեշտ է ազգային միութիւն ու միասնականութիւն:
Անշուշտ մի միասնականութիւն, որ չի նշանակելու միօրինակութիւն, մի միասնականութիւն, որ չի կարող լինել համակերպում վատի, ստի, ճնշումների, անարդարութիւնների հետ: Միասնականութիւն, որ կարող է իրականանալ, երբ իշխանութիւնները արդարութեան են հետամուտ, իսկ քաղաքական ուժերը պատասխանատուութիւն են կրում ու դերակատար են դառնում երկրի անվտանգութեան ու անկախութեան պահպանման գործում:
Վստահ եմ, ով ճանաչում է մեզ հաւատում է, մենք չենք հանդուրժելու անարդարութիւնը, չենք հանդուրժելու խտրականութիւնը, մենք հետամուտ ենք մեր ժողովրդի համար ստեղծելու զարգացման հաւասար պայմաններ: Շարունակելու ենք մեր պայքարի ճանապարհով ընթանալ՝ ամէն ինչից վեր դասելով երկրի անվտանգութիւնն ու անկախութեան պահպանումը, ընթանալու ենք բացառաբար կառչելով մեր ժողողվրդի ուժին, չենք յենուելու օտարի վրայ, ունքը շտկելու տեղ աչքը չենք հանելու: Մենք մեր շուրջը պիտի համախմբենք ժողովրդին եւ սեփական ժողովրդի ուժով ու կամքով փոխենք ներքին իրավիճակը: Հոգ չէ, որ այդ ճամբան դժուար է ու աշխատատար՝ վատը վատով փոխելու մոլորութեան մէջ չենք ընկնելու:
Մենք այսպիսին ենք, մեր ծննդով, դաստիարակութեամբ, արժէքային համակարգով ու դրա համար էլ կոչւում ենք Դաշնակցութիւն: Կանք աւելի քան 123 տարիներ ու դեռ լինելու ենք:
Պայքարի կրքով չպէտք է տարուել, հեշտ ճանապարհի ընտրութիւնը գայթակղիչ է, բայց այն յաճախ այլասերող է: Մենք իրաւունք չունենք Դաշնակցութեան գաղափարական քաղաքական կապիտալը մսխելու: Մենք գնալու ենք դժուար ճանապարհով, բայց հարազատ ենք մնալու մեր էութեանը, մեր ժողովրդին, մեր հայրենիքին: Խոստովանենք՝ մենք դեռ մեր կազմակերպութեան ամբողջական կարողութեամբ աշխատանք չենք ծաւալել մեր երկրում: Մենք կարողացել ենք մեր գործով ու դիրքորոշումներով կերտել մեր քաղաքական-գաղափարական բարոյական ուժին համապատասխան կշիռ ու ազդեցութիւն մեր հայրենիքում ու ժողովրդի մէջ, սակայն նոյնը չենք կարող ասել կազմակերպական առումով: Պէտք է զօրաշարժի մղենք մեր բովանդակ կարողութիւնը, պէտք է շրջան առ շրջան իր բաժին մասնակցութեամբ ու պատասխանատուութեամբ գործնականօրէն դերակատար դառնայ հայրենիքում մեր վերակազմակերպման նոր արշաւին:
Հայրենիքում Դաշնակցութեան հզօրացումը հիմնական գրաւականն է, որպէսզի պետականութիւնը ունենայ ազգային ուղղութիւն: Որպէսզի մեր հայրենիքում տիրի արդարութիւնը եւ ստեղծուեն բոլորի համար զարգացման հաւասար պայմաններ: Որպէսզի ունենանք այն հայրենիքը, որը դառնայ օտարութեան մէջ գտնուող իր զաւակներին տուն կանչող արդար ու բաղձալի երկիր: Որպէսզի ունենանք հզօր ու կազմակերպուած այն ազգային պետականութիւնը, որը կը դառնայ իսկապէս Հայ Դատի լուծման հիմնական կռուան:
Մենք նոր արշաւի ենք դուրս գալիս: Կազմակերպութեան իւրաքանչիւր շրջան պէտք է կազմակերպական, վերակազմակերպական այս կարեւոր գործը դարձնի իր գլխաւոր հարցը: Կազմակերպութիւնը այն միջոցն է, որի հզօրացումով կարող ենք լուծում բերել մեր բոլոր հարցերին:
Մեր օրակարգը միայն Հայաստանի Հանրապետութիւնը չէ, թէպէտ այն մեր մեծ նպատակի՝ Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի կերտման հարցում մեր հիմնական կռուանն ու մեր ժողովրդի ուժի, կազմակերպուածութեան առանցքն է:
Ամփոփ անդրադառնամ մի քանի այլ հարցերի:
Քիչ մնաց Հայկական Ցեղասպանութեան 100ամեակին, որը պէտք է դառանայ Հայ Դատի պայքարի հարցում անկիւնադարձային թուական: Նոր հանգրուանը սկսել ենք՝ զոյգ կաթողիկոսների Ապրիլ 24եան պատգամով, սկիզբ դնելով հայկական պահանջատիրական պայքարի նոր հանգրուանի համար: Թող այն մի տեղ կոչուի ցեղասպանութեան հետեւանքների վերացման պայքար, մեզ մօտ՝ պահանջատիրական, բայց կարեւորը այս հանգրուանը միասնաբար սկսելու, միասնական շարքերով հետապնդելու ու համահայկական կազմակերպուածութիւն դրսեւորելն է:
Կարեւոր թուականի մօտենալու հետ, տեսնում ենք, որ Թուրքիան կրկին աշխուժանալու տրամադրութիւն է դրսեւորում: Կրկին կարող են շրջանառութեան մէջ դրուել տխրահռչակ արձանագրութիւնները: Աշխարհի աչքին կրկին կարող են թոզ փչել, իբրեւ թէ շարունակւում է հայ-թուրքական մերձեցման գործընթացը: Մենք պէտք է զգօն լինենք: Ոչ ոք իրաւունք չունի կրկին խաղի գալ, մենք թոյլ չենք տալու: Մասնաւորաբար 100ամեակի շեմին մեզ ամէնից շատ պէտք է միասնականութիւն:
Արցախի հարցում այսօր մենք դիմագրաւում ենք երկու մակարդակի հարցեր՝ ընթացող բանակցութիւններ, ԼՂՀ ամրապնդում կամ Անկախ Արցախի ամէնօրեայ կայացում: Բանակցութիւնների նոր փուլը հերթական նոր փուլ չէ, չգիտեմ հայկական դիւանագիտութեան թէ Ադրբեջանի ապիկարութեան պատճառով ստեղծուել է հնարաւորութիւն՝ նոր սկիզբ ապահովել այս փուլում: Սեղանի վրայ չկայ որեւէ փաստաթուղթ եւ մեզ ընձեռուած է հնարաւորութիւն, բանակցութիւնների հիմքում ոչ թէ ունենաք ԼՂԻՄը այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը սահմանադրութեամբ ամրագրուած իր սահմաններով:
Արցախի պետականութեան ամրապնդումը, անվտանգութեան երաշխիքների, զարգացած տնտեսութեան կայացումը, ժողովրդագրական պատկերի ապահովումը սրբազան գործեր են, իրականում դրանք Արցախի ազատագրութեան շարունակութիւնն են եւ պէտք է համահայկական ծրագիր ու գործ դառնան:
Չեմ կարող չանդրադառնալ մեր ժողովրդի ամենավտանգուած հատուածին՝ սիրիահայութեանը: Յուսանք, որ մեր հայրենակիցները, Սիրիայի ժողովրդի հետ միասին խաղաղութեան մէջ կը դիմաւորեն նոր տարին, բայց ցանկութիւններից այն կողմ պէտք է համայն հայութիւնը, սկսեալ հայկական պետականութիւնից մինչեւ ի սփիւռս աշխարհի իր բարոյական, քաղաքական, յարաբերական աշխատանքով ու օժանդակութիւններով ամէն օր իր շունչը զգացնել տայ սիրիահայութեան թիկունքին: Մենք մեծ գործ ունենք անելու, նոյնիսկ երբ աւարտուի այս չարաբաստիկ պատերազմը Սիրիայում:
Մեր ուժի հիմնական եւ միակ աղբիւրը մեր ժողովուրդն է: Մեր ժողովրդի իւրաքանչիւր մաս, կտոր, բեկոր հայ ժողովրդի ուժի, մեր ուժի բաղկացուցիչ մասն է: Երբ կազմակերպուած է մեր ժողովրդի որեւէ հատուած, միայն այդ դէպքում այն կարող է մաս կազմել հայ ժողովրդի ուժին ու դերակատար դառնալ հայկական ռազմավարութեան մէջ:
Սփիւռքը եւս կազմակերպման, վերակազմակերպման անհրաժեշտութիւն ունի. չպէտք է բաւարարուել արդէն իսկ աւանդական դարձած մեր կազմակերպական շրջաններով, նախ անհրաժեշտ է իւրաքանչիւր շրջան ծրագրուած աշխատանք տանի մեր կազմակերպական ցանցից օրըստօրէ դուրս մնացող զանգուածները մեր մէջ առնելու, իսկ միւս կողմից մեզ հասանելի նորանոր շրջաններում մեր կազմակերպական ցանցը տարածելու:
Սփիւռքը անխուսափելիօրէն տագնապելու է Հայրենիքի վիճակով, մասնաւորաբար, երբ կան տագնապելու լուրջ պատճառներ, սակայն կարեւոր է, որ այն չվերածուի ծայրայեղ վատատեսութեան ու անյուսութեան՝ հայրենիքից հեռաւորութիւն պահելու ազգավնաս երեւոյթի: Պէտք է կրթել ու դաստիարակել սերունդները Հայրենիքի ցաւով, թերութիւնների վերացման յանձնառութեամբ, բայց նաեւ ու անպայման հայրենիքի սիրով ու Հայրենիքի նկատմամբ պատասխանատուութեան ու պարտականութիւնների գիտակցութեամբ:
Սփիւռքը մեր հայրենիքի շարունակութիւնն է, մեր յաւելեալ ուժի մաքրութեան ու կարելիութիւնների աղբիւրն է: Հզօրացնենք Սփիւռքը, սփիւռքեան գաղթօջախները իբրեւ հայկական ռազմավարութեան հիմնական դերակատարութիւն ունեցող հայրենիքին յաւելեալ ուժ ընձեռող ի պահանջեալ հարկին Հայ Դատի հրամայականներից մեկնելով հայրենիքին զգօն պահող ուղղութիւն տուող ինքնուրոյն ուժի: