ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Միացեալ երիտասարդական լիգա»ի համակարգող Սեւակ Յովհաննիսեան «Նիուզ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին խօսած է աղանդաւորական շարժումներուն եւ այդ գծով տարուող աշխատանքներուն մասին։ «Կրօնական կազմակերպութիւններից տուժածների համար Յունուարի կէսերից անվճար գործելու է «Տուժածների օգնութեան եւ վերականգնողական կենտրոնը», որտեղ աշխատելու են լրագրողներ, հոգեբաններ եւ իրաւաբաններ», նշած է ան։
«Տուժածների օգնութեան եւ վերականգնողական կենտրոնում չեն աշխատի եկեղեցու սպասաւորներ, քանի որ կրօնական կառոյցներից տուժածներին օգնելու համար պէտք չէ մի կրօնական կազմակերպութիւնից հանել եւ մէկ այլ ուղղութեամբ տանել: Մենք կը լսենք նրանց խորհուրդները, բայց նպատակայարմար չենք գտնում նրանց մասնակցութիւնը կենտրոնի գործունէութեան առաջին փուլում», դիտել տուած է Սեւակ Յովհաննիսեան:
Ըստ անոր տեղեկութիւններուն՝ 2011էն Հայաստանի մէջ գործելու սկսած են 5 նոր աղանդներ՝ «Ռէյկի», «Աստծոյ մանուկ», «Լոգոս եկեղեցի», «Արարատ եկեղեցի», «Գաւիթ եկեղեցի», որոնցմէ միայն «Աստծոյ մանուկ» աղանդը արձանագրուած է:
«2009ից Հայաստանում գործում է չգրանցուած «Ռէյկի» աղանդը, որը տիեզերական էներգիա է իջեցնում մարդկանց վրայ: Իսկ «Աստծոյ մանուկ» աղանդը նոր է. այն սկսել է գործել 2013ից եւ դեռեւս գործում է միայն Կոտայքի մարզում: Մնացած երեք աղանդների հետեւորդները նշում են, որ իրենք աւետարանական հաւատքի քրիստոնեաներ են», նշած է ան։
«Միացեալ երիտասարդական լիգա»ն Երեւանի եւ մարզերուն մէջ Յունիսէն մինչեւ Դեկտեմբերի սկիզբը հարցախոյզ կատարած է՝ պարզելու, թէ քանի՞ աղանդաւորական կայ Հայաստանի մէջ. «Մենք հարցումն անցկացրել ենք հետեւեալ կերպ՝ «Արդեօ՞ք հայ առաքելական կամ այլ եկեղեցիների հետեւորդներ էք», դիտել տուած է Սեւակ Յովհաննիսեան:
Հարցախոյզին մասնակցած է 8 հազար 357 անձ, որոնցմէ միայն 56.37 տոկոսը առաքելական եկեղեցւոյ հետեւորդ է, կաթողիկ է եւ ուղղափառ եկեղեցւոյ հետեւորդ է 1.95 տոկոսը, «Կեանքի խօսք» աղանդի հետեւորդ՝ 24.4 տոկոսը, «Եհովայի վկայ» աղանդի հետեւորդ՝ 9.8 տոկոսը եւ հեթանոս է 0.16 տոկոսը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.