
ԳԷՈՐԳ ԱՒՉԵԱՆ
Հայաստանում գրանցուած են ու գործում են մի քանի տասնեակ քաղաքական կուսակցութիւններ: Սրանք նորմալ գործունէութեան համար պէտք է ունենան որոշակի միջոցներ՝ դրամ, գոյք, մարդկային ռեսուրս (քանակ-Խմբ.): Եւ միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թէ կուսակցութիւնները, յատկապէս՝ խորհրդարանականներն ու նրանք, որոնք առաւել յայտնի են հասարակութեան շրջանում, ինչ ֆինանսական, գոյքային ռեսուրսների են տիրապետում, ինչ գումարներ են ծախսում եւ ծախսո՞ւմ են արդեօք:
Մօտ 7 տասնեակ կուսակցութիւններից շատ քչերն են բիւջետային ֆինանսաւորում ստանում:
Այսպիսով՝ ՀՀԿն 2012թ., ըստ յայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 362 մլն. 890 հազար դրամ անդամավճարներից գոյացած միջոցներ, 1 մլն. 500 հազար դրամ անհատների նուիրատուութիւններ, 150 հազար դրամ իրաւաբանական անձանց նուիրատուութիւններ, 29 մլն. 530 հազար դրամ օրէնքով նախատեսուած կարգով ստացուած բիւջետային ֆինանսաւորում եւ 21 մլն. 40 հազար դրամ օրէնքով չարգելուած այլ աղբիւրներից դրամական մուտքեր: Հանրագումարում ՀՀԿն ունեցել է 442 մլն. 11 հազար դրամ յայտարարագրուած ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցութիւնը վճարել է 150 մլն. 572 հազար դրամ ֆիզիքական անձանց աշխատավարձերի, չօգտագործուած արձակուրդների փոխհատուցման եւ նպաստների տեսքով, 40 մլն. 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն. 840 հազար դրամ տարածքի վարձակալութեան համար է վճարել, 21 մլն. 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն. 101 հազար դրամ՝ հարկեր-տուրքերի համար: Եւս 1 մլն. 5 հազար դրամ ՀՀԿն ծախսել է գոյք ձեռք բերելու համար եւ 122 մլն. 327 հազար դրամ՝ ներկայացուցչական ու անհատոյց տրուած ակտիւների համար: Ընդհանուր առմամբ՝ կուսակցութեան ծախսերը կազմել են 354 մլն. 44 հազար դրամ: Բացի այդ, ՀՀԿն ունեցել է նաեւ 273 մլն. 364 հազար դրամ արժողութեամբ անշարժ եւ 197 մլն. 988 հազար դրամ արժողութեամբ շարժական գոյք, ինչպէս նաեւ 1 մլն. 5 հազար դրամ արժողութեամբ օդորակիչ, ջրի սառեցման սարք, հեռախօսներ ու աթոռներ:
ԲՀԿն 2012թ. համար յայտարարագրել է 58 մլն. 106 հազար դրամ դրամական մուտքեր, որից 17 մլն. 511 հազար դրամ՝ օրէնքով նախատեսուած կարգով բիւջետային ֆինանսաւորումից: Կուսակցութիւնը 2012թ. կատարել է 49 մլն. 173 հազար դրամի ծախսեր: Յատկանշական է, որ կուսակցութիւնը անշարժ գոյք չի յայտարարագրել, ասել է թէ՝ չունի: ԲՀԿի շարժական գոյքի արժէքն էլ, ըստ յայտարարագրի, կազմել է 7 մլն. 316 հազար դրամ:
ՕԵԿը, ըստ լրացուած յայտարարագրի, 2012թ. ունեցել է 16 մլն. 710 հազար 900 դրամ, որից 4 մլն. 33 հազար 400 դրամը ստացել է բիւջետային ֆինանսաւորումից: Կուսակցութիւնը ծախսել է 15 մլն. 719 հազար 600 դրամ, եւ մնացորդը կազմել է 991 հազար 300 դրամ: ՕԵԿն ունի նաեւ 31 մլն. 302 հազար դրամի անշարժ եւ 2 մլն. 920 հազար դրամի շարժական գոյք:
ՀՅԴն 2012թ. ունեցել է 1 մլն. 110 հազար դրամ մնացորդ նախորդ տարուանից, եւս 48 մլն. 900 հազար դրամ գոյացել է անդամավճարներից, 6 մլն. 740 հազար 900 դրամ բիւջետային ֆինանսաւորմամբ է ստացել եւ 3 մլն. 200 հազար դրամ՝ օրէնքով չարգելուած այլ աղբիւրներից: Կուսակցութեան դրամական միջոցները, ընդհանուր առմամբ 2012թ.կազմել են 58 մլն. 840 հազար 900 դրամ: Կուսակցութեան ծախսերը կազմել են 59 մլն. 634 հազար 900 դրամ: Կուսակցութիւնն ունի նաեւ 663 մլն. 820 հազար դրամ արժողութեամբ անշարժ եւ 35 մլն. 404 հազար դրամ արժողութեամբ շարժական գոյք:
ՀԱԿ կուսակցութիւնը տարեսկզբին նախորդ տարուանից ունեցել է 13 հազար 200 դրամ մնացորդ, ստացել է 2 մլն. 928 հազար 900 դրամ օրէնքով նախատեսուած բիւջետային ֆինանսաւորում ՀԱԿ դաշինքի համար: Կուսակցութեան ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն. 259 հազար 700 դրամ՝ ըստ յայտարարագրի: Տարուայ ընթացքում կուսակցութիւնը ծախսել է 3 մլն. 65 հազար 900 դրամ գումար, մնացորդը կազմել է 2 մլն. 207 հազար դրամ: Կուսակցութիւնը տիրապետում է նաեւ 55 մլն. 848 հազար 975 դրամ արժողութեամբ անշարժ գոյքի, իսկ շարժական գոյք չի յայտարարագրել:
«Ժառանգութիւն» կուսակցութեան մնացորդը 2012թ. տարեսկզբին եղել է 927 հազար դրամ եւ 4 հազար ԱՄՆ դոլար: Տարուայ ընթացքում կուսակցութիւնն ունեցել է 8 մլն. 490 հազար դրամ ֆիզիքական անձանց նուիրատուութիւն, որից 1 մլն. 176 հազար դրամը նուիրաբերել է Րաֆֆի Յովհաննիսեանը, բիւջէից էլ ստացել է 4 մլն. 387 հազար դրամ: «Ժառանգութեան» ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն. 53 հազար դրամ, որից կուսակցութիւնը ծախսել է 26 մլն. 359 հազար դրամը՝ մնացորդում թողնելով 4 մլն. 610 հազար դրամ եւ 4 հազար ԱՄՆ դոլար գումար: Կուսակցութիւնն անշարժ գոյք չի յայտարարագրել, իսկ շարժական գոյքի արժէքը կազմել է 8 մլն. 542 հազար դրամ:
Հետաքրքիր է, օրինակ, Հայկ Բաբուխանեանի գլխաւորած ՍԻՄ կուսակցութեան ներկայացրած յայտարարագիրը, ըստ որի՝ կուսակցութիւնն ունի 8163 անդամ, որոնցից գանձել է 816 հազար 300 դրամ անդամավճար: Եւս 5 մլն. 100 հազար դրամ կուսակցութիւնը ստացել է «Իրաւունք մեդիա» ՍՊԸից, որը հրատարակում է «Իրաւունք» թերթը: Կուսակցութիւնն ընդամէնն ունեցել է 6 մլն. 309 հազար 600 դրամ եւ եւս 393 հազար 300 դրամ մնացորդ է ունեցել նախորդ տարուանից: Ծախսել է 6 մլն. 104 հազար 700 դրամը: Կուսակցութիւնը յայտարարագրել է 52 մլն. 400 հազար դրամ արժողութեամբ անշարժ գոյք, իսկ շարժական գոյք չի յայտարարագրել:
Առաւել հետաքրքիր է մեծահարուստ Գուրգէն Արսէնեանի ղեկավարած ՄԱԿ կուսակցութեան յայտարարագիրը: Պարզւում է՝ կուսակցութեան ունեցած ամբողջ 8 մլն. 550 հազար 800 դրամ միջոցներից 7 մլն. 32 հազար 400 դրամն անցեալ տարուանից մնացած գումար է, իսկ 1 մլն. 464 հազար 900 դրամը կուսակցութիւնը ստացել է բիւջետային ֆինանսաւորմամբ: Եւ ընդամէնը 53 հազար 500 դրամն է կուսակցութիւնը այլ՝ օրէնքով չարգելուած աղբիւրներից «հայթայթել»: Այդ ամբողջ «հարստութիւնից» էլ կուսակցութիւնը ծախսել է 2 մլն. 895 հազար 100 դրամ, այնպէս որ, դեռ 5 մլն. 655 հազար 700 դրամ էլ մնացել է 2013թ. համար: Հետաքրքիր է նաեւ, որ որեւէ անշարժ կամ շարժական գոյք կուսակցութիւնը չի յայտարարագրել:
Ստեփան Դեմիրճեանի գլխաւորած ՀԺԿն նախորդ տարի ունեցել է 2 մլն. 8 հազար 800 դրամ դրամական միջոցներ, որից 1 մլն. 625 հազար դրամը գոյացել է անհատների նուիրատուութիւններից, իսկ մնացած 366 հազար 100 դրամը ստացել է պետբիւջէից: Կուսակցութեան ծախսերը կազմել են 1 մլն. 989 հազար 600 դրամ: ՀԺԿն յայտարարագրել է 9 մլն. 312 հազար 600 դրամ արժողութեամբ անշարժ գոյք, իսկ շարժական գոյք չի յայտարարագրել:
Տարուայ ընթացքում 540 հազար դրամ մուտքեր է ունեցել Պետրոս Մակէյեանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցութիւնը, որից 290 հազար դրամը գոյացել է անդամավճարներից, իսկ 250 հազար դրամը՝ ֆիզիքական անձանց նուիրատուութիւններից: Իր ստացած ամբողջ գումարը կուսակցութիւնը ծախսել է, անշարժ կամ շարժական գոյք էլ չի յայտարարագրել:
1 մլն. 347 հազար դրամ ունեցել է Արամ Յարութիւնեանի «Ազգային համաձայնութիւն»ը, որը նոյնպէս բիւջետային ֆինանսաւորում չի ստացել: Կուսակցութեան ծախսերը կազմել են 1 մլն. 226 հազար դրամ: Ըստ յայտարարագրի, այս կուսակցութիւնը եւս որեւէ շարժական կամ անշարժ գոյք չունի:
Բիւջետային «առատ» ֆինանսաւորում է ստացել Արտաշէս Մամիկոնովիչի «Ազգային միաբանութիւն»ը, որի 1 մլն. 569 հազար դրամ միջոցներից 1 մլն. 232 հազար դրամը ստացուել է բիւջետային ֆինանսաւորմամբ, 10 հազարը՝ այլ աղբիւրներից եւ 326 հազար էլ իրաւաբանական անձի կողմից նուէր է ստացել: 1 մլն. 236 հազար դրամը «Ազգային միաբանութիւն»ը ծախսել է: Կուսակցութիւնն ունի նաեւ 49 մլն. 822 հազար դրամի անշարժ գոյք, իսկ շարժական գոյք չունի:
Վազգէն Մանուկեանի ղեկավարած ԱԺՄն նախորդ տարի բիւջետային ֆինանսաւորում չի ունեցել, 3 մլն. 389 հազար դրամ միջոցների մուտք է ունեցել ֆիզիքական անձանցից, եւ նախորդ տարուայ մնացորդի հետ միասին կուսակցութեան հաշուին եղել են 3 մլն. 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ: Եղած միջոցներից կուսակցութիւնը ծախսել է 3 մլն. 322 հազար 400 դրամը, իսկ 107 հազար 100 դրամ էլ մնացորդ է ունեցել: Կուսակցութիւնը անշարժ գոյք չի յայտարարագրել, բայց ունեցել է 391 հազար 900 դրամի շարժական գոյք:
Պարոյր Հայրիկեանի գլխաւորած ԱԻՄն էլ նախորդ տարի ունեցել է 794 հազար 800 դրամ դրամական միջոց, բիւջետային ֆինանսաւորում չի ստացել, ծախսել է 637 հազար 800 դրամ, յայտարարագրել է 909 հազար դրամ արժողութեամբ շարժական գոյք՝ 500 հազար դրամանոց 1 աւտոմեքենա եւ 409 հազար դրամ արժողութեամբ 3 համակարգիչ եւ 1 ֆաքս: ԱԻՄը նոյնպէս անշարժ գոյք չի յայտարարագրել:
ՀԿԿն 2012թ. ունեցել է 1 մլն. 284 հազար դրամ, որից 127 հազար դրամը գոյացել է անդամավճարներից եւ 1 մլն. 25 հազարը՝ մուտքի վճարներից, ծախսել է 1 մլն. 248 հազար դրամ: Երբեմնի միակ ու ամենահարուստ կուսակցութիւնը որեւէ շարժական կամ անշարժ գոյք չի յայտարարագրել:
2012թ. համեմատաբար «հարուստ» կուսակցութիւններից է եղել Արամ Գասպարի Սարգսեանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցութիւնը՝ իր հաշուին ունենալով 9 մլն. 224 հազար 400 դրամ: Այս կուսակցութիւնը բիւջետային ֆինանսաւորում չի ունեցել, ծախսերն էլ կազմել են 9 մլն. 225 հազար 700 դրամ: Որեւէ անշարժ կամ շարժական գոյք կուսակցութիւնը չի յայտարարագրել:
Ընդամէնը 240 հազար դրամ է յայտարարագրել ՍԴՀԿն, որից ծախսել է 207 հազար դրամը: Աւանդական ու երբեմնի հարուստ այս կուսակցութիւնը եւս որեւէ անշարժ կամ շարժական գոյք չի յայտարարագրել:
Խոսրով Յարութիւնեանի Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւնն այս տարի յայտարարագրել է 4 մլն. 428 հազար դրամ միջոցներ, որից միայն 108 հազար դրամն անդամավճարներից է գոյացել, իսկ 4 մլն. 320 հազար դրամն իր կուսակցութեանն է նուիրաբերել Խոսրով Յարութիւնեանը: Գումարներն ամբողջութեամբ կուսակցութիւնը ծախսել է: Նախկին վարչապետ ու ԱԺ նախագահի ղեկավարած կուսակցութիւնը անշարժ կամ շարժական գոյք չունի:
Ամենաուշագրաւներից է, թերեւս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցութեան յայտարարագիրը՝ զրոյական: Այսինքն՝ կուսակցութիւնը մուտքային միջոցներ չի ունեցել, որեւէ գումար չի ծախսել, որեւէ անշարժ կամ շարժական գոյքի չի տիրապետում:
Նման «կարգավիճակում» են նաեւ Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական» եւ Դաւիթ Յակոբեանի «Մարքսիստական» կուսակցութիւնները, որոնք որեւէ եկամուտ, ծախս, անշարժ կամ շարժական գոյք չեն յայտարարագրել:
Մի խօսքով՝ ընդհանուր եզրակացութիւն կարելի է անել, որ Հայաստանի կուսակցութիւնները հիմնականում աղքատ են, ակտիւ ծախսային ծրագրեր չեն իրականացնում: Բայց զարմանալի է այն հանգամանքը, որ նման ցածր ակտիւութիւն են ցուցաբերում նաեւ բիւջետային «չաղ» ֆինանսաւորում ստացող կուսակցութիւնները եւս: Ու եթէ «աղքատ» կուսակցութիւնները դեռ հասկանալի է՝ միջոցներ չունեն ակտիւ ծախսային ծրագրերի համար, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ ու ի՞նչ ծրագրերի վրայ են ծախսում իրենց միջոցները «հարուստ» կուսակցութիւնները: Մի անհասկանալի բան էլ կայ՝ ինչո՞ւ են Հայաստանում գործում այսքան կուսակցութիւններ, եթէ նոյնիսկ մէկ դրամի շարժ չեն կարողանում ապահովել: