ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Մինչեւ Էմիլին հանդիպելը, ծանօթացել եմ նրա ստեղծագործութիւնների՝ քանդակների, գեղանկարների ու գծանկարների հետ, որոնք էլ մեծ ցանկութիւն առաջացրին հանդիպելու դրանք արարողի հետ: Ասում եմ արարողի, որովհետեւ իրական արուեստագէտը աւելին է, քան սովորական մահկանացուն, այդ էր պատճառը, որ երբ առաջին անգամ նրան տեսայ իր քանդակների կողքին, ինչ որ տարօրինակ դող պարուրեց մարմինս, չէի կարողանում կողմնորոշուել՝ Էմի՞լն է ծնունդ տուել այդ քանդակներին, թէ քանդակները՝ Էմիլին: Բոլոր ստեղծագործութիւնների մէջ ինքն էր՝ արարողը, Էմիլի ու ցուցադրուած աշխատանքների արտաքին ու ներքին համէութիւնը: Համականութիւնն ու համահաշտութիւնը այնքան բնորոշ ու թափանցիկ էին, որ ակամայից ցնցուեցի ու հարց ծագեց՝ որտեղի՞ց է սերուել այս երեւոյթը, ինչպիսի՞ դպրոց ու ինչպիսի՞ դասականների հետ է սեղան նստել այս տարօրինակ մահկանացուն, ինչպէ՞ս է կարողացել կարճ ժամանակում դասական երաժշտութիւնը, հնչիւնների իր ողջ հմայքով, դարձնել շօշափելի նիւթ ու քանդակի միջոցով փոխանցել մեզ:
Մի օր Էմիլը իր կնոջ՝ Մանէի հետ, եկաւ ինձ մօտ: Այցետոմս էր պատուիրում: Մինչ ես ու Մանէն համակարգչի առջեւ փորձում էինք ձեւաւորել այն, նա վերցրեց մի թուղթ, խնդրեց մատիտ ու անցաւ գործի: Ինձ էր գծում, ես էլ կէս կատակ կէս լուրջ ասացի. «Ինչ էլ գծես, Էմիլ է դուրս գալու»: Ժպտաց: Մենք այցետոմսի վրայ աշխատեցինք այնքան ժամանակ, ինչքան՝ նա իմ դիմագծի վրայ: Չհաւանեց մեր աշխատանքը, պարզ տուէալներով ու մի փոքրիկ գծանկարով բաւարարուեց, իսկ նրա գծած իմ դիմանկարի մէջ ես տեսայ վարպետին՝ իր ողջ հմայքով. «Ասում էի, չէ՞, սա դու ես՝ իմ տեսքով, սա որեւէ տեղ ցուցադրելիս, չեն ասի Արամունին է, այլ՝ Գազազը:
Աստուած իր արարչութեան գլուխգործոցին՝ մարդուն, տուեց իր կերպարանքն ու նրան օժտեց մտածելու եւ արարելու շնորհով: Իսկ Էմիլը իր քանդակներին՝ մարդակերպ կենդանիներին ու կենդանակերպ մարդկանց, ոչ միայն կերպարանաւորում է իր պարզ ու բարի արտաքինով, այլեւ՝ ներքին բարդ, խրթին ու անճանաչելի աշխարհով: Էմիլի արարած աշխարհում մարդը, կենդանական ու բուսական աշխարհը միաձուլուած հանդէս են գալիս որպէս մէկ միաւոր: Էմիլի աշխարհը կրում է այն մանկան հոգին, որտեղ դեռ բոյն չի դրել չարքը, չկայ հրեշ, իսկ եթէ անգամ կայ, ապա դա միայն հրեշակերպ բարին է…
Էմիլի նախադասութիւնները կարճ են, դժուար է նրան «հեքիաթ» պատմել, «նաղլ» (պատմութիւն-Խմբ.) ասել: Յաճախ եմ ցանկացել նրա հետ հարցազրոյցի նստել, փորձել եմ, չի ստացուել, նրա խօսքը աշխատանքն է, խօսում է այնպէս, ինչպէս աշխատում է, բառերը ծեփւում են, նախադասութիւնները՝ գծւում, իսկ նրա ծեփածն ու գծածը հասկանալը ամէն մարդու խելքի բանը չէ…
Ես այսպէս եմ ընկալում Էմիլ Գազազին, իսկ թէ նրան ինչպէս են ընկալել, մեկնաբանել ու գնահատել աշխարհի լաւագոյն արուեստագէտները, թող խօսեն մի քանի տասնեակի հասնող մրցանակները, պատուոգրերն ու կոչումները, որոնց մասին խօսել չի սիրում ինքը՝ մեր օրերի լաւագոյն վարպետներից մէկը՝ Էմիլ Գազազը: