
Վարեց՝ ՅԱՍՄԻԿ ԳԷՕԶԱԼԵԱՆ
Կոճակ սեղմող քաղաքական մեծամասնութիւն եւ սեւ քառակուսու մէջ յայտնուող քաղաքական փոքրամասնութիւն, «հայհոյող» խորհրդարան, մտաւորականները, լրագրողները եւ քաղաքականութիւնը, ՄՄ հնարաւոր մարտահրաւէրները, մշակութային քաղաքականութեան բացեր ու թերութիւններ… այս եւ այլ հրատապ հարցերի շուրջ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Հիմնարկի նախագահ Լիլիթ Գալստեանի հետ:
ՅԱՍՄԻԿ ԳԷՕԶԱԼԵԱՆ.- Խնդրում եմ խօսենք մեր խորհրդարանի որակի մասին: Ի վերջոյ, որքանո՞վ է այն հաւատարիմ իր առաքելութեանը: Տպաւորութիւնն այնպիսին է, որ մեր «ազգընտիրները», հեռանալով բուն նպատակից, զբաղուած են միմեանց վրայ ցեխ նետելով, միմեանց վիրաւորելով: Յիշենք թէկուզ նախորդ գումարման ժամանակ Հրայր Թովմասեան-Արմէն Ռուստամեան «փոխհրաձգութիւնը»:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Խորհրդարանում ունենալով նախկին գործընկերներ՝ մի փոքր կաշկանդուելով պէտք է գնահատականներ հնչեցնեմ, բայց ճշմարտութիւնն առաւել է… Խորհրդարանը եւ ոչ միայն այս, նախորդները եւս, չեն ներկայացրել Հայաստանի քաղաքական նկրտումների, հանրութեան քաղաքական սպասումների իրական քարտէսը: Եւ դրա գլխաւոր պատճառն, անշուշտ, այն խեղուած ընտրութիւններն են, որով ուղեկցւում է մեր իրականութիւնը բոլոր ընտրական հարթութիւններում՝ համապետական, թէ համայնքային: Հայաստանում, ըստ էութեան, ընտրութիւնը իշխանութեան ձեւաւորման հիմնական գործիքը չէ, եւ արդիւնքում՝ ունենում ենք մէկ կոճակի մեծամասնութիւն եւ քաղաքական փոքրամասնութիւն, որը շարունակ յայտնւում է սեւ քառակուսու մէջ, ուր կորչում է ճշմարտութունը, փոշիանում ժողովրդի սպասումը, ժողովրդի շահերի սպասարկումը եւ այլն: Եւ քանի որ «ձայն բազմաց» խորհրդարան չունենք, շարունակ անհանգիստ փողոց ենք ունենում, ժողովուրդն իր խնդիրների մեծ մասի լուծումը փորձում է փողոցում գտնել՝ յուսահատուելով, մաշուել-հեռանալով: Եթէ նոյնիկ քաղաքական փոքրամասնութիւնը 16 ձայնին գումարենք այլընտրանք ներկայացող ԲՀԿին, միեւնոյն է՝ մեծամասնութեան կոճակը միւս կողմում է, եւ ճշմարտութեան եւ «ինչ անելու» փնտռտուքները բախւում են այդ սեւ պատին եւ փշրւում:
Մեր հասարկութեան ամենախոցելի, մեր իրականութիւնն անպտղութեան, իռացիոնալութեան (ոչ տրամաբանականի-Խմբ.) հասցնող ամենացաւալի իրողութիւնն ատելութիւնն է: Այն երբեք չի կարող արգասաբեր լինել, չի կարող դրական հունով ուղորդել երկիրը: Բայց նաեւ հասկանում եմ. երբ իշխանութեան հետ բոլոր հնարաւոր երկխօսութիւնները սեւ քառակուսու են բախւում, իշխանութեան հետ խօսելու միակ ռեսուրսը (պաշարը-Խմբ.) մնում է ատելութիւնը եւ հայհոյանքը: Արդիւնքում՝ խորհրդարանում նոյնիսկ պարկեշտագոյն մարդկանց շուրթերից յանկարծ հայհոյանք է սպրդում, որովհետեւ հասկացնելու, երկխօսելու այլ ռեսուրս չեն թողել: Իրենք կարող են «տաղանդաւոր» հայեացքով քեզ ապացուցել, որ 2+2 բոլորովին էլ 4 չէ: Յուսահատութիւնը, յոռետեսութիւնը, անտէրութիւնն ու անելն են յանգեցնում ատելութեան: Ատելութիւնից արիւն կամ ինքնաոչնչացում շատ կարճ է ճանապարհը:
Ուկրաինական դէպքերի հետ զուգահեռներ եմ անցկացնում ու աղօթում, որ յանկարծ մեր պրկուած հասարակութեանը չդրդեն անցնել ատելութիւնից արիւն այս թափանցիկ սահմանը: Քաղաքական խոհեմութեան պատասխանատուութեան բեռը իշխանութեանն է: Չի կարելի ժողովրդի օդն այդքան փակել: Նոյնիսկ թթուածնի նման կենսական տարրն է պայթիւնի ընդունակ, երբ շատ ես կարծրացնում, ճնշում, սեղմում: Միթէ՞ չի գիտակցւում…
ՅԱՍՄԻԿ ԳԷՕԶԱԼԵԱՆ.- Այսօր ականատեսն ենք մի երեւոյթի, երբ լրագրողները, մտաւորականներն ու արուեստագէտներն են սկսում քաղաքականութեամբ զբաղուել: Ինչպէ՞ս էք վերաբերւում այս երեւոյթին:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ճիշդ բառ օգտագործեցիք՝ զբաղուել. քաղաքականութիւնը պարապութիւնից թթի ծառի տակ նարդի խաղալ չէ, քաղաքականութիւնը լրջագոյն պատասխանատուութեան եւ իմացութեան ոլորտ է, գաղափարական, քաղաքացիական համոզումների ու արժէքների անդրդուելի բեռով: Չի կարելի ինչ որ գրասենեակում ռեժիսոր, դերասան ու երգիչ աշխատել, յետոյ ժամը 12ից 6ը դառնալ քաղաքական գործիչ: Այդպէս չի լինում: Պատգամաւորի մանդատ (յանձնարարագիր-Խմբ.) նուէր ստանալը դեռ քաղաքական գործիչ լինել չի նշանակում: Խորհրդարանում ֆիզիքապէս լինելը եւս քաղաքական գործչի ցուցիչ չէ: Սրանք երկրի դեգրադացման (քայքայումին-Խմբ.) եւ արժէզրկման ընդհանուր սցենարի մէջ մէկ մեխ աւելացնողներ են ու սրանց ամէն մի յիմար, քծնախառն (իրենց կարծիքով՝ հաւատարմութիւնն այդպէս է լինում) արտայայտութեան հետեւից քաղաքական թիմը սկսում է խարխափել, թէ ինչ պատասխան տայ ու ոնց տակից դուրս գայ: Այդպէս չի լինում: Այս գիտակցումը նախ պէտք է երկրի տէրերը ունենան, որ ամէն թափթփուկի չնստեցնեն իրենց վագոնն, եւ մեր ազգային գնացքը դէպի վերջին կայարան չտանեն: Հայաստանում ամենամեծ խնդիրներից մէկը հէնց պատասխանատուութեան բացակայութիւնն է: «Զինաչոկակիր» քաղաքական «գործիչներ»ի մի համր, ագրեսիւ ու կեղծ հաւատարիմ բանակ կայ, որ իր կենսակերպով իմ հայրենքի կենսագրութեան մէջ անխմբագրելի խազեր է թողնում: Սրանք քաղաքական ֆէյքեր են: Պայքարում են ֆէյսբուքեան ֆէյքերի դէմ, իսկ քաղաքական ֆէյքերի դէմ ո՞վ պէտք է պայքարի: Երկարատեւ խաբուած մնալ չի լինում: Այո, թթուածինն ամենակենսական տարրն է, բայց ճնշումի տակ կարող է կործանարար լինել, ինչպէս եւ ջուրը, ինչպէս եւ կրակը: Ինչո՞ւ են ստիպում, որ դառնանք կործանարար, եթէ կարող ենք արարող լինել… բայց մեր երկրում այնուամենայնիւ կան մարդիկ, ովքեր այդ խաղերի կանոններին չեն ենթարկւում: Այդ տեսակն է ինձ ուժ տալիս, օդ տալիս: Այդ օդը չլինի, կարելի է այս իրականութեան մէջ մեռնել, խեղդուել: Մի կողմում հոգեւոր-մշակութային ակնածանքի ու երկրպագութեան արժանի վիթխարի ժառանգութիւն ու տրոփող զարկերակ, մի կողմում Հայաստան երկրիս հեռանկարը խաթարող քաղաքական ձախորդների ու գաւառամիտների մի անկշտում բանակ, որ մեզ համար ճակատագիր է որոշում: Բայց մենք բոլորս նոյն գնացքի մէջ ենք՝ մտաւորական ռեսուրսն ու քաղաքական ամուլ ինտելեկտը (իմացականութիւնը-Խմբ.): Արդեօք սա՞ է եղել մեր գոյութեան, կոդի բանաձեւը: Մեր քաղաքական ու հոգեւոր ինտելեկտը երբեք միմեանց լրացնող ու համարժէք չեն եղել:
ՅԱՍՄԻԿ ԳԷՕԶԱԼԵԱՆ.- ՄՄ մարտահրաւէրների մասին բազմիցս բարձրաձայնել էք: Կը խնդրէի խօսել յատկապէս մեր մշակութային արժէքներին ու լեզուին սպառնացող վտանգի մասին:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Մաքսային միութիւնն իմ մտածումների, անհանգստութիւնների մէջ է: Ցաւօք, մեզ շատ դաժան ընտրութեան առաջ կանգնեցրին՝ թէ՛ Եւրոպան, թէ՛ Ռուսաստանը: Երկուսն էլ «կամ-կամ»ի ընտրանք պարտադրեցին: Օրերս կարդում էի Գերմանիայի նախկին կանցլերի՝ ուկրաինական դէպքերի արձագանգը: Քաղաքական անեղծութեամբ եւ սթափութեամբ նա մեղադրում էր նաեւ Եւրոպական կառոյցներին՝ նշելով, որ Ուկրաինային ցնցումի տարաւ նաեւ ԵՄ կողմից խիստ կողմնորոշման, «կամ-կամ»ի մարտահրաւէրը: Նոյնը արեց նաեւ Ռուսաստանը: Պատերազմի մէջ գտնուող Ուկրաինան երկուսի համար էլ դառնալու է դաժան գլուխկոտրուկ, որը երկար ժամանակ ու ջուր է խլելու: Արդէն ձեռնոցը նետուած է, եւ գործընթացը հետ չես բերի: Հայաստանի հետ էլ լաւ չվարուեցին (չանդրադառնամ մեր մեղքի բաժնին, ներքին գործօններին ու անվտանգութեան խնդիրներին): Շատ կտրուկ դրուեց այդ «կամ-կամը»: Հիմա ունենք այն, ինչ ունենք, թէեւ ուկրաինական դէպքերը հնարաւոր է, որ նոր խմբագրումներ մտցնեն: Այս պահին որեւէ կտրուկ քայլ անելու շռայլութիւնը մեզ թոյլ տալու իրաւունքը չունենք: Բայց դա չի նշանակում, որ չպէտք է զգօն լինենք մեր հոգեւոր անվտանգութեան հարցում: Միջազգային կառոյցներին անդամակցումը սուվերենութեան կորստի ռեսուրս է իր մէջ պարունակում: Բայց սուվերենութեան առաջին գծում հոգեւոր անկախութիւնն է, որը ես տեսնում եմ լայն իմաստով մշակոյթի՝ լեզուի, գրականութեան, ինքնութիւնը սնող բոլոր բաղադրիչների մէջ: Ամերիկացիները, երբ ցանկանում են իրենց ճշմարտութիւնները հաստատել, սկսում են ամերիկեան համալսարաններից, կրթական համակարգից: Ամենամեծ արժէքների ինկուբատորը (աճեցնողը-Խմբ.) մշակոյթն է: Մեր ներքին խոհեմութեան, ազգային, քաղաքացիական քաղաքական առաջնահերթութիւնների, ռազմավարութեան, գիտակցումի խնդիրն է, թէ որքանով ենք մեր քաղաքական արժէքների հիերարխայում (նուիրապետուեան մէջ-Խմբ.) կարեւորում կրթութեան, լեզուի հոգեւոր բաղադրիչի դերը: Ես այս իմաստով շատ լաւատես չեմ, որովհետեւ Հայստանում վարուող պետական քաղաքականութեան մակարդակով ես շեշտադրումներ չեմ տեսնում: Մեր ինքնութեան եւ գոյի անօտարելի միջուկը մեր մշակոյթն է: Սակայն միշտ չէ, որ այդ գիտակցումը ունենք: Իսկ դա մեր արժանապատուութիւնը սնող ամենամեծ զարկերակն է: Նախ եւ առաջ իշխանութիւնը իրականացնող քաղաքական այրերի արժէքային համակարգում պիտի լինի հոգեւոր մշակութայինի կոդը: Արժէքների մասին պիտի շատ խօսուի, քարոզուի, որ հայ մարդը հասկանայ, որ իր համար չափանիշը քրէաօլիգարխիկ պատգամաւորի «Բրաբուս»ը չէ եւ մեր հոգու կոթողները «մոլերն ու սիթիները» չեն:
ՅԱՍՄԻԿ ԳԷՕԶԱԼԵԱՆ.- Մեր մշակութային արժէքները, ցաւօք, մենք ինքներս ենք անխնայ ոչնչացնում ու պղծում: Ո՞րն է մեր երկրում իրականացուող մշակութային քաղաքականութեան հիմնական բացը, եթէ մշակութային քաղաքականութիւն առհասարակ գոյութիւն ունի:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ես այս ամէնը կը դիտեմ արժէքների նահանջի եւ չափանիշների կորստի համատեքստում: Մշակոյթը՝ հասարակութեանը ամենամեծ ուղերձ բերող գանձարանն է, չափանիշ եւ տեսակ սահմանողը: Դեգրադացիաների, նահանջների, սպառողական եւ նիւթականացուած մեր իրականութեան մէջ, ցաւօք, մշակոյթը լուսանցքուեց: Բիւջէից սկսած, ներառեալ քաղաքական էլիտային (վերնախաւին-Խմբ.), կենսական բանաձեւերը, մշակոյթը հինգերորդական նշանակութեան շարասիւն է: Մշակութային էլիտան էլ միշտ բարձունքում չեղաւ, տէր չմնաց, ողնաշար չճշդեց (չնչին բացառութիւններով): Շատերին կարողացան օգտագործել ընտրութիւնների ժամանակ: Ուրիշներին՝ իբրեւ կրծքազարդ, տարան աւագանի կամ խորհրդարան: Որոշներին էլ գնեցին կոչումներով եւ մեդալներով: Ընդհանուր երկրի փիլիսոփայութեան մէջ մշակոյթը նահանջեց: Պետական ամբողջ հիերարխիան «անկարող» գտնուեց պաշտպանել «Ծածկած շուկա»ն: Այստեղ վերջանում է մշակութային մարդու արժանապատուութիւնը: Այստեղ բոլորս պարտուեցինք:
Մշակութային քաղաքականութիւնն այն բարոյական, կենսական ու քաղաքական հենքն է, որի վրայ պէտք է երկիր կառուցել: Չկայ առողջ մշակութային քաղաքականութիւն, չկայ երկիր: Շատ պիտի ուզենայի, որ այդ գիտակցումը լինէր մեր մէջ. մշակոյթի պետականաստեղծութեան գիտակցումը: Մշակոյթ չունեցողը քոչուոր է դառնում եւ իր վրանը որ անապատում էլ խփի, կապող բան չունի: Երբ քեզ ոչինչ չի կապում, տարածքը դառնում է աշխարհագրութիւն: Երկրի նախագահը պէտք է նաեւ հոգեւոր առաջնորդ լինի: Այն պահին, երբ հոգեւոր-մշակութայինը բաժանում ենք իշխանական բուրգի միասեռութիւնից, դառնում ենք խոցելի: