
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».– «Վերջին տարիներին զինուած ուժերում սահմանային բոլոր հատուածներում հակադիւերսիոն միջոցառումների իրականացման ուղղութեամբ բաւականին լուրջ աշխատանք է տարուել, անձնակազմի պատրաստութեանը զուգահեռ մշակուել է ինժեներական սարքաւորումների համապատասխան համակարգ, որը հնարաւորութիւն է տալիս կանխել դիւերսիոն ներթափանցման փորձերը», 24 Յուլիսին «Ազատութեան» հետ ունեցած զրոյցին ընթացքին՝ խօսելով սահմաններու անվտանգութեան մասին, այս յայտարարութիւնը կատարած է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան:
«Որպէսզի այսպէս՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջութեամբ տեղադրուեն առաջին գծում, պէտք է առաջին հերթին յստակեցուեն բոլոր սահմանները, դէմարկացիա լինի, որովհետեւ դրանք բաւականին թանկ միջոցներ են, եւ այդ թանկ միջոցների տեղադրումը, մանաւանդ այսօրուայ իրականութեան մէջ, երբ խախտումները լինում են մշտապէս եւ լարուածութիւն կայ առաջին գծում, այդ հնարաւորութիւնները մենք այսօր չունենք», նշեց ան:
«Տեխնիկական միջոցներ հնարաւոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատուածներում, որոնցում չկայ հակառակորդի անմիջական ազդեցութիւնը եւ որտեղ դիրքերը միմեանցից հեռու են», ըսած է Օհանեան: Պաշտպանութեան նախարարին համաձայն՝ այսօր փորձարկումներու հանգրուանի մէջ են սահմանային անվտանգութեան հայրենական սարքեր. «Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառոյցների հետ, որոնք կա՛մ առաջարկութիւններ են անում, կա՛մ նաեւ մեր պատուէրներն են կատարում՝ յատկապէս տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների հետ ենք համագործակցում»։
Տեղեկատուական արհեստագիտութեան ձեռնարկութիւններու միութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեան բաւարար չի նկատեր պաշտպանական գերատեսչութեան համագործակցութիւնը արհեստագիտական ոլորտի ընկերութիւններուն հետ:
«Այսօր Հայաստանում մշակւում են տեխնոլոգիաներ, որոնք կարող են ծառայել սահմանների անվտանգութեանը։ Աւելին ասեմ՝ այդ տեխնոլոգիաները Հայաստանը արտահանում է: Աւելին ասեմ ձեզ՝ մի շարք ընկերութիւններ աշխատում են այլ երկրների ռազմաարդիւնաբերական համալիրների համար», յայտնած է ան: