
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Նշանաւոր դերասան Վարդան Պետրոսեանի դէմ բացուած դատի վերջին նիստին, որ տեղի ունեցաւ 5 Սերտեմբերին Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանին մէջ, Վարդան Պետրոսեան առաջին անգամ ըլլալով ուզեց իր վկայութիւնը տալ:
Անկէ առաջ դերասանը յայտարարեց, որ «Հ2» պատկերասփիւռի կայանէն սփռուող Ռուբէն Գէորգեանցի ժապաւէնը թիւրիմացութիւն պատճառած է շատերուն՝ ենթադրել տալով, թէ ինք ազատ արձակուած է:
«Մարդիկ ուրախանում են որ դրսում եմ, բայց դա երկու տարի առաջ էր», յայտնած է դերասանը՝ պատկերասփիւռի կայանները յորդորելով զերծ մնալ այնպիսի հրապարակումներէ, ուր ինք մասնակցութիւն ունի։
Դերասանը բացատրած է, որ մինչեւ հիմա ինչո՛ւ չէ ուզած վկայութիւն տալ։ «Պատճառները շատ են: Աւագ քննիչ Հայկարամ Յակոբեան փորձել է ցուցմունք կորզել առանց իմ փաստաբանի ներկայութեան, կալանավայրում ցուցմունք չեմ տուել, քանի որ իմ պաշտպանին ժամանակին չէին տրամադրւում գործով փաստաթղթերն ուսումնասիրելու համար, ես ցուցմունք չեմ տուել որպէս բողոքի ակցիա: Երրորդ՝ դատարանում իմ նախաձեռնութեամբ ես որոշեցի ցուցմունք չտալ, որովհետեւ որոշեցի միակողմանի քայլեր անել դէպի հաշտեցում: Դա առաջին քայլն էր՝ ցուցմունք չտալ, քանի որ դա կը լինէր հակասութիւն տուժող կողմի ասածին, սակայն շատ ագրեսիւ հակազդեցութիւն եղաւ տուժողների կողմից, ասում էին, թէ ես վախենում եմ ցուցմունք տալ: Մի անգամ ասեցին՝ տղամարդկութիւն չունի ցուցմունք տալու: Տեսնելով, որ նրանք ցանկանում են, որ ես ցուցմունք տամ, ես որոշեցի անել դա»:
Անկէ ետք Վարդան Պետրոսեան մանրամասն պատմած է դէպքին օրը տեղի ունեցածին մասին։
«Աւտովթարի օրը նախապէս պայմանաւորուածութեամբ «Չէին Սպասում» հաղորդաշարը պէտք է նկարահանումներ անէր Սարալանջ գիւղի իմ տանը: Առաւօտեան քրոջս տնից դուրս եմ եկել, եկել եմ գիւղ, ես զբաղուել եմ ընկոյզ հաւաքելով: Եկաւ նկարահանող խումբը, սկսել ենք նկարահանումները: Բաւականին զուարճալի, արագ նկարահանում եղաւ, եւ ռեժիսորն առաջարկեց նկարահանում անել նաեւ «Քաղցած Չէին Սպասում» հաղորդման համար: Ես մի քիչ կողմ չեմ եղել, ես առհասարակ չեմ սիրում, որ ցոյց են տալիս ուտող մարդկանց, համեղ պատառներ, թէ ինչ լաւ ենք ապրում: Ես գիւղում էի, առաջարկեցի բաւարարուել եղածով, քոյրս եւ բարեկամներս պէտք է գային, խնդրեցի գնել ձուկ եւ պարագաներ, պատրաստեցինք ձկան հետ կապուած մի բան: Խնջոյք չի եղել. նկարահանումը վերջանում է, երբ սեղան են նստում: Բացառւում է օղի դնել սեղանին, օղու շիշ դնել, որեւէ օղու շշի պիտակ եղաւ, կը դիտարկուի՝ գովազդ:
æուրը լցուել է գրաֆինկայի մէջ, դա նկարհանուել է, դա չեն ստուգել, Աստուած իրենց հետ, նկարահանուել է նաեւ այն, երբ ասում են՝ ջուրը լցրեց: Սուրէնն ասում է՝ կադրը փչացաւ: Երկու փաստն էլ ցոյց են տալիս, երկու տեղ նկարհանուած է, որ ջուր է եղել», պատմած է Վարդան Պետրոսեան:
Նկարահանող խումբին հեռանալէն ետք, դերասանին վկայութեամբ, հեռացած են անոր քոյրն ու բարեկամները, աւելի ուշ՝ նաեւ ինք ճամբայ ելած է դէպի Երեւան: Ըստ անոր՝ ինք չէր կրնար ալքոլ խմել, քանի որ յաջորդ օրը ներկայացում ունէր, իսկ ներկայացումէն առաջ, ինչպէս նաեւ նկարահանման ընթացքին ինք ոգելից չի գործածեր: Գիշերը Երեւան գալու պատճառն ալ, ըստ դերասանին, այն էր, որ Սարալանջի մէջ ջուրի խնդիր կայ, իսկ ինքն առաւօտեան հարցազրոյցի համար ժամադրութիւն ունէր:
Դերասանը վստահեցուցած է, որ Եղուարդ-Երեւան խճուղիին վրայ, ուր տեղի ունեցած է ողբերգութիւնը, ինքնաշարժը վարած է թոյլատրելի արագութեամբ. «Ես վարել եմ ժամում 40 կմ. արագութեամբ, Եղուարդում դպրոցի մօտ քառասուն է, կանգնել եմ խաչմերուկում»:
Ան խօսած է Սարալանջի դրացիին՝ Օննիկի Յակոբեանի հետ, Եղուարդ քաղաքի սեփական տուներուն մօտ՝ ըսելով, որ ինք քաղաք կը մեկնի եւ յետոյ կը խօսի անոր հետ:
«Խաչմերուկից դուրս եմ եկել, մի քիչ աւելի անց տեղի է ունեցել աւտովթարը: Ես վարել եմ ինճ հասանելիք աջ կողմով, Ֆրանսիայում եմ վարել սովորել, այնտեղ սովորեցնում են վարել կողնակին մօտ, արգելք չհանդիսանալ վազանց անողներին, առաւել եւս, երբ սարսափելի վատ ճանապարհ է, լոյս չկայ: «Նիւա»ի յետադարձ լոյսը վառուած էր, մի քանի անգամ նշան եմ արել դալնի բլիժնի լոյսերով: Անսպասելիօրէն «Նիւա»ն թեքուել է դէպի խճուղի, հողային մասից դուրս է եկել դէպի բանուկ մաս եւ եղել է բախում: Ցաւում եմ, որ ձայնային ազդանշան չեմ տուել: Ես փորձել եմ արգելակել, արգելակել եմ: Գիտակցութիւնս տեղն է եղել: Կուրծքս էր ցաւում, ինձ տարել Եղուարդի հիւանդանոց, ալկոթեստ են անցկացրել, տեղափոխել «Էրեբունի»: Փրկարարներն ասեցին՝ քշելու ենք արագ: Ինձ ժամանակ առ ժամանակ ապտակում էին, ես հասկացայ, որ մեռնում եմ: Ես նրանց կատակներ եմ պատմել, ուրախացրել եմ: Չեմ իմացել, որ երեխաներ են մահացել: Ուրախ էի, որ մահուան դռան առաջ ուժ եմ գտել մարդկանց ուրախացնելու, կատակելու: Տղաների ոգին բարձրացնելու համար եմ կատակել: Վիրահատել են ինձ շատ արագ, ասացին, որ կէս լիտր արիւն եմ կորցրել, հանել են փայծախը, կարկատել են լեարդը: Ինձ ասել են, որ եղել է աւտովթար, ամենածանրը քո վիճակն է, դա ինձ ուժ էր տալիս, ես չէի հասկանում, կատակ էի անում, չէին ուրախանում. բժիշկները տեղեակ էին զոհերի մասին, բայց վերաբերւում էին լաւ», դէպքին մանրամասնութիւնները ներկայացուցած է Վարդան Պետրոսեան:
Իր պաշտպանին հարցումներուն պատասխանելով՝ դերասանը նաեւ հաստատած է, որ ինքնաշարժին մէջ ինք մինակ էր, սուտ են այն բամբասանքները, թէ իրեն հետ կային չորս կիներ:
Վարդան Պետրոսեան վստահեցուցած է, որ արկածը տեղի ունեցած է փողոցի բանուկ մասին մէջ, եւ ոչ թէ հողային բաժինին: Դերասանին խօսքով՝ «եթէ մի փոքր լուսաւորութիւն լինէր, վթարը կարող էր չլինէր»: