ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մշակոյթը ազգային ինքնութեան հիմնասիւններից է, եւ հայ ազգի յարատեւութեան գլխաւոր գրաւականներից: Հայրենիքից դուրս մեր մշակոյթի, հոգեւոր եւ իմացական արժէքների ճանաչման ու տարածման, ազգային գիտակցութեան պահպանման վեհ գաղափարն էր Համազգային Հայ Մշակութային եւ Կրթական Միութեան ստեղծման հիմքում: Շուրջ մէկ դար յետոյ էլ այս կազմակերպութեան նուիրեալ անդամներն աշխարհի տարբեր հատուածներում անխոջ իրականացնում են միութեան առաքելութիւնը՝ հայ համայքներին համախմբելով հայրենի մշակոյթի շուրջ:
Այս նպատակով էր, որ Նոյեմբերի 14-16ը Համազգային Հայ Մշակութային եւ Կրթական Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը նախաձեռնել էր հայ գեղանկարչութեան ու կերպարուեստի դասական ու ժամանակակից արուեստագէտների աշխատանքների բացառիկ ցուցադրութիւն Գլենդելում: Համազգայինի ձեռնարկին արձագանգել էր «Hovik՛s Arts» պատկերասրահի հիմնադիր, նկարիչ Յովիկ Քոչինեանը՝ ներկայացնելով իր հաւաքածուից երեք սերնդի շուրջ յիսուն հայ նկարիչների գործեր:
Գեղանկարչութիւնը ներկայացնում է ազգի բնաւորութեան ու ընդունակութիւնների կարեւոր յատկանիշներ՝ դառնալով տուեալ ժողովրդի իւրատեսակ բացայայտիչ: Դարերի ընթացքում ձեւաւորուած եւ ներկայում էլ ժամանակակից դրսեւորումներով հայկական գեղանկարչութեան տարբեր ժանրեր՝ պատմական, կենցաղային, եւ այլ, լաւագոյնս են ներկայացնում մեր ազգային դիմագիծը: Այս առումով, Համազգայինի կազմակերպած ցուցահանդէսում աշխատանքների բազմազանութիւնն ամբողջական էր:
«Մենք փորձեցինք ջերմ, հարազատ օջախի պատրանք ստեղծել հայրենիքից հեռու, մի անկիւն, որտեղ կարող ենք զգալ տան ջերմութիւնն ու հանգստութիւնը: Ներկայացուած ստեղծագործութիւնները միայն լոկ կտաւներ կամ գծանկարներ չեն՝ սրանցից իւրաքանչիւրը մասնիկն է մի անհատականութեան հոգեւոր աշխարհի, անհատներ, ոորոնցից մի մասն արդէն մեզ հետ չեն՝ ինչպէս Գրիգոր Խանջեանը, Յակոբ Յակոբեանը, Մինաս Աւետիսեանը, Գայիանէ Խաչատրեանը: Անուններ, ովքեր մեր մշակոյթի եւ մեր ազգի յենասիւններն էին, յաջորդողները Թորոս Ռոսլինի, Միսաք Մեծարենցի՝ բոլոր այն մեծ մտաւորականների, որոնց երկար տարիներ կրելով դառը պայքարն իրենց ուսերին մեր ազգը հասցրին 21րդ դար: Համազգայինի նուիրեալների հետ միասին մենք էլ փորձում ենք հայկական միջավայր ստեղծել Ամերիկայում, որը կարծես դարձել է հայերի երկրորդ հայրենիքը», իր խօսքում նշեց Յովիկ Քոչինեանը՝ ընդգծելով ձեռնարկի կայացման գործում Եդուարդ Մսրլեանի ներդրումը, ով Համազգայինի Սան Ֆրանսիսքոյի շրջանի նախկին ղեկավարն է եղել:
Ցուցահանդէսի հիմնական նպատակները ներկայացնելով, Համազգային Հայ Մշակութային եւ Կրթական Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան ատենապետ Մանուկ Չուխաջեանը յայտնեց, որ նման ձեռնարկների միջոցով ցանկանում են նաեւ ներկայացնել ու աջակցել հայ ժամանակակից գեղանկարիչներին: «Այս արուեստասրահը ստեղծելով, մենք յոյս ունենք, որ իւրաքանչիւր հայ, ով այցելի եւ ծանօթանայ մեր արուեստագէտների գործերին՝ կը գտնի իր համար հոգեհարազատ տարր եւ կը հեռանայ համակուած իւրատեսակ զգացումներով: Պէտք է քաջալերենք մեր նկարիչներին՝ ներկայում եւս ապահովելու հայկական կերպարուեստի հնչեղութիւնը մեր համայնքում եւ Միացեալ Նահանգներում», նշում է Չուխաջեանը:
Հայ արուեստի այս ցուցադրութիւնը հնարաւոր էր դարձել Համազգայինի նուիրեալների շնորհիւ. կազմակերպչական խորհրդի անդամ, արուեստասէր Ադուր Աղջայեանը համոզուած է, որ հայ արուեստագէտներն այսօր էլ նշանակալի ներդրում ունեն համաշխարհային արուեստում. «Հայ արուեստագէտն ինձ համար շատ մեծ հարստութիւն է, ոչ միայն այն պատճառով, որ հայ է, այլեւ՝ ինքնատիպութեամբ ու ոճով, մեծ ներդրում: Մեր նկարիչները միշտ եղել են իւրօրինակ, նորարար, եւ հաշուի առնելով մեր ազգի քանակը տոկոսային յարաբերութեամբ, մեր արուեստագէտները զգալի ներդրում ունեն աշխարհում: Մենք ամէն կերպ պէտք է աջակցենք մեր նոր սերնդի տաղանդաւոր արուեստագէտներին, քանզի մշակոյթը ռազմավարական նշանակութիւն ունի»:
Համազգայինի այս ցուցադրութիւնը կարծես մի թանգարան լինէր, որտեղ հայրենիքից հեռու ներկայացուել էին հայ անուանի եւ արդի յայտնի գեղանկարիչներից շատերը: Ցուցահանդէսի բացման բազմաթիւ հիւրերը, որոնց թւում էին նկարիչներ, գրողներ, հասարակական գործիչներ, յատուկ հիւրերից Ֆեթհիյէ Չեթինը, խանդավառուած էին ձեռնարկով: Նրանցից շատերը կիսուեցին տպաւորութիւններով.
Վիգէն Եագուպեան.- «Համազգայինի առաքելութիւնը, որ նաեւ հայ արուեստը տարածելն է, այսօր այստեղ շատ յաջող իրականացած եմ տեսնում: Ես միշտ ասել եմ, որ հայ արուեստագէտները, նկարիչները մեր ազգի լաւագոյն դեսպաններն են, անսխալ դեսպաններ են, քանզի միայն դրական էներգիա են փոխանցում, եւ դրանից լաւ դեսպան՝ կարելի չէ ունենալ: Հետեւաբար, մշակոյթը ոչ միայն հոգեկան գոհունակութեան աշխատանք է, նաեւ՝ ունի իր քաղաքական տարրը, ինչի միջոցով մենք հայկական ինքնութիւնը տարածում ենք ամենադրական կոչով»:
Խորէն Արամունի.- ««Ասպարէզ»ում կարդացել էի ցուցահանդէսի մասին ծանուցումը եւ ոգեւորուած էի: Բարեբախտաբար ոգեւորութիւնս անկում չապրեց՝ իսկապէս հրաշալի աշխատանքն է տարուած, իսկ ներկայացուած նկարիչները իւրաքանչիւր ազգի պիտի պատիւ բերէին: Ուրախ եմ, որ կայ նման միութիւն, որ հնարաւորութիւն է տալիս համայնքին ականատես լինելու նման ցուցադրութեան»:
Նելլի Ղուկասեան.- «Շատ ուրախալի է, որ Հայաստանից հեռու, Լոս Անջելսում ականատես ենք լինում նման սրահի բացմանը, որտեղ ներկայացուած են մեր դասականները, եւ նրանց կողքին, ծանօթանում ենք մեր ժամանակակից գեղանկարիչներին: Այստեղ ծնուած հայի նոր սերունդների համար յատկապէս, նման ձեռնարկները մեծ կրթական եւ տեղեկատուական նշանակութիւն ունեն»:
Ձեռնարկի ընթացքին Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան ատենապետը յայտարարեց, որ նման ձեռնարկներն այսուհետ շարունակական բնոյթ են կրելու: Չուխաջեանը կոչ արեց համայնքի արուեստագէտներին դիմելու իրենց. «Այս վայրը դառնալու է Համազգայինի կողմից հովանաւորուող արուեստի կենտրոն, որտեղ պիտի ցուցադրուեն արուեստի դասական եւ նոր նմուշներ, ինչը առիթ է հայ արուեստագէտներին իրենց գործերը ցուցադրելու այս հարազատ տան մէջ: Բոլորի համար մեր դռները բաց են, եւ մենք պատրաստ ենք աջակցելու եւ առիթը տալու, որ կապ ստեղծուի արուեստագէտի եւ հանրութեան միջեւ»:
Մանուկ Չուխաջեանը նաեւ յայտնեց, որ Համազգայինի շրջանային վարչութեան կենտրոնը շուտով պիտի վերածուի Արուեստի ակադեմիայի, որտեղ անցկացուելու են նկարչութեան, քանդակագործութեան կաւագործութեան դասընթացներ տարիքային բոլոր խմբերի համար:
Յատկանշական է, որ Համազգային Հայ Մշակութային եւ Կրթական Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան այս գեղեցիկ նախաձեռնութիւնը հովանաւորել էր «Ասպարէզ» օրաթերթը. ««Ասպարէզ»ը միշտ պատրաստ է քաջալերելու մշակութային ձեռնարկները: Յոյս ունենք, որ նման նախաձեռնութիւնները կը շարունակուեն, եւ մեր համայնքը հնարաւորութիւն կ՛ունենայ ապրելու մշակութային աւելի հարուստ կեանքով», նշում է օրաթերթի հայերէն բաժնի գլխաւոր խմբագիր Աբօ Պողիկեանը՝ վստահեցնելով, որ «Ասպարէզ»ը մշտապէս պատրաստ է աջակցելու այս վեհ նպատակին: