«Խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆեանն անբուժելի հիւանդութեամբ էր տառապում, եւ խնդիր էր ծագել աթոռակից պատրիարք ընտրելու համար, քանի որ այս պատրիարքն այլեւս անգործունեայ էր, եւ եկեղեցական կարգը թոյլ է տալիս անցկացնել նման ընտրութիւն եւ ընտրել աթոռակից պատրիարք: Մեր եկեղեցու պատմութիւնը հարուստ է նման օրինակներով», ասաց Ռուբէն Մելքոնեանը:
«Սակայն թուրքական իշխանութիւնները յարմար չգտան անցկացնել պատրիարքի ընտրութիւն. հայոց պատրիարքի ընտրութիւնը թոյլ է տալիս Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը:
Սա ինքնին արդէն աբսուրդ է, քանի որ թուրքական պետութիւնն իր ներքին գործերի նախարարութեան միջոցով միջամտում է զուտ կրօնական մի գործողութեան», աւելացրեց նա:
Նրա խօսքով՝ այդ կառոյցը թոյլ չի տուել անցկացնել պատրիարքի ընտրութիւն, եւ հայ համայնքը դէ ֆակտօ մնացել է առանց ղեկավարի, քանի որ Թուրքիայում հայերի, յոյների եւ հրեաների համայնքների առաջնորդները նրանց հոգեւոր առաջնորդներն են:
«Այս երկու անձանց միջոցով, ըստ էութեան, հայ համայնքն էլ պառակտուեց. ընտրութիւնների վերաբերեալ Թուրքիայի իշխանութիւններին հայ համայնքից եղան երկու տարբեր դիմումներ, որն էլ հիմք ընդունելով՝ թուրքական իշխանութիւնները չարտօնեցին պատրիարքի ընտրութիւնները», նշեց թուրքագէտը:
Շարունակելով մանրամասներ ներկայացնել՝ Ռուբէն Մելքոնեանն ասաց, թէ պատրիարք կարող է ընտրուել այն մարդը, որը կա՛մ Թուրքիայի քաղաքացի է, կա՛մ Թուրքիայի քաղաքացի է եղել, կա՛մ ծնուել է Թուրքիայում եւ առնուազն եպիսկոպոս է:
«Հնարաւոր թեկնածուները չորսն են ամբողջ Հայառաքելական եկեղեցու սպասաւորների մէջ. Արամ Աթեշեանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչեանը, Ստամբուլից Շահէն Սուաճեանը, որը բաւական տարիքով է, եւ Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը: Այս կիսանախընտրական շրջանը համայնքում ցոյց տուեց, որ առաջատարը հայաստանցի թեկնածուն է, եւ համայնքը, թէկուզ երբեմն ոչ բացայայտ, բայց սատարում էր այդ թեկնածուին: Հաւանական էր, որ ընտրութեան պարագայում կ՛ընտրուէր հայաստանցի թեկնածուն, եւ դա հաշուի առնելով՝ թուրքական իշխանութիւնները չարտօնեցին ընտրութիւնները», մեկնաբանեց թուրքագէտը:
Ռուբէն Մելքոնեանը տեղեկացրեց նաեւ, թէ Շիրինօղլուի եւ Արամ Աթէշեանի յարաբերութիւնները վերջին ամիսներին լարուել են, պատճառը ֆինանսական է, քանի որ համայնքը տիրապետում է մեծ ծաւալով անշարժ գոյքի, եւ այդ հողի վրայ վէճ է առաջացել նրանց միջեւ: Որպէս վէճի հանգուցալուծում՝ Պետրոս Շիրինօղլուն, օգտագործելով իր լծակները թուրքական իշխանութիւններում, պարտադրել է, որ անցկացուի պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրութիւն՝ չնայած, որ ոչինչ չի փոխուել, որը թուրքական իշխանութիւններին կարող էր հիմք տալ պատրիարքի ընտրութիւն անցկացնելու համար:
Թուրքագէտի համոզմամբ՝ այստեղ բախւում են երկու շահեր. Թուրքիայի շահերը՝ 2015 թուականի համատեքստում ցոյց տալ, որ ինքը հանդուրժող է եւ թոյլ է տալիս պատրիարքի ընտրութիւն:
«Այս հարցն, ի հարկէ, յետագայ երկար վերլուծութիւնների խնդիր է»:
Միւսն խնդիրն էլ, ըստ թուրքագէտի, այն է, որ թուրքական իշխանութիւններն օգտագործելով հայ համայնքի երկպառակութիւնը՝ փորձում են իրենց շահերն առաջ տանել եւ որպէս դրա համար հիմք՝ օգտագործում են հայ համայնքին, նրա ներքին խնդիրները:
«Փաստօրէն, տեսնում ենք, որ հայկական, համազգային, կարեւոր շահերը հէնց հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ստորադասւում են նեղ անձնական, ֆինանսական շահերին: Այս գործընթացն ունի երկու հիմք՝ համայնքում ներքին երկպառակութիւն եւ յաջորդ՝ սա յստակ թուրքական իշխանութիւնների քարօզչական քաղաքականութեան մէջ յստակ տեղ է զբաղեցնելու: Ժամանակը ցոյց կը տայ, թէ դա ինչ դեր կարող է զբաղեցնել: Չեմ բացառում, որ օրինակ, պատրիարքի ընտրութիւնն անցկացուի Ապրիլի 23ին: Սա եւս մի խնդիր կը լինի, որով կը շեղուի հայութեան ուշադրութիւնը Ապրիլի 24ից», եզրակացրեց Մելքոնեանը:
«Մարմարա» օրաթերթի գլխաւոր խմբագիր Ռոբէր Հատտէճեանը Tert.am-ի հետ զրոյցում ներկայացնելով խնդիրն, ասաց. «Համայնքի որոշ շրջանակներում տակաւին յստակ գաղափար չկայ, որովհետեւ պատրիարքը տակաւին ողջ է, ուրեմն պէտք է ոչ թէ նոր պատրիարք ընտրուի, այլ աթոռակից պատրիարք: Կրօնական ժողովն էլ այս սկզբունքը ընդունել էր, բայց ընտրական յանձնախումբը ինքնագլուխ կերպով դիմում կատարեց, որպէսզի ոչ թէ աթոռակից պատրիարք ընտրուի, այլ ուղղակի պատրիարք ընտրուի»:
Քանի որ Անկարայի իշխանութիւնները երկու տարբեր դիմումներ են ստացած եղել հայ համայնքից՝ աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչներից, Թուրքիայի իշխանութիւնները «շուարումի մէջ են մնացել» եւ հարցրել են, թէ «ո՞ր մէկը կ՛ուզէք»:
Ի վերջոյ, ժամանակաւոր որոշուել է, որ ընդհանուր փոխանորդ ընտրուի:
«Բայց երբ այս բաները պատահեցին, Մեսրոպ պատրիարքը նոր էր հիւանդացել, եւ իւրաքանչիւրը մտածում էր, որ նրա վախճանը, պէտք է որ, շատ երկար սպասել չտայ: Բայց հիմա ինքը տակաւին բուսական կեանքի մէջ է, ուստի մեզանից շատերը սկսել են համոզուել, որ այսպէս չպէտք է շարունակել, եւ պէտք է ընտրութիւն անել, սակայն՝ աթոռակից պատրիարք ընտրելով (այսինքն՝ թեմն ունենայ երկու կրօնական առաջնորդ)», պոլսահայ համայնքի տրամադրութիւնները ներկայացեց Ռոբէր Հատտէճեանը:
Նրա խօսքով՝ դրան ընդդիմացողները պնդում են, որ Պոլսոյ թեմը նման աւանդոյթ չի ունեցել, սակայն դրա կողմնակիցները պնդում են, որ Երուսաղէմի թեմում շատ յաճախ է այդպէս եղել, երբ երկուսի պաշտօնավարումը շարունակւում է մինչեւ մէկի վախճանը, իսկ դրանից յետոյ միւսն ինքնաբերաբար դառնում է պատրիարք:
«Մարմարա» օրաթերթի գլխաւոր խմբագիրը որպէս ամփոփում նշեց, որ Պոլսոյ պատրիարքարանը ընտրութեան համար նոր դիմում է ներկայացրել Անկարա:
Համայնքը հիմա սպասում է, ընտրութեան ժամկէտ դեռ յայտնի չէ:
Սակայն համայնքում չգիտեն, թէ արտօնութիւնը տրուելուց յետոյ պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրութիւնն ինչ սկզբունքով է կատարուելու: Նախորդ անգամ ընտրութիւնը կատարուել է խառը՝ հոգեւոր եւ աշխարհիկ դասի կողմից քուէարկութեան միջոցով:
Երբ այս նուրբ խնդիրը «առաջին անգամ արծարծուեցաւ», Ռոբեր Հատտէճեանի խօսքով եղել են երեք թեկնածուներ. Աթեշեան սրբազանը, Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցու առաջնորդ Բեկչեան սրբազանը, ինչպէս նաեւ մէկ թեկնածու Հայաստանից՝ Վանաձորից:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.