Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղը, ամանորեայ եւ ծննդեան տօների առիթով անցկացրած իր տարեկան ձեռնարկի ընթացքում ներկայացրեց 2015ի համար նախատեսուած ծրագրերը:
Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի տարեկան ամանորեայ հաւաքը տեղի ունեցաւ Երկուշաբթի, Յունուար 12, 2015 թուականի երեկոյեան, «Ֆենիսիա» ճաշարանի նոր դահլիճում: Միջոցառումը միտում էր ի մի հաւաքել քաղաքի ու համայնքիս պաշտօնատարներին, շնորհակալութիւն յայտնել յանձնախմբի 2014 թուականի աշխատանքներին աջակցող շրջանակին եւ ներկայացնել կազմակերպութեան 2015ի համար նախատեսուած ծրագրերը: Երեկոն նաեւ հանդիպման առիթ էր քաղաքի ընտրեալ եւ պետական պաշտօնեաների, Գլենդել քաղաքը կառավարող մարմինների եւ յանձնաժողովների, Գլենդելի հանրային դպրոցների կրթաշրջանի, համայնքային քոլեջի ներկայացուցիչների, քոյր կազմակերպութիւնների, համայնքային գործընկերների եւ Հայ Դատի յանձնախմբին աջակցող կամաւորների համար:
Զաքարեանը ուրախութիւն յայտնելով, որ քաղաքի պաշտօնական անձինք ընդառաջել են յանձնախմբի հրաւէրին՝ յայտարարեց. «Առանց այս շարունակական ներգրաւուածութեան մենք հնարաւորութիւն չէինք ունենայ իրագործելու մեր նախաձեռնութիւնները»:
Համաձայն նախկին տարիների աւանդութեան, երեկոն նաեւ ներառում էր պահածոների հաւաքագրման օրինակելի նախաձեռնութիւն, որը ամբողջութեամբ տրամադրուելու է Գլենդելի «Սալվէյշըն Արմի» հիմնարկութեան: Դա խորհրդանշում է Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի շարունակական ջանքը համայնքային կազմակերպութիւնների հետ համագործակցութեան եւ կապի ասպարէզում ու վկայում քաղաքացիական լայն ներգրաւուածութեան նախաձեռնութիւնների շարունակականութիւնն ու աճը Գլենդել քաղաքում:
Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի անդամ Պօղոս Փաթաթեանը կազմի անունից ողջունեց ներկաներին եւ ներկայացրեց յանձնախմբի սոյն տարեշրջանի անձնակազմը՝ նրանց յամառօտ կենսագրականներով: 2014-2015 տարեշրջանի Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի կազմին մաս են կազմում՝ ատենապետ Արթին Մանուկեանը, Պերճ Կարապետեանը, Հիլմա Բալայեանը, Էդմոնդ Խաչատրեանը, Դաւիթ Գէորգեանը, Զարեհ Աճէմեանը, Արամ Մանուկեանը եւ Պօղոս Փաթաթեանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր հրաւէրն ընդառաջուել է քաղաքի ղեկավարութեան զանազան օղակների կողմից, եւ այսօր մէկ յարկի տակ են հաւաքուել այն բոլոր անհատները, որոնց գործունէութիւնը այսքան մօտ եւ կենսական է մեր կազմակերպութեան համար: Այս երեւոյթը ինքնին մեզ պարտաւորեցնում է, որ աւելի մեծ ոգեւորութեամբ սկսենք 2015 տարին եւ կարեւորենք մեր նպատակներն ու առաջնահերթութիւնները յառաջիկայ 2015-2016 տարեշրջանի համար», յայտարարեց Փաթաթեանը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.