(Նորահրատարակ Գրքի Մասին)
ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Հեղինակ՝ Համօ Վասիլեան
Տպագրութեան վայր՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա
Տպագրութեան թուական՝ 2014
Համօ Վասիլեանի նորահրատարակ գիրքը, 104 մեծադիր էջերից բաղկացած, կրում է յետեւեալ անգլերէն խորագիրը. «Literary and Linguistic Works- From Armenian to Farsi and Farsi to Armenian»: Գիրքը կարելի է համարել հայերէն ու պարսկերէն տպագրուած մի շարք գրքերի ու յօդուածների հանրագիտակ:
Գրքում ընդգրկուել են չորս հիմնական բաժիններ:
1. ԼԵԶՈՒ, ուր ներկայացուել են 68 հայերէն-պարսկերէն եւ պարսկերէն-հայերէն բառարաններ, ինքնուսոյցներ, դասագրքեր, ինչպէս նաեւ՝ հայոց եւ պարսից լեզուների վերաբերեալ ընդհանուր հարցեր:
2. ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, Ա. Բաժին, որտեղ ընդգրկուած են 67 գրքեր ու պարբերականների յօդուածներ, որոնք գրուել են հայերէն կամ պարսկերէն լեզուներով, անուանի իրանահայ հեղինակների կողմից՝ պարսից գրականութեան վերաբերեալ: Այս բաժնում տրուել է նաեւ առաւել յայտնի իրանահայ հեղինակների ու բանաստեղծների հակիրճ կենսագրութիւնը, ընդհանրապէս պարսկերէն եւ անգլերէն լեզուներով:
3. ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, Բ. Բաժին. այս բաժնում զետեղուել են պարսկերէնի թարգմանուած հայ գրականութեան 77 գլուխ գործոցներ:
4. ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, Գ. Բաժին, որտեղ ներկայացուել են հայերէնի թարգմանուած պարսից գրականութեան 77 գլուխ գործոցներ:
Բնականաբար, աշխատութիւնն ունի նախաբան, իսկ վերջում զետեղուել են հինգ տարբեր ցանկեր՝ ըստ յետեւեալի.
– Անուանացանկ՝ ազգանունների կարգով եւ անգլերէն լեզուով.
– Վերնագրերի հայերէն, անգլերէն եւ պարսկերէն առանձին ցանկեր, ինչպէս նաեւ՝ բոլոր վերնագրերի անգլիատառ ցանկ:
– Ամենավերջում ներկայացուել են Միացեալ Նահանգներում տասը յայտնի գրադարաններում առկայ հաւաքածուները:
Գրքի լեզուն հիմնականում անգլերէն է: Սակայն, գրքերի խորագրերը (հայերէն կամ պարսկերէն) ներկայացուել են անգլիատառ, միեւնոյն ժամանակ նաեւ՝ հայերէն կամ պարսկերէն, ըստ գրքի լեզուի: Որոշ գրքերի պարագայում հեղինակը տուել է գրքի ամփոփ բովանդակութիւնը:
Հ. Վասիլեանը պրպտել ու ձեռք է բերել կարեւոր տեղեկութիւններ ներկայացուած գրքի օրինակների մասին եւ նշել է այն բոլոր համալսարանների, գրադարանների կամ այլ վայրերի անունները, ուր պահւում է տուեալ գիրքը:
Համօ Վասիլեանը երկար ժամանակ ու աշխատանք է տրամադրել այդ բոլոր օգտակար տեղեկութիւնները գտնելու եւ մի հատորի մէջ հաւաքելու համար: Անկասկած, կատարուած գործը խիստ արժէքաւոր է եւ կը ծառայի իբրեւ ձեռքի տակ գտնուող անմիջական կարեւոր աղբիւր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրուած են հայոց եւ պարսից լեզուով, գրականութեամբ, գրական առնչութիւններով ու այդ ոլորտում գրուած յօդուածներով:
Հ. Վասիլեանը գիրքը ձօնել է իր ծնողների եւ ընտանեկան պարագաների յիշատակին: