ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Նոր սահմանադրութեան առաջին եօթ գլուխների նախագծի նախնական տարբերակը հրապարակուեց: Չնայած թւում էր, թէ խնդիր է դրուած բարեփոխել գործող սահմանադրութիւնը, սակայն հանրութեանն է ներկայացուել ամբողջապէս նոր սահմանադրութեան նախագիծ: Դա տրամաբանական է՝ անցում է կատարւում նոր, խորհրդարանական կառավարման մոդելի: Նախագահի ինստիտուտի թուլացման հաշուին ուժեղացւում են օրէնսդիր եւ գործադիր իշխանութեան թեւերը, որոշակիօրէն բարձրացւում է դատական համակարգի ֆորմալ անկախութեան մակարդակը: Թէ ինչպիսի՞ լուծումներով է դա ապահովւում, որքանո՞վ են այդ լուծումներն արդիւնաւէտ, լուրջ քննարկման առարկայ է:
Տուեալ պահին կարելի է կատարել մի քանի նախնական դիտարկում: Նախ՝ առաջարկւում է մեթոդաբանական, կառուցուածքային եւ բովանդակային առումով Նոր սահմանադրութիւն: Բաւական է միայն նշել, որ նախագծի ներկայացուած մասը բաղկացած է 171 յօդուածից, ինչը նշանակում է, որ ամբողջական տեքստում յօդուածների թիւը կարող է անցնել 200ից: Մինչդեռ գործող սահմանադրութիւնն ունի ընդամէնը 117 յօդուած:
Իւրաքանչիւր յօդուած բաղկացած է մասերից, այսինքն՝ իրաւակարգաւորումները խիստ մանրամասնուել են եւ կոնկրետացուել: Խօսքը յատկապէս վերաբերում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքների ու ազատութիւնների գլխին: Աւելացուել է փաստացի մի նոր գլուխ՝ «Սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրէնսդրական երաշխիքները եւ պետական քաղաքականութեան հիմնական նպատակները»: Այն առաւելաբար պարունակում է ոչ թէ իրաւանորմեր, այլ ծրագրային հիմնադրոյթներ նշուած ոլորտներում պետական քաղաքականութեան հիմնական ուղղութիւնների վերաբերեալ: Դա փոխում է սահմանադրութեան մասին մեզանում առկայ պատկերացումները:
Թէեւ նախագահի գործառոյթներն ու իրաւասութիւնները զգալիօրէն նուազում են, իրականում նախագահը չի վերածւում «անգլիական թագուհու», ինչպէս ենթադրում է դասական խորհրդարանական համակարգը: Նախագահը միջնորդաւորուած ակտիւ դերակատարութիւն է ունենալու բոլոր երեք իշխանական թեւերի գործունէութեան մէջ՝ ոչ միայն զուտ արարողակարգային հարցերում, այլ նաեւ քաղաքական որոշումների կայացման եւ յատկապէս՝ կադրային քաղաքականութեան: Մասնաւորապէս՝ նա ունենալու է առանձին դէպքերում միջազգային պայմանագրեր վաւերացնելու, դատաւորներ նշանակելու, կառավարութեան կազմում փոփոխութիւններ կատարելու, զինուած ուժերի եւ այլ զօրքերի բարձրաստիճան հրամանատարական կազմը նշանակելու եւ ազատելու եւ այլ լիազօրութիւններ: Թէեւ այդ լիազօրութիւնները միջնորդաւորուած են կա՛մ վարչապետի, կա՛մ խորհրդարանի, կա՛մ բարձրագոյն դատական խորհրդի կողմից, սակայն ֆորմալ մասնակցութիւնն ամրագրում է նրա առարկայական պատասխանատուութիւնը:
Նման մօտեցումը պատահական չէ: Հայաստանում քաղաքական եւ վարչաիրաւական իշխանութիւնները միշտ չէ, որ նոյնական են: Սահմանադրութիւնը կարող է իշխանութիւնը կենտրոնացնել վարչապետի ձեռքում, բայց բուն քաղաքական իշխանութիւնը շարունակի մնալ, օրինակ, նախագահի ձեռքում: Եւ այս պարագայում վարչապետի կողմից ներկայացուած փաստաթղթերը նախագահի կողմից ստորագրելը կամ չստորագրելը դառնում է շատ աւելի որոշիչ, քան այդ ակտերը նրան ներկայացնելը: Այսինքն՝ սա մի մեխանիզմ է, որը թոյլ է տալիս քաղաքական մեծամասնութիւն ունեցող ոյժին եւ նրա ղեկավարին մանեւրել քաղաքական իշխանութիւնը պետական իշխանութեան տարբեր օղակների միջոցով իրացնելու, այդ քաղաքական իշխանութեան շարունակականութիւնն ապահովելու համար: Խնդիրը ոչ թէ իշխանութեան թեւերի յարաբերակցութեան մէջ է, այլ այն բանի, թէ ինչպէս է իշխանութիւնը ձեւաւորւում, որքանով է ընտրական համակարգը սահմանափակում իշխանութեան՝ վերարտադրուելու, մենիշխանութիւն կամ կուսակցապետութիւն հաստատելու հնարաւորութիւնը:
Իսկ սահմանադրութեան այս նախագծով ընտրական համակարգը ԱԺի եւ նախագահի ընտրութիւնների մասով դառնում է բազմաստիճան: Ներդրւում է ԱԺ ընտրութիւնների երկաստիճան համակարգ: Եթէ առաջին փուլում որեւէ քաղաքական ոյժ բացարձակ մեծամասնութիւն չի կազմում, առաւելագոյն ձայներ ստացած երկու ոյժերի միջեւ անցկացւում է նոր ընտրութիւն: Այս մեխանիզմն ընտրուել է՝ ընտրութիւնների արդիւնքներով պայմանաւորուած քաղաքական ճգնաժամերը երկրում բացառելու համար: Թերեւս սա է համարուել խորհրդարանական համակարգին անցնելու կապակցութեամբ Սերժ Սարգսեանի արտայայտած՝ «կառավարման համակարգի կայունութեան» ապահովման մտահոգութիւնը փարատելու միջոցը:
Իսկ նախագահն ընտրուելու է անուղղակի՝ պատգամաւորների եւ նրանց թուին հաւասարեցուած թուով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից կազմուած ընտրիչների կողմից: Սա ենթադրում է, որ նախքան նախագահի ընտրութիւնը պէտք է նախ տեղի ունենայ ընտրիչների ընտրութիւն: Հայաստանի ներկայիս քաղաքական կոնիւնկտուրայի (իրավիճակի-Խմբ.) շրջանակում, որտեղ գրեթէ բոլոր ՏԻՄ ղեկավար մարմինները ներկայացնում են գործող քաղաքական մեծամասնութիւնը, առաջանում է ռիսկ, որ նախագահը լինելու է ոչ այնքան ազգային միասնութեան մարմնաւորում, ինչպէս սահմանւում է այս նախագծով, որքան՝ տուեալ պահի քաղաքական իշխանութեան ամբողջատիրական յաւակնութիւնների: Այսինքն՝ ինչպէս էլ պտտւում ենք, կանգնում ենք նախեւառաջ լիարժէք գործի ընտրական համակարգ ունենալու հրամայականի առաջ: