ԼՈՒՍԻՆԷ ՄՈՒՍԱՅԷԼԵԱՆ
Միացեալ Նահանգներն ու Կուբան աւելի քան 50 տարուայ դադարից յետոյ պաշտօնապէս վերականգնում են դիւանագիտական յարաբերութիւնները: Հաւանայում եւ Վաշինգտոնում վերաբացելով դեսպանատները՝ կողմերը յոյս ունեն անցեալում թողնելու կէս դար տեւած թշնամանքն ու անվստահութիւնը:
Սպիտակ տնից ոչ հեռու գտնուող Կուբայի դեսպանատանը այսօր Միացեալ Նահանգների պետքարտուղար æոն Քերրիի եւ Կուբայի արտգործնախարար Բրունօ Ռոդրիգեսի երկկողմ բանակցութիւններից յետոյ կը բարձրացուի Կուբայի դրօշը: Կուբայի կառավարութիւնը խոստացել է ուղիղ հեռարձակմամբ երկրում հասանելի դարձնել այս միջոցառումը, որին ներկայ կը լինեն աւելի քան 500 հրաւիրեալներ՝ դիւանագէտներ, դերասաններ, Կուբայի յեղափոխութեան վետերաններ:
Հաւանայում ամերիկեան դրօշի բարձրացում չի նախատեսւում: Նախկինում ամերիկեան առաքելութեան շէնքը դեսպանատուն կը դառնայ առանց պաշտօնական արարողութեան: Այստեղ սպասում են Միացեալ Նահանգների պետքարտուղար æոն Քերրիի օգոստոսեան այցին: Ի դէպ, վերջին կէս դարում Քերրին կը լինի ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտօնեան, ով այցելում է Կուբա:
Իսկ մինչ այդ Հաւանայում ամերիկեան առաքելութեան շէնքը, ինչպէս տարիներ շարունակ, այսօր էլ հսկում են տեղացի ոստիկաններ, իսկ շէնքը շրջապատուած է Կուբայի մի քանի տասնեակ հսկայ դրօշներով, որոնք ժամանակին յատուկ տեղադրուել են շէնքը քօղարկելու նպատակով: CNN-ի փոխանցմամբ՝ սպասւում է, որ առաջիկայում Կուբան կը թուլացնի ամերիկեան դեսպանատան շէնքի հսկողութիւնը, եւ կը դադարեցուի դեսպանատուն այցելող քաղաքացիների նկատմամբ հետապնդումները: Այսուհետ ամերիկեան դեսպանատան այցելուների ստուգմամբ զբաղուելու է ամերիկեան կողմը: Դեսպանատների բացմամբ ամերիկացի դիւանագէտներն ու նրանց կուբացի գործընկերները Հաւանայում եւ Վաշինգտոնում ազատ տեղաշարժի եւ հասարակութեան տարբեր շերտերի հետ հանդիպելու իրաւունք են ստանում:
ԱՄՆի եւ Կուբայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները խզուել են 1961 թուականին, երբ յեղաշրջման արդիւնքում իշխանութեան եկաւ Ֆիդել Կաստրօն: Յեղափոխական իշխանութիւնները օտարեցին մասնաւոր հողատիրութիւնները, ազգայնացուեցին շաքարի գործարանները եւ ամերիկացիներին պատկանող այլ ոլորտներ: Կուբա-ԱՄՆ յարաբերութիւնների լարուածութեան գագաթնակէտը հանդիսացաւ Կարիբեան հրթիռային ճգնաժամը 1962 թուականին, երբ Խորհրդային Միութիւնը Կուբայում տեղադրեց միջուկային հրթիռներ, որոնց թիրախը Միացեալ Նահանգներն էր:
Երկու երկրների միջեւ սառոյցը սկսեց հալուել անցեալ տարեվերջին: Կողմերը յայտնեցին երկու երկրների պատմութեան մէջ նոր փուլ բացելու պատրաստակամութեան մասին: Օրեր առաջ Սպիտակ տանը իր ելոյթի ժամանակ ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման յայտարարել էր, թէ Կուբային մեկուսացնելու Միացեալ Նահանգների ջանքերը, հիմքում ունենալով լաւ մտադրութիւններ, յաճախ հակառակ արդիւնքի են յանգեցրել: Դրանցից են ստատուս քուոյի պահպանումը եւ Միացեալ Նահանգների մեկուսացումը հարեւան երկրներից:
«Այսօրուայ գրանցուած առաջընթացը անցեալի շղթաներից ձերբազատուելու գաղափարի մէկ այլ դրսեւորում է: Երբ ինչ որ բան չի գործում, մենք այն կարող ենք եւ պէտք է փոխենք», ասել է Օբաման:
Միացեալ Նահանգների նախագահը դեսպանատան բացման վերաբերեալ յայտարարութեան հետ մէկտեղ նշել է, որ ԱՄՆը աւելի յաճախ առնչութիւն կ՛ունենայ Կուբայի ժողովրդի հետ, եւ որ դիւանագէտները անմիջական կապի մէջ կը լինեն Կուբայի կառավարութեան եւ քաղաքացիական հասարակութեան հետ: Սակայն նա նաեւ ասել է, որ Կուբայի հետ Միացեալ Նահանգների լուրջ տարաձայնութիւնները կը պահպանուեն:
«Տարաձայնութիւնների թւում են Միացեալ Նահանգների կողմից այնպիսի համաշխարհային արժէքների խրախուսումը, ինչպիսին են խօսքի եւ հաւաքների ազատութիւնն ու տեղեկատուութեան ստացման հնարաւորութիւնը», յայտարարել է Օբաման: