Ի բնէ եւ իբրեւ կոչում ու պարտականութիւն, գրողը հակադրուած է ուժին ու իշխանութեան: Բիրտ ուժը միշտ էլ մարդկութեան թշնամին է եղել. ամենասարսափելի հիւանդութիւնը, որ երբեւէ վարակել է աշխարհը: Ուժն ու անսանձ իշխանութիւնը քայքայում են ամէն ինչ եւ սնանկացնում հէնց նրա՛նց, ովքեր իշխանութեան գլուխ են: Արուեստագէտը այն էակն է, եթէ կ՛ուզէք այն սրբազան խենթը, որ պայքարում է ուժի ու իշխանութեան դէմ՝ յանուն հասարակութեան շահերի պաշտպանելով ճշմարտութիւնը: Ահա թէ ինչու նա շարունակ հալածւում է այնտե՛ղ, ուր իշխանութիւնը զերծ է օրինական պատասխանատուութիւնից: Բիրտ ուժի առջեւ չկայ աւելի վտանգաւոր մի արարած, քան արուեստագէտը: Եթէ նա չի լռում, ապա լռեցւում է: Փորձ է կատարւում նաեւ շահագործելու արուեստագէտի ձայնը, նրան պարգեւելու իշխանութեան հովանաւորութիւնը: Եւ այս՝ ժողովրդավարական ամէնից յառաջադէմ երկրներից սկսած մինչեւ միապետական իշխանութիւնները:
Իմ պայքարը բիրտ ուժի դէմ է:
Որոշ մակարդակի վրայ Ադամի գիրքը զայրոյթի աղաղակ է ամէն տեսակի բռնութիւնների դէմ:
Աւելի լայն առումով, իմ մտահոգութեան առանցքը մարդն է, նրա առնչուածութիւնը հասարակայնութեան հետ, նրա անհատական ու հաւաքական կեանքի իմաստի փնտռտուքը, մարդ լինելու հրաշքն ու միաժամանակ ողբերգութիւնը: Ի՞նչ է մարդը առանց ընկերութեան: Արդեօք ընդունա՞կ է նա եսակենտրոն շահերից դուրս ա՛յլ պահանջներ ներկայացնելու, ինքն իրենից արժէքներ սահմանելու: Լինելու ամբողջական էութիւն:
Արուեսագէտը բարոյական մարդն է՝ առանց բարոյախօս լինելու, անկախ իր կեանքից ու կենցաղից: Որովհետեւ մարդն ու գործը երկու տարբեր բեւեռներ են: Որովհետեւ արուեստը ինքնին բարոյական է բառիս ամենախոր իմաստով, այն գործ ունի կեանքի եւ մահուան բարոյականութեան հետ: Իմ գործերում մահուան ներկայութիւնը կեանքի հակազդեցութիւնն է եւ հակառակը: Ընկել ենք փապուղու մէջ եւ լոյսի ելք ենք փնտռում: Ձգտում ենք իմաստ տալ բանին, որպէսզի իմաստաւորուի կեանքը: Արդէն գրականութիւնը մի կաթիլ արցունք է հատորների մէջ թաքնուած:
Այսպիսով եկանք հասանք գրողին: Հայ գրողը նախ գրող է, ապա՛ հայ գրող: Նախ, նա մարդկութեան ընտանիքին է պատկանում, ապա՛ իր ժողովուրդին: Մարդկութեան միջոցով նա հասնում է իր ժողովուրդին, իսկ իր ժողովուրդի միջոցով հասնում մարդկութեանը: Ա՛յլ խօսքով, ազգայինից միջազգային բեմ: Եթէ ամփոփուելու լինենք մեր կաղապարի մէջ, տեղ չենք հասնի: Տեղ չենք հասնի նաեւ, եթէ չսերտացնենք մեր յարաբերութիւնները Հայաստանի հետ, երկու ճիւղերը միեւնոյն հինաւուրց ծառի: Սփիւռք եւ Խորհրդային Հայաստան միմեանց տալիք շատ բան ունեն, ապա միասնաբար՝ աշխարհին: Եթէ խտրութիւն լինի մէկի կամ միւսի նկատմամբ, տուժողը կը լինի հայ գրականութիւնը, հետեւաբար եւ՝ հայ ժողովուրդը:
Ամէն դէպքում սակայն, իմ մտասեւեռումը մարդն է ու մարդկային արժանապատուութիւնը: Մարդու իրաւունքները: Հասարակութիւնը առողջ չի կարող լինել, եթէ խախտւում է նոյնիսկ մէ՛կ անհատի իրաւունքները: Իմ գրական փորձերը ջանքեր են՝ պաշտպանելու այդ իրաւունքները: Եւ այդտեղից էլ իմ, եւ աւելի լայն առումով, որեւէ արուեսագէտի ընդդիմութիւնը բռնի ուժին, ո՛ւր էլ լինի այն, թէկո՛ւզ ինչպիսի ժողովրդավարական դիմակի տակ: Հասարակութիւնը կենսունակ է այնքա՛ն ժամանակ, որքան որ աչալրջօրէն հետեւում է ուժի հաւասարակշռութեանը: Այլապէս, քարանում են կարգերը եւ պետութիւնը յաւերժութեան է ձգտում: Այս անտեղիտալի պայքարի առաջին գծի վրայ է կանգնած գրողը, որը թէ՛ միտքն է եւ թէ խիղճը հասարակութեան:
Եւ ի վերջոյ, գրելու արարքը ինքնի՛ն բողոքի ցոյց է, քաղաքական ժեստ եւ ճշմարտութեան հասնելու ճիգ: Գիրքը ջանում է փրկել գրողին եւ նրա հետ՝ մարդուն, որը ծուարել է սպառնացող արհաւիրքների մղձաւանջի տակ: Երբ արդի մարդը մենակ սենեակի չորս պատերին է նայում, նշանակում է մի բան խախտուել է քաղաքակրթութեան մէջ: Այդ մարդու ճակատագիրը նաեւ ի՛մ ճակատագիրն է: Ես ջանում եմ հասնել նրան:
Ա՛յս է իմ ճշմարտութիւնը:
«Արահետ», Պարբերական Ֆրան-սահայ գրողներու ընկերակցութեան, Փարիզ, 1986, թիւ 11, էջ 27-28: