ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Արցախեան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանեանի (Դուշման Վարդան) ծննդան տարեդարձին առիթով հերոսին հարազատները, խումբ մը ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ Եռաբլուր զինուորական պանթէոնին մէջ յարգանքի տուրք մատուցեցին անոր յիշատակին՝ երթով եւ հոգեհանգիստով։
«Արմէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին Վարդան Ստեփանեանի քոյրը՝ Արմինէ Ստեփանեան ընդգծած է, որ նախաձեռնութեան կազմակերպիչները երիտասարդներուն համար Վարդանը ուղեցոյց է: «Երիտասարդների համար Վարդանն օրինակ է, պարզապէս հայ երիտասարդի օրինակ, ով իր կեանքի 26 տարիները նուիրել է իր ժողովրդին: Այսօր լրանում է Վարդանի 50ամեակը: Նա ապրել է 26 տարի, այսօր նրա 50ամեակն է. 26 ապրած ու 24 չապրած տարիներ, սակայն այդ ապրած եւ չապրած տարիները մեր երիտասարդութեան համար ուղեցոյց են: Նրանք պէտք է ապրեն Վարդանի, Վարդանի նմանների օրինակով, որպէսզի յարատեւի այս երկիրը, այն երկիրը, որը կարելի է համարել դրախտավայր, որը պէտք է միայն ու միայն հային պատկանի», հաստատած է հերոսին քոյրը: Ան դիտել տուած է, որ Վարդան Ստեփանեանին երազած երկիրը ունենալու համար պէտք է ամէն օր զայն կառուցել ու շէնացնել: «Մենք հիմա Վարդանի գործը շարունակողներն ենք, իսկ երիտասարդ մեր երկիրն ամէն օր կառուցելու արդիւնքում կ՛ունենանք դրախտավայր Հայաստան: Վարդանն ասում էր, որ ամէն մարդ պարզապէս պէտք է զբաղուի իր գործով, ոչ թէ իւրաքանչիւրն իրեն մեծ քննադատ համարի: Նա նշում էր, որ փողոց մաքրողն էլ պէտք է սիրի այս երկիրը, որ սիրով ու հոգատարութեամբ պահպանի ու փայփայի երկրի իւրաքանչիւր մասնիկը: Վարդանը 18 տարեկանում Աֆղանստան էր մեկնել, որովհետեւ գիտէր, որ հայը պէտք է միշտ մարտունակ զինուոր լինի: Նա գիտէր, որ մենք մեր երկիրը պահելու խնդիր ունենք: Իսկ նա միշտ ասում էր, որ այս երկիրը միայն հայինն է, ու մենք ենք մեր երկրի տէրը», շեշտած է Արմինէ Ստեփանեան:
Վարդան Ստեփանեանի զինակից ընկեր, ազատամարտիկ Արագած Մկրտչեան հաստատած է, որ Դուշման Վարդան համարձակ, իր խօսքերուն տէր կանգնող անձնաւորութիւն էր: «Վարդանի հետ ես ծանօթացել եմ 1992թ.: Մինչ այդ նրա մասին գիտէի, սակայն պատերազմի տարիներին ծանօթացայ հետը: Երիտասարդ տղայ էր, բայց շատ փորձառու: Շատ կազմակերպուած էր, սիրում էր կարգապահութիւն: Մինչեւ կարգապահութիւն չլինէր, ամէն ինչ չլինէր այնպէս, ինչպէս ինքն էր ուզում, ճակատ դուրս չէր գալիս», նշած է Մկրտչեան:
Արցախեան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրութեան գործողութեան ղեկավար Արկադի Տէր Թադեւոսեանը լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին շեշտած է, որ Դուշման Վարդան ո՛չ միայն փորձառու մարտիկ էր, այլ նաեւ փորձառու հրամանատար: «Նա հրամանատար էր, ով միշտ խորհուրդներ էր տալիս: Երբ Խորհրդային զօրքերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղից, թշնամին մտածում էր, որ շուտով կը կարողանայ իր ձեռքը վերցնել Ստեփանակերտը, սակայն Դուշման Վարդանը անմիջապէս խորհուրդ տուեց անմիջապէս ազատագրել Ստեփանակերտի այն հատուածը, որն այդ ժամանակ ադրբեջանցիների ձեռքում էր: Եւ հէնց Վարդանի նման տղաների շնորհիւ մենք ազատագրեցինք Ստեփանակերտի այդ հատուածն ադրբեջանցիներից ու քաղաքն ամբողջութեամբ վերցրեցինք մեր վերահսկողութեան տակ», վկայած է Տէր Թադեւոսեան: Ան նաեւ որոշ մանրամասնութիւններ ներկայացուցած է Շուշիի ազատագրութեան ատեն Վարդանի գործողութիւններէն: «Երբ մենք ազատագրեցինք Շուշին, ադրբեջանցիները ցանկանում էին այն կրկին վերադարձնել իրենց: Նրանք հաւաքեցին իրենց ուժերն ու միջոցները ու յարձակուեցին Շուշիի վրայ, սակայն Դուշմանի գործողութիւնների շնորհիւ նրանք փախան: Վարդանը ականով պայթեցրեց նրանց զօրքի առջեւից եկող տանկը, որից յետոյ ադրբեջանցիները խուճապի մատնուեցին ու սկսեցին փախչել: Դրանից յետոյ Շուշիի վրայ ադրբեջանցիներն այլեւս չյարձակուեցին՝ շնորհիւ Վարդանի խիզախ գործողութիւնների», նշած է Արկադի Տէր Թադեւոսեան: