1894-1896 թուականներին, արեւմտահայերի կոտորածների հետեւանքները մեղմելու նպատակով մեծ աշխատանք կատարեց Օտարերկրեայ առաքելութիւնների լիազօրների ամերիկեան խորհրդի (ՕԱԼԱԽ, անգլ.՝ American Board of Commissioners for Foreign Missions, ABCFM) աշխատակից Քորինա Շաթըքը: Նրա հերոսական աշխատանքի արդիւնքը դարձաւ այն, որ 1895ին, Ուրֆայի կոտորածների ժամանակ, նա վտանգելով սեփական կեանքը՝ իրեն յատկացուած տան մէջ պատսպարեց եւ փրկեց 240 հայի կեանք (60ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք եւ երեխաներ): Նա նոյնիսկ չօգտուեց Այնթապ տեղափոխուելու իրեն վերապահուած իրաւունքից՝ գերադասելով օգնել կոտորածներից տուժած հայերին:
Միսիոներուհին ջանք չէր խնայում որբերին խնամելու, անօթեւաններին կերակրելու եւ վիրաւորների վէրքերը բուժելու գործում: Բողոքական վարժարանի շէնքում, Քորինա Շաթըքը հիմնում է որբանոց, որտեղ որբերի թիւը հասնում է 300ի: Որբանոցին կից, Շաթըքը բացում է նաեւ դերձակութեան, հացագործութեան, մուճակագործութեան, երկաթագործութեան, կօշկակարութեան եւ հիւսնութեան արհեստանոցներ, որբերին եւ այրիներին աշխատանքով ապահովելու համար: 1902 թուականին, նրա նախկին սան՝ Մառա Յարութիւնեանի հետ, նա Ուրֆայում կոյրերի համար դպրոց է հիմնում եւ հրատարակում դասագրքեր՝ Բրէյլի գրերի հիման վրայ: Կոյրերի Բրէյլեան այբուբենը նա յարմարեցնում է հայոց լեզուին:
Միսիոներուհի Քորինա Շաթըքի կատարած աշխատանքը հերոսակա՛ն էր, սակայն՝ շատ քչերին յայտնի: Նրա սխրանքը լաւագոյնս բնութագրում է տեղացի հայերից մէկը, այսպէս. «Եթէ չլինէր օրիորդ Շաթըքը, մենք չէինք դիմանայ ճնշմանը… բոլո՛րս կ՛իսլամացուէինք»:
ՀՀ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀԻՄՆԱՐԿ
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Միքայէլ եւ Սալբի Հացպանեան
Tchakerians of Yozgat