ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Manners can take you to the
Places, that money can not.
Ամերիկեան ասացուածք
Մշակոյթը, լայն առումով, այն ամէնի ամբողջութիւնն է, որ իւրաքանչիւր ժողովուրդ ստեղծում է իր պատմութեան ընթացքում: Հայ ժողովրդի պարագայում, երբ խօսում ենք մշակոյթի մասին, գլխաւորաբար ի նկատի ենք ունենում գրականութիւն, ճարտարապետութիւն, նկարչութիւն, քանդակագործութիւն եւ այլն. մի խօսքով այն, ինչով ժողովուրդները ներկայանում են աշխարհին եւ իրենց լուման դնում համաշխարհային քաղաքակրթութեան գանձանակի մէջ: Սակայն, իւրաքանչիւր ժողովրդի մշակոյթի անքակտելի եւ շատ կարեւոր մասն է կազմում բարեկրթութիւնը, որով ամէն օր ենք ներկայանում աշխարհին մեր շփումների եւ գործունէութեան բերումով, եւ որով ընկալւում ենք այլոց կողմից:
Անկարգապահութիւն, կոշտ ու կոպիտ վերաբերմունք, օրէնքի անտեսում, անքաղաքավարութիւն. այլ խօսքով՝ ոչ բարեկիրթ պահուածքով որեւէ ժողովրդի դասում են ետինների շարքում: Հայաստանում առ այսօր լայնօրէն գործածուող «անկուլտուրական» արտայայտութիւնը, եթէ թարգմանենք, նշանակում է անմշակոյթ, որ ինչպէս նշեցինք, նսեմացնում է տուեալ ժողովրդին:
Մեր երկրում վերջերս ծնունդ առած եւ գործադրուած «Մաքուր Հայաստան» ծրագիրը հէնց բարեկրթութեան մասին է եւ վկայում է մենք մեզ յղկելու եւ մշակելու գիտակցութեան կարեւորութեան եւ անհրաժեշտութեան մասին: Այսօր առիթ ունենք շփուելու տարբեր ազգերի հետ, լինելու տարբեր երկրներում եւ յաճախ հիանալու նրանց մաքրութեամբ, օրինապահութեամբ եւ քաղաքավարութեամբ: Այդ ամէնը ոչ միայն պետական ճիշդ կառավարման, այլեւ ժողովրդի բարեկրթութեան շնորհիւ է: Ամէն ինչի սկիզբը դպրոցն է եւ դպրոցում, գիտելիքին առընթեր, սերունդը պէտք է դաստիարակուի եւ ստանայ բարեկրթութեան մասին հիմնական սկզբունքներ:
Հայ ժողովուրդը դժբախտութիւն է ունեցել երկար ժամանակ ապրելու այլոց տիրապետութեան տակ, եւ բացի մեր պատմութեան վաղ շրջանից, երբ մեր հարեւանները յոյներն ու պարսիկներն էին, կրկնակի դժբախտութիւն է ունեցել ապրելու մշակութապէս իրեն հետ համեմատութեան եզրեր չունեցող ցեղերի հետ ու նրանց տիրապետութեան ներքոյ: Դրան գումարած, հայ ժողովուրդը վաղ է որբացել, զրկուելով պետականութիւնից:
Զարմանալիօրէն, հայերը եւ յոյները չկարողացան իրենց մշակութային գերազանցութեամբ ազդել իրենց տիրապետողներին, այս պարագայում՝ թուրքերին, այլ հակառակը՝ իրենք գահավիժեցին իրենց բարձունքից:
Բարեկրթութիւնը նաեւ առնչւում է հայրենասիրութիւն եւ պետական մտածողութիւն հասկացութիւնների հետ: Իր երկիրը սիրող որեւէ հայ չի կարող իրեն անվայելուչ պահել հասարակական վայրերում՝ աղմկել, կեղտոտել, հայհոյել, անկախ այն բանից, թէ որքան աղքատ է երկիրը եւ կամ ապիկար է իշխանութիւնը: Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել աղքատ լինելու համար, բայց շատեր կարող են մեզ արհամարհել եւ ստորացնել, եթէ բարեկիրթ չենք:
Մշակոյթը վիթխարի դեր ունի ազգի կեանքում, իսկ բարեկրթութիւնը մշակոյթի անբաժան ու կարեւոր մասն է: