ՍԵԴԱ ՀԵՐԳՆԵԱՆ
Հայաստանում հանքարդիւնաբերութեան ծաւալներն աճում են, սակայն նախորդ տարուայ կէսերից տեմպերի (թափի-Խմբ.) դանդաղում է նկատւում: Հակառակ դրան՝ արագացել է հանքահումքի արտահանման աճը: Այս ապրանքախումբն աւելի է ամրապնդել դիրքերը արտահանման կազմում:
Այս տարուայ Յունուար-Յունիսին հանրապետութիւնում հանքարդիւնաբերութեան ծաւալը կազմել է շուրջ 156 մլրդ. (միլիառ-Խմբ.) դրամ: Նախորդ տարուայ՝ 2016 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ այն 8.9 տոկոսով աճել է: 2016ի առաջին կիսամեակում ոլորտում գրանցուել էր 18.8 տոկոս աճ, իսկ տարուայ երկրորդ կէսից աճի տեմպը դանդաղել է, ինչի արդիւնքում հանքարդիւնաբերութեան ծաւալների տարեկան աճը կազմել է 8.3 տոկոս: 2015ին, օրինակ, ոլորտում աւելի քան 50.4 տոկոս աճ է գրանցուել:
Հայաստանում, հանքարդիւնաբերութիւն ասելով, պէտք է հիմնականում նկատի առնել մետաղական հանքաքարի արդիւնահանումը:
Հանքարդիւնաբերութեան բաժինն հայաստանեան արդիւնաբերութեան մէջ էական ծաւալներ ունի. այն զբաղեցնում է ամբողջ արդիւնաբերութեան շուրջ 20 տոկոսը: Հետեւաբար, այս ոլորտում գրանցուած աճը նպաստում է ամբողջ արդիւնաբերութեան աճին: Նշենք, որ ամբողջ արդիւնաբերէութիւնը կէս տարում աճել է 12.4 տոկոսով:
Հայաստանի արտահանման կազմում առաջատարը պղնձի խտանիւթն է: Այս տարուայ Յունուար-Յունիսին արտադրուել է շուրջ 206 հազար տոննա պղնձի խտանիւթ, որը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 6.9 տոկոսով աւելացել է: Աւելի համեստ են մոլիբդենի ու կոնվերտորային (փոխակերպուող-Խմբ.) պղնձի ցուցանիշները՝ համապատասխանաբար շուրջ 9 հազար եւ շուրջ 6 հազար տոննա: Արդիւնահանւում է նաեւ ոսկու հումք եւ արտահանւում դորէ (ոսկեզօծ-Խմբ.) համաձուլուածքի տեսքով, սակայն դրա արդիւնահանման ծաւալները կիսամեակային վիճակագրական տեղեկագրում առանձնացուած չէ:
Կէս տարում շուրջ 298 միլիոն դոլարի հանքահումք է արտահանուել:
Հանքահումքը ՀՀ արտահանման խոշորագոյն խումբն է: Այս տարուայ առաջին կիսամեակում այն ապահովել է ամբողջ արտահանման 30 տոկոսը: Նախորդ տարուայ առաջին կիսամեակում այդ ցուցանիշը 26.5 տոկոս էր:
Այս տարուայ առաջին կէսին Հայաստանից 297.6 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք է արտահանուել: Նախորդ տարուայ առաջին կիսամեակի արտահանման համեմատ այն 36.3 տոկոսով աճել է: Իսկ նոյն ընթացքում հանքահումքի արդիւնահանումն, ինչպէս նշեցինք, աճել է աւելի ցածր տեմպերով՝ 8.9 տոկոսով: Արտահանման աճի աւելի բարձր տեմպը կարող է նշանակել, որ կամ հանքահումքի որոշ տեսակներ աւելի թանկ գնով են արտահանուել, քան նախորդ տարի, կամ արտահանուել է հանքահումք, որն արդիւնահանուել է ոչ թէ առաջին կիսամեակում, այլ դրանից առաջ: Բացի այդ, նախորդ տարուայ առաջին կիսամեակում հանքահումքի արտահանման ծաւալները նուազել էին 11.1ով, ինչը նշանակում է, որ այս տարուայ աճը մասամբ պայմանաւորուած է նախորդ տարուայ համեմատաբար ցածր ցուցանիշով:
Իսկ բացարձակ թուով առաջին կիսամեակում հանքահումքի արտահանման աճն աւելի քան 79 միլիոն դոլար է: Այս ցուցանիշով հանքահումքը աճ գրանցած արտահանուած ապրանքների շարքում առաջատարն է: Համեմատութեան համար՝ պատրաստի սննդի արտահանումն աճել է մօտ 59 մլն դոլարով, ոչ թանկարժէք մետաղներինն ու դրանցից պատրաստուած իրերինը՝ մօտ 28 միլիոն դոլարով եւ այլն:
Վերջին հինգ տարիներին առաջին կիսամեակների կտրուածքով այս տարի հանքահումքի արտահանման ծաւալներն ամենաբարձրն են: Նման տեմպերով շարունակելու դէպքում տարեկան կտրուածքով եւս հանքահումքի արտահանումն ամենամաբարձրը կը լինի վերջին հինգ տարիների համեմատութեամբ: Սա մի կողմից լրացուցիչ մուտքեր է աւելացնում ՀՀ պետբիւջէ, աշխատատեղեր ապահում եւ այլն, միւս կողմից՝ մեծացնում Հայաստանի տնտեսական կախուածութիւնը գունաւոր մետաղների համաշխարհային գներից, դատարկւում է ընդերքը՝ առաջացնելով բազմաթիւ բնապահպանական խնդիրներ եւ այլն:
Հայաստանում 10ից աւելի հանքարդիւնաբերութեամբ զբաղուող ընկերութիւններ մշտապէս յայտնւում են երկրի 1000 խոշոր հարկատուների շարքում: Այս տարուայ առաջին կիսամեակի ցանկից առանձնացրել ենք այն ընկերութիւնները, որոնց վճարած հարկերի ծաւալը գերազանցել է կէս միլիարդ դրամը: Այդ ընկերութիւնների թիւը 9 է:
Այսպէս, այս տարուայ առաջին կիսամեակում հանքարդիւնաբերութեան ոլորտի ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է (ԶՊՄԿ): Վեց ամսում ընկերութիւնը վճարել է 9.7 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարուայ առաջին կիսամեակի համեմատ այն աւելի քան եռապատկել է: Այսպիսով, ընկերութեան «ցատկը» խոշոր հարկատուների շարքում զգալի է՝ նախորդ տարուայ առաջին կիսամեակում 17րդ տեղում էր, այս տարի՝ 5րդ: Յիշենենք, որ ԶՊՄԿն 2011-2015թթ. մշտապէս գտնուել է խոշոր հարկատուների առաջին հնգեակում, առաւել յաճախ՝ առաջին եւ երկրորդ հորիզոնականներում: 2016ից էականօրէն զիջել է դիրքերը, ինչը ընկերութիւնը պայմանաւորում էր համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկման ազդեցութեամբ: Այս տարի վերադասաւորում է նկատւում:
Ոլորտի յաջորդ խոշոր հարկատուն «Գէոպրոմայնինգ գոլդ»ն է, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրն ու Արարատի ոսկու արդիւնահանման ֆաբրիկան (գործարանը-Խմբ.): Կէս տարում վճարել է 8.2 մլրդ. դրամ՝ կրկնապատկելով հարկերը: Արդիւնքում 15րդ հորիզոնականից բարձրացել է 6րդ հորիզոնական:
Ոլորտի խոշոր հարկատուների առաջին եռեակը եզրափակում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերութիւնը:
Ընկերութիւնը Յունուար-Յունիսին վճարել է 6 մլրդ. դրամի հարկ: Նախորդ տարուայ համեմատ հարկերը նուազեցրել է 1.8 մլրդ դրամով կամ 23 տոկոսով:
Ոլորտի ամենախոշոր հարկատուներն են (որոնց հարկերն առաջին կիսամեակում գերազանցել են կէս միլիարդ դրամը) նաեւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»ը, «Լիդիան Արմէնիա»ն, «Արմէնիան մայնինգ քոնթրաքթոր»ը, «Մաքուր երկաթի գործարան»ը, «Արմէնիան մոլիբդեն փրոդաքշն»ը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»ը:
Նրանցից միայն «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»ն է, որ նախորդ տարուայ առաջին կիսամեակի համեմատ նուազեցրել է հարկերի ծաւալը:
«ՀԵՏՔ»