Կ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Հայաստանն ապաքաղաքական երկիր է, ու ոչինչ որ, օրինակ, դիւանագէտները փորձում են անել ամէն ինչ՝ արտաքին քաղաքականութեան հարցում յստակ քաղաքականութիւն ունենալու համար:
Հայաստանում ոչինչ քաղաքականացնել չի կարելի, անգամ՝ քաղաքականութիւնը: Պարզւում է՝ քաղաքականութիւնն ամօթ բան է, անթոյլատրելի, փակման արժանի երեւոյթ, ուղղակի մէկ բան է անհասկանալի՝ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը նախարար նշանակուելուց յետոյ ինչո՞ւ դարձաւ ՀՀԿական: Նախարարը, կարծես, քաղաքականութիւնից էր խօսում այն ժամանակ՝ մէկ քաղաքական գիծ ունենալու մասին բարձրաձայնում: Գուցէ ժամանակները փոխուե՞լ են:
Մշակոյթի նախարարութիւնը Թումանեանին եւ նրա զաւակներին նուիրուած ցուցահանդէսը փակել է տուել՝ «քաղաքական տարրեր» պարունակելու պատճառաբանութեամբ: Իսկ «քաղաքական տարրեր»ն, ի դէպ, բոլշեւիզմն է, որին «զոհ» են գնացել Թումանեանի զաւակները: Ստացւում է՝ մշակոյթի նախարարութիւնը իզմ-երից չի ազատուել ու, ոչինչ, որ այդ իզմ-երը սիմվոլիզմի (խորհրդապաշտութեան-Խմբ.) կամ ռոմանտիզմի (վիպապաշտութեան-Խմբ.) մաս չեն կազմում:
Ասում են՝ մշակոյթը սահմաններ չպէտք է ունենայ. մշակոյթի նախարարն էլ, կարծես, եկել էր բարեփոխելու ոլորտը: Զարգացած երկրներում բարեփոխումներն ինչ որ բան փոխելու, դէպի լաւին տանելու ճանապարհով են գնում, թէկուզ՝ դժուար ճանապարհով, իսկ մեզ մօտ՝ վերադարձ սովետական կարգերին՝ հուռա՜, ընկերնե՛ր:
Մշակոյթի նախարարութիւնը, կարծում եմ, պէտք է մի լուրջ հարցով էլ զբաղուի՝ Նժդեհի արձանի տեղադրման հետ կապուած ՌԴն հակասութիւններ ունէր. գուցէ ապամոնտաժուի՞ (քանդուի-Խմբ.), նոյն սկզբունքով՝ նախկին սովետական երկրին չնեղացնենք յանկարծ:
Մէկ առաջարկ էլ՝ Թումանեան փողոցը կարող ենք անուանափոխել, քանի դեռ ակտուալ (գործնական-Խմբ.) է փողոցների անուանափոխման հարցը: Թումանեանի փոխարէն կարող ենք փողոցն անուանել Լենին պապի անունով ու շաբաթը մէկ Լենին պապի փողոցում կազմակերպել ցուցահանդէսներ՝ ձեր սրտով՝ խիստ սովետական ոգով:
Սովետական կարգերը, կարծես, որոշ պետական հիմնարկներում խոր արմատներ են գցել, ու ոչ մի կերպ դրանցից ազատուել չի լինում: Նման՝ դէպի պայծառ ապագան տանող արագ քայլերով շուտով սովետը կը ծաղկի, վզկապները կը վերադառնան, Լենին պապին նուիրուած բանաստեղծութիւնների մրցոյթ կ՛անցկացուի ու աւելի մեծ թափով կը շարունակեն Հայաստան գալ «էն թուերի» երգիչ-երգչուհիները՝ պետական հովանու ներքոյ համերգով հանդէս գալու: Ահա եւ բարեփոխումները:
Թումանեանը կ՛ասէր. «Հերթով գալիս, անց ենք կենում էս անցաւոր աշխարհից»: Հանգիստ խղճով կարող էք քաղաքականացնել:
«Երկիր»