2018ի Յուլիսի 27ին, ժամի 7ին, Գլենդելի Հայ Երիտասարդաց կենտրոնի մեծ սրահում տեղի ունեցաւ Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) հերթական գրական բազմամարդ երեկոն, որը բաց արեց ԿՀԳՄ նախագահ, արձակագիր, երգահան Հենրիկ Անասեանը՝ երեկոյի վարման համար բեմահարթակ հրաւիրելով գրող, իրաւաբան Յակոբ Մկրտչեանին, ով հանգամանալից խօսեց հայրենի եւ Սփիւռքի գրական, հասարակական, քաղաքական անցուդարձերից:
Յաւուր պատշաճի կազմակերպուած գրական երեկոյի այդ օրուայ ամենաթարմ ու բուրաւէտ ծաղկեփունջը հանդիսացան ինքնատիպ բանաստեղծուհիներ Սալինան (Լիդա Պօղոսեան), ում ներկայացրեց Յակոբ Մկրտչեանը, նաեւ Վարսիկ Յակոբեանը, ում ներկայացրեց ԿՀԳՄ փոխնախագահ, բանաստեղծ, արձակագիր, բեմադրիչ Գարուշ Հարեանցը, եւ Սոնա Տիգրանեանը, ում մասին ծաւալուն խօսեց Հենրիկ Անասեանը:
Նշուեց, որ ԿՀԳՄ գրական ընտանիքի արդէն լիիրաւ անդամ՝ երեք կին ստեղծագործողներն էլ անտրտունջ նուիրուած են իրենց գրական աշխարհին ու միութեան բազմաբեղուն աշխատանքների իրականացմանը: Երիցս ընդգծուեց, որ թէ՛ Սալինան, թէ՛ Վարսիկ Յակոբեանը եւ թէ Սոնա Տիգրանեանը գրողական բաւական վաստակ ունեն, եւ իրենց առաջընթացն անուրանալի է, քանզի նրանց ելոյթները յաջորդաբար բխում էին իրենց գրական հաւատամքից:
Յիշարժան ձեռնարկը եզրափակեց Հենրիկ Անասեանը, ով էլ հակիրճ խօսեց գրական ընտանիքի գալիք անելիքներից՝ բարի արձակուրդ մաղթելով թէ՛ գրողներին եւ թէ ջանադիր ընթերցողներին:
Երաժշտական դադարներն ապահովեց հանրածանօթ Լեւոն Աբրահամեանի շնորհալի սաներից մէկը՝ Հայկ Աբովեանը, ով էլ ուշագրաւ դաշնամուրային կատարումներով արժանացաւ ջերմ ծափողջիւնների:
Մեծարուող յոբելեարները ջերմագին ժպիտներով ու ծաղկեփնջերով հեռացան դահլիճից, իսկ տաք ու գոհունակ հանդիսատես երկրպագուն՝ գալիք հետաքրքիր երեկոների ակնկալիքով:
Անթերի ու կոկիկ հիւրասիրութիւնն էլ ասաց իր համեստութեան խօսքը:
Բոլորը բոլորին բարի գիշեր մաղթելով գնացին տուն՝ տանելով օրուայ հերթական գրական կրակոտ երեկոյի լոյսն ու ջերմութիւնը:
(Թղթակցութիւնը՝ ԿՀԳՄէն)