ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
…Էս ի՞նչ արեցիր եղբայր պատուական, քո արածը քո դուրն եկա՞ւ… 60 տարուայ ընկերոջդ, հարազատ դարձած մարդուն կարելի՞ է այսպէս մենակ թողնել: Լա՜ւ, հասկացանք, ես մի կերպ կը ներեմ քեզ, բա միւսնե՞րը, հարիւրներն ու հազարները, որոնք կարօտ են մնալու քո՝ մանկան միամտութեամբ եւ պարզութեամբ արտայայտուող մտքերին, քո կատարումներին, քո խմբավարութեանը եւ, եւ ի հարկէ՝ քո հոմերական ծիծաղին: Արդեօ՞ք՝ դու Հոմերոսի Աստուածների միջեւ անցկացուող ծիծաղի մրցումներին ես մասնակցել…։ Այսինքն՝ հնարաւոր է, այդպէս էլ պիտի լինէր, որովհետեւ ամբողջ կեանքիդ ընթացքին, 60 տարի անընդմէջ ծառայեցիր Աստծոյ տանը՝ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՆ:
Այնքան մտերմացար Աստծոյ հետ, որ մահուան անկողնում չթողեցիր բժիշկներին անորոշ ժամանակով երկարացնել երկրային կեանքդ եւ՝ զարմանալի, միանգամայն թարմ ուղեղով, շուրջիններիդ համար լսելի ձայնով ասացիր. «Թողէ՛ք, թողէք ես գնամ, Աստուած ինձ կանչում է…»: Եւ այդ ամէնը ժպիտով: Եթէ ուժդ ներէր, վստահ եմ, քեզնից անպակաս հոմերական ծիծաղով ոտք կը դնէիր յաւերժութեան արահետին: Ինչո՞ւ արահետ եւ ոչ ճանապարհ,- որովհետեւ եզակի հողածիններին է Աստուած իր գիրկն առնում, իսկ դու այդ եզակիներից ես սիրելի Լեւոն:
– Է՜խ մայէստրօ,- կ՛ասէր համբաւաւոր երգչուհի Ալլա Պուգաչովան, դու դահլիճի 8րդ կարգում չնստեցիր, քո տեղը բեմն էր, դաշնամուրի, երգեհոնի եւ դիրիժորական վահանակի առջեւ: Իհարկէ, եղան օրեր, որ դու որպէս ունկնդիր նստեցիր առջեւի շարքում, որպէսզի լսես քո շնորհալի աշակերտների եւ ուսանողների կատարումները: Հիմա ի՞նչ են անելու նրանք, հապա երգիչ-երգչուհիները: Ի՞նչ ենք անելու մենք՝ Սիփան երգչախմբի անդամներս, Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան անդամները: Վերջերս դու թողեցիր եկեղեցին, որին ծառայեցիր ճիշդ եւ ճիշդ 60 տարի:
Քո աշակերտներն ու ուսանողները բառիս բուն իմաստով որբացան: Քո կենսախինդ բնաւորութեամբ, սրտմօտ մօտեցումով նրանց համար եղար հայր, պապիկ: Կոտրուեց Սիփան երգչախմբի ողնաշարը, մի խումբ, որի 40ամեայ գոյութեան աւելի քան երեսուն տարուայ յաջողութիւնների առիւծի բաժինը քո անուան հետ է կապուած իմ սիրելի կրտսեր եղբայր: Մշտապէս խոնարհ, մշտապէս հաճոյակատար, մշտապէս տառացիօրէն անշահախընդիր, առանց ակնկալութեան մինչեւ երկրային կեանքիդ աւարտը կրեցիր քեզ բաժին ընկած խաչը: Այս երկար տարիների ընթացքում չեղաւ մի դէպք, որ մենք իրար չհասկանանք եւ կամ էլ մի թթու խօսք ասենք իրար: Մշտապէս փոխադարձ հասկացողութեամբ մէկս-միւսին լսելով, հանուն հայ մշակոյթի պահպանման ջանացինք անկարելին կարելի դարձնել: Մենք երկուսով ընտանիքի վերածեցինք Սիփան երգչախումբը, որի անդամները թեւաթափ եղած, ահա մէկ շաբաթ է գիշեր ու զոր հեռաձայնում են՝ իրենց ցաւակցութիւնները յայտնելու: Անդամներից մէկն էլ հարցնում է՝ «Բա ի՞նչ ենք անելու մայէստրօ, չէ՞ որ շուտով փորձերն ենք սկսելու մեր երգչախմբի 40ամեայ յոբելեանի ծրագրի վրայ աշխատելու համար: Ասա՜…, ասա Լեւոն ջան, ի՞նչ պատասխան տամ, ես էլ եմ թեւաթափ եղել: Պատասխան չունեմ բարեկամս: Ասում են անփոխարինելի մարդ չկայ: Քո կորստի փաստի հետ համահունչ չէ այդ ասացուածքը: Դժուար, չասելու համար անհնարին է լինելու առանց քեզ աշխատելը:
Ընդամէնը երկու-երեք տարի է որ, դարձեալ անշահախնդրօրէն, հանուն մեր բարեկամութեան, ձեռք մեկնեցիր Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան ձեռնարկները շէնացնելու համար: Գրողներն այնքան արագօրէն կապուեցին քեզ հետ, այնքան սիրեցին քեզ, որ այլեւս չեն պատկերացնում որեւէ ձեռնարկ՝ առանց քո ներկայութեան: Լաւ էր, որ 3-4 ամիս առաջ յատուկ խնջոյք կազմակերպեցինք քո պատուին: Սա էլ թող դիտուի որպէս վշտոտ հոգու մխիթարանք:
Որպէս տաղանդաւոր դաշնակահար-երգեհոնահար աշխատել ես մի քանի տասնեակ երգիչ-երգչուհիների հետ: Համբաւաւոր երգչուհի Գոհար Գասպարեանը մշտապէս աշխատում էր քեզ հետ: Խորհրդային ստուերոտ տարիներին երբ թռչունն անգամ չէր կարող հատել սահմանը, քեզ թոյլ տուին նրա հետ համերգների գնալ քո ծննդավայրը՝ Եգիպտոս եւ այլ երկրներ: Այստեղ, Լոս Անջելեսում, դու իսկական գանձ էիր մեր իրաւ երգիչ-երգչուհիների համար: Քո բացակայութիւնը երկար տարիներ զգալի կը լինի նրանց համար:
Քո ծառայութիւնը հայ եկեղեցուն վեր է ամէն մի գնահատանքից: 16 տարեկան էիր երբ նստեցիր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնի առջեւ: 1961ին ես եւ Մարիետան էլ միացանք մասնագէտ երգիչ-երգչուհիներով նորովի համալրուած երգչախմբին: Նշանակում է՝ 60 տարի դու Հայ եկեղեցու վաստակած ծառան ես եւ եկեղեցական երաժշտութեան փոքրաթիւ մասնագէտներից մէկը: Ափսոս, հազար ափսոս, որ պատկան մարմինների ուշադրութիւնից վրիպել է արժանի ձեւով գնահատելու քո ծառայութիւնը հայ երաժշտութեանն ու հայ արուեստին:
Վերջին 4-5 տարուայ ընթացքին յաճախ էինք խօսում քո յոբելեանը նշելու մասին, բայց դու, որպէս ծայրագոյնս համեստ անձնաւորութիւն, խուսափում էիր խօսել այդ մասին: Մի քանի ամիս առաջ, արդէն զայրացած ասացի. «Էլ սպասել չկայ, ինքս եմ «Սիփան» երգչախմբի հետ կազմակերպելու քո յոբելեանական երեկոն»: Բայց…, աւա՜ղ, ինչպէս ժողովուրդն է ասում՝ «Շաբաթը շուտ եկաւ Ուրբաթից…»:
Դու՝ սիրելի եղբայր Լեւոն, այն քչերից մէկն ես, որ հերոսաբար տարար անիմանալի չարչարանքներ եւ այնքան գիտակցութիւնդ տեղն էր, որ տղամարդավարի մտածեցիր. «Եթէ մեռնել կայ, խռխռալս ո՞րն է…» ու բարձրաձայն ասացիր. «Հայդէ՜, հեռու գնացէ՛ք, Աստուած ինձ կանչում է…»
Բարի Ճանապարհ…
Երգչախումբին «ողնաշարը» հազիւ հողին յանձնած-չյանձնած՝ Սիփան խումբի անդամները արդէն իսկ մտահոգուած են երգչախումբի 40ամեայ յոբելեանի ծրագրո՞վ…