Սոյն թուականի Նոյեմբերը 23-25ին Աւստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցաւ Եւրոպայի Երիտասարդ Ընկերվարականների (ԵԵԸ – Young European Socialists) Բիւրոյի ժողովը: ՀՅԴ Երիտասարդականի անունից ժողովին մասնակցում էր Սարինէ Աբրահամեանը (Նիդերլանդներ):
Ժողովին մասնակցում էին աւելի քան 40 երիտասարդ ընկերվարականներ Եւրոպայի տարբեր երկրներից՝ Իսպանիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Յունաստան, Բելգիա, Ֆինլանդիա, Դանիա, Իտալիա, Շուէդիա, Նորվեգիա, Խորուաթիա, Մակեդոնիա, Կիպրոս եւ այլն:
Նշելի է, որ Բիւրոյի ժողովը կայանում է տարին երկու անգամ, որտեղ կազմակերպութեան նախագահութիւնը եւ վարչութունը ներկայացնում են իրենց կատարած գործունէութեան հաշուետուութիւնը, ճշդւում է կազմակերպութեան քաղաքականութեան ուղղութիւնը եւ ընդունւում են բանաձեւեր: Ժողովում բանաձեւեր ընդունուեցին միջավայրի պահպանութեան, ընկերային արդարութեան, կանանց իրաւունքների եւ առողջապահութեան ապահովագրութեան վերաբերեալ:
ԵԵԸի նախագահութիւնը ներկայացրեց իր կատարած աշխատանքները, որոնք քննարկուեցին եւ գնահատուեցին: Որոշուեց կազմակերպութեան քարոզչութեան ուղղութիւնը Եւրոխորհրդարանի ընտրութիւնների կապակցութեամբ, որոնք տեղի պիտի ունենան 2019 թուականի Մայիսի 23ին:
Ընդունուեց նաեւ ԵԵԸի Եւրոխորհրդարանին ընդառաջ մանիֆեստը:
Ժողովում, ըստ օրակարգի, անդամ կազմակերպութիւնները զեկուցեցին իրենց երկրում տիրող քաղաքական իրավիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին:
Սարինէ Աբրահամեանն իր զեկոյցում անդրադարձաւ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին եւ կայանալիք արտահերթ ընտրութիւններին: Ժողովի պաշտօնական օրակարգից դուրս, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը բազմաթիւ երկկողմ հանդիպումներ ունեցաւ մասնակից պատուիրակութիւնների հետ՝ ՀՅԴ Երիտասարդականի եւ նրանց միջեւ համագործակցութեան խորացման վերաբերեալ:
ՀՅԴ Երիտասարդականը Եւրոպայի երիտասարդ ընկերվարականներ կազմակերպութեան լիիրաւ անդամ է:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԳՐԱՍԵՆԵԱԿ