ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան Հինգշաբթի, 27 Դեկտեմբերին, Մոսկուայի մէջ հանդիպեցաւ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Հանդիպման ընթացքին երկու երկիրներու ղեկավարները քննարկեցին Հայաստանի եւ Ռուսիոյ միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով համագործակցութեան օրակարգին վերաբերող հարցեր:
Ողջունելով Նիկոլ Փաշինեանը, նախագահ Փութին իր ուրախութիւնը յայտնեց զայն Մոսկուայի մէջ ընդունելուն համար:
«Սա ձեր առաջին այցն է ընտրութիւններում համոզիչ յաղթանակից յետոյ, ձեր եւ ձեր կողմնակիցների յաղթանակից յետոյ: Ցանկանում եմ ձեզ մաղթել յաջողութիւններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք ձեր առջեւ, ձեր թիմի առջեւ ի բարօրութիւն Հայաստանի եւ հայ ժողովրդի: Մեր յարաբերութիւնները բնութագրման կարիք չունեն: Դրանք իսկապէս դաշնակցային յարաբերութիւններ են՝ բաւական մեծ բովանդակութեամբ լեցուն: Բաւական է նշել, որ մենք վստահօրէն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրեայ պետութիւնների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցութեան ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: 2000ից աւելի ձեռնարկութիւն է աշխատում, 2200 ձեռնարկութիւն: Աճում է ապրանքաշրջանառութիւնը. նախորդ տարի այն աճել է գրեթէ 30 տոկոսով՝ 29.7 տոկոսով: Այս տարուայ 10 ամսուայ կտրուածքով այն աւելացել է գրեթէ 18 տոկոսով՝ 17.5 տոկոսով:
Կարծում եմ՝ դինամիկան (աշխուժութիւնը-Խմբ.) լաւն է, պէտք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել: Կ՛անենք այն ամէնը, ինչ կախուած է մեզնից, որպէսզի յարաբերութիւնների այսպիսի մակարդակը մեզ մօտ պահպանուի եւ ոչ միայն այս ոլորտում, այլեւ միւս ուղղութիւններով: Նկատի ունեմ նաեւ անվտանգութեան ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցութիւնը, Եւրասիական տնտեսական միութեան շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցութիւնը: Մի խօսքով՝ մենք շատ հարուստ, յագեցած օրակարգ ունենք», ըսաւ Փութին, հանդիպման բացումը կատարելով:
Նիկոլ Փաշինեան նոյնպէս իր ուրախութիւնը յայտնեց հանդիպման համար:
«Ես արդէն կորցրել եմ հաշիւը, թէ սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանաւակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ յուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնութիւն ամենայաճախ այցելող օտարերկրեայ ղեկավարներից եմ, աւելի կոնկրետ (յստակ-Խմբ.)՝ ես ղեկավարների եռեակում եմ: Վստահ եմ, կարծում եմ՝ դա ընդգծում է մեր առանձնայատուկ ռազմավարական յարաբերութիւնների համատեքստը: Վստահ եմ, որ մեր յարաբերութիւնների այսպիսի դինամիկան կը պահպանուի: Յոյս ունեմ, որ նաեւ կը զարգանայ: Իհարկէ, մենք միւս տարի սպասում ենք ձեզ պաշտօնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կը լինի:
Իհարկէ, մեր քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւններն զարգանում են: Ուրախալի է տեսնել, որ աճում է ռուսաստանցի զբօսաշրջիկների հետաքրքրութիւնը, մասնաւորապէս, Հայաստանի նկատմամբ. ռուսաստանեան ԶԼՄներում հրապարակում կար, որ ամանորեայ սեզոնին (եղանակին-Խմբ.) Հայաստանը ռուսաստանցի զբօսաշրջիկների ամենայայտնի ուղղութիւնն է, եւ նախորդ տարուայ համեմատ զբօսաշրջիկների հոսքը կ՛աճի 70 տոկոսով: Դա առնուազն նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրուած են, այլեւ Հայաստանում ռուսաստանցի զբօսաշրջիկներին շատ լաւ են ընդունում, նրանք իրենց շատ լաւ են զգում, եւ դա ընդգծում է մեր յարաբերութիւնների խորութիւնը: Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ մարդկային յարաբերութիւններ են, մշակութային յարաբերութիւններ են, եւ վստահ եմ, որ այդ բոլոր յարաբերութիւնները կը զարգանան:
Վերջերս Հայաստանում անցկացուեցին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Շատ ուրախ եմ, որ այդ ընտրութիւններն անցան օրէնքին համապատասխան, դրանք ազատ ընտրութիւններ էին: Շատ ուրախ եմ, որ դա արձանագրեցին նաեւ միջազգային դիտորդները, այդ թւում նաեւ՝ Ռուսաստանի Դաշնութիւնից դիտորդները. բաւական շատ դիտորդներ էին մասնակցում այդ ընտրութիւններին:
Մենք մտադիր ենք զարգացնել մեր յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով: Վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կը զարգացնի նաեւ մեր միջխորհրդարանական յարաբերութիւնները: Մենք դրական ենք տրամադրուած նաեւ մեր տնտեսական յետագայ յարաբերութիւնների առումով:
Մենք հետաքրքրուած ենք Եւրասիական տնտեսական միութեան շրջանակում ինտեգրացիայի (համարկման-Խմբ.) յետագայ խորացմամբ, եւ մենք շատ լուրջ ենք վերաբերւում Եւրասիական տնտեսական միութիւնում մեր նախագահութեանը: Վստահ եմ, որ մեր նախագահութեան արդիւնքում կ՛ունենանք աւելի արդիւնաւէտ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում», ըսաւ Փաշինեան իր պատասխան խօսքին մէջ:
«Ես արդէն կորցրել եմ հաշիւը, թէ սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանաւակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ յուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնութիւն ամենայաճախ այցելող օտարերկրեայ ղեկավարներից եմ, աւելի կոնկրետ (յստակ-Խմբ.)՝ ես ղեկավարների եռեակում եմ», ուրախութեամբ կը յայտարարէ Նիկոլ Փաշինեան:
Ոչ շատ հեռու անցեալին՝ պետական եւ կրօնական Հայ այրեր նոյնպէս «կորցրել» էին Խալիֆաներուն, Սուլթաններուն, Շահերուն եւ Ցարերուն տուած իրենց այցերուն հաշիւը…: Եւ ո՞վ կ’ըսէ որ պատմութիւնը –յատկապէս հայոց պատմութիւնը– կրկնութիւն չէ: Կարեւորը ա՛յն է, որ հայրենի ղեկավարները երբեմն վերաբանան Հայոց Պատմութեան գիրքերը եւ թարմացնեն իրենց գիտելիքները:
«Վստահ եմ, կարծում եմ՝ դա ընդգծում է մեր առանձնայատուկ ռազմավարական յարաբերութիւնների համատեքստը», կը շարունակէ Փաշինեան, որ երեւի ի՛նք եւս չի կրնար կողմնորոշուիլ թէ «վստա՞հ» է, թէ՞՝ «կը կարծէ»…: Տպաւորութիւնը ա՛յն է, յամենայնդէպս, որ այդ հանդիպումներուն անհաշիւ ըլլալը ո՛չ թէ «առանձնայատուկ ռազմավարական յարաբերութիւններու համատեքստը» կ’ընդգծէ, այլ՝ ենթակայաբար եւ հերթաբար՝ կ’ընդգծէ Մոսկուային հաշիւ տալո՛ւ իրողութիւնը: Այլապէս, այդ «ռազմավարական յարաբերութիւններ»ը մի՛շտ ալ «առանձնայատուկ» եղած են նախկին իշխանութիւններու օրով: Այսօր ի՞նչն է տարբեր: