ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳԵՕԶԵԱՆ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
Հայկական աղբիւրներում Ծոփք անուամբ յիշատակուող Դերսիմի շրջանն ընկած էր պատմական Հայաստանի տարածքների ծայր արեւմուտքում: Սոյն շրջանը, որը համընկնում էր Արեւելեան Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան-Ակունքի խմբ.) եւ Ներքին Անատոլիայի հատուող կէտում գտնուող եւ որպէս «Անադոլու», այսինքն՝ յունական «Անատոլիա» յիշատակուող պատմական Բիւզանդիայի եւ Հայաստանի տարածքների սահմանային շրջանի՝ Հայաստանի կողմն ընկած հատուածում, գտնւում է Արածանի, Փէրի (Բերրի) եւ Սեւ ջուր գետերի ու Մնձուր լեռնաշղթայի միջեւ:
1848թ., երբ վերաձեւաւորուել է Դիարբեքիր վիլայեթը (Տիգրանակերտ նահանգը), իսկ Խարբերդը՝ առանձին նահանգ դարձել, կազմաւորուել է Դերսիմի սանջակը (մարզը), եւ այս տարեթուից յետոյ սոյն շրջանի վրայ ռազմական գործողութիւններ են կատարուել: 1935թ. Դեկտեմբերի 25ին հրապարակուած «Թունջելի վիլայեթի կառավարման մասին» օրէնքի համաձայն՝ 1936թ. Յունուարի 4ից որպէս Թունջելի յիշատակուող այս շրջանում բնակչութեան մեծ մասն ապրում է աշիրեթական կարգով, եւ չնայած, որ վերջին տասնամեակներին այստեղի երիտասարդութեան մէջ մեծ տարածում են գտել ձախակողմեան շարժումները, այդ կարգը պահպանուել է նաեւ մեր օրերում: Սոյն շրջանի աշխարհագրական դիրքը հնարաւորութիւն է ստեղծել, որ օսմանեան ժամանակաշրջանում այս տարածքի բնակիչները համեմատաբար հեռու մնան պետութեան իշխանութիւնից եւ կիսաինքնավար կեանք վարեն, եւ պետական իշխանութիւններն այդ դրութիւնը փոխելու նպատակով դիմել են ամէն տեսակի միջոցի, այդ թւում՝ ճնշումների, բռնութեան ու կոտորածի, եւ չեն կարողացել հանդուրժել, որ իրենց այդպէս էլ չի յաջողուել լիակատար իշխանութիւն հաստատել այս տարածքում: Հաւելումն դրա՝ այն փաստը, որ տուեալ շրջանի բնակիչները, տիրապետող եղող պետական կրօնից բացի, դաւանել են նաեւ հետերոդոքս հաւատք, պատճառ է դարձել, որ պետութիւնը չափից դուրս թշնամաբար վերաբերուի նրանց: Քանի որ սոյն տարածքն աւելի վաղ ժամանակաշրջանում սահմանային շրջան է եղել Հռոմի եւ Իրանի, Հռոմի եւ Հայաստանի, ինչպէս նաեւ՝ Բիւզանդիայի եւ Հայաստանի միջեւ, այն յաճախ է մի պետութեան կազմից միւսին անցել: Դերսիմը վաղ ժամանակներում էլ է այնպիսի մի վայր եղել, ուր բազմաթիւ ժողովուրդներ են եկել ու բնակութիւն հաստատել այստեղ, տէր դարձել այս հողատարածքին: Դերսիմը ձեւաւորուել է նաեւ որպէս հայ ժողովրդի մայր հայրենիքի մի հատուած, որտեղ հայերն ապրել են բաւականին երկար ժամանակաշրջան:
Այս շրջանի տեղաբնիկները եղող հայերը 1915թ. ինչպէս իրենց հազարամեայ մայր հայրենիք Ա-րեւմտեան Հայաստանի տարածքներից, այդպէս էլ Դերսիմից վայրագօրէն արմատախիլ են արուել ու բնաջնջուել: Սակայն մինչ 1915ը նրանք այստեղ ապրել են, արարել, բնակավայրեր, վանքեր ու եկեղեցիներ հիմնել, տէր կանգնել իրենց սրբավայրերին: Չնայած Թուրքիայի Հանրապետութեան տարիներին կատարուած տեղանունների փոփոխութիւններին՝ Դերսիմի բնակավայրերը մինչ օրս բնակիչների կողմից յիշատակւում են իրենց հին՝ հայկական անուանումներով, մի փաստ, որը հայերի՝ Դերսիմում ունեցած գոյութեան ամենաակնյայտ ապացոյցն է: Այդ հանգամանքը նաեւ ակնառու է դարձնում այն, որ Դերսիմի շրջաններում ամենահին տեղաբնիկ եւ դոմինանտ տարրը եղել են հայերը: Դա, բնականաբար, չի նշանակում, թէ Դերսիմում այլ ժողովուրդներ չեն ապրել, բայց եւ այնպէս դրա, շնորհիւ համոզւում ենք, որ սոյն շրջանի՝ մինչ օրս իր գոյութիւնը պահպանած, ամենահին բնիկ ժողովուրդը եղել են հայերը: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ միւս ժողովուրդները ե՞րբ, որտեղի՞ց եւ ինչպէ՞ս են եկել այստեղ, ապա բարդ է դրան յստակ պատասխան տալը: Հաւանական է, որ որոշ խմբեր շատ վաղնջական ժամանակներից են այստեղ բնակուել եւ անգամ հայերի չափ կամ մինչեւ իսկ վերջիններից աւելի հին են եղել, սակայն իրենց պատկանած քաղաքակրթութեան կործանումից յետոյ, ժամանակի ընթացքում վերածուել են փոքր խմբերի եւ աշիրեթների ու թերեւս այդ կերպ են իրենց գոյութիւնը շարունակել: Այդ հաւանականութիւնը նկատի առնելով հանդերձ, կարող ենք արձանագրել, որ ակնյայտ է՝ սոյն շրջանում որպէս ժողովուրդ իր գոյութիւնը պահպանած եւ հաստատապէս ազգային պատկանելիութիւն ունեցող միակ խումբը կազմում են հայերը:
Որքան էլ թուրքական պաշտօնական պատմագրութեան եւ ընդհանրապէս մերօրեայ թուրք պատմաբանների կողմից պնդուի, թէ 16րդ դարի վերջին տարբեր թուրքմէնական ցեղախմբեր են բնակութիւն հաստատել Դերսիմում, միեւնոյնն է, այդ պնդումները նոյնքան անհիմն են, որքան այն տեսութիւնը, թէ 1071թ. առաջ, մինչեւ իսկ մ.թ.ա. (Ք.ա.) երկրորդ հազարամեակում [1] անգամ թուրքերը գոյութիւն են ունեցել Անատոլիայում, եւ նոյնքան անհիմն են, որքան՝ տեղաբնիկ որոշ ժողովուրդների «թուրքերի նախահայր» ներկայացնելու ձգտումները: Եթէ լուրջ ընդունելու լինենք որոշ «պատմաբաններ»ի կողմից գործադրուած ջանքերի ընթացքում Դերսիմի շրջանում հաստատուած «թրքական ցեղախմբեր»ի վերաբերեալ ներկայացուած ցանկերը, ապա հարկ կը լինի, որ Դերսիմի շրջանը պատկերացնենք որպէս առնուազն ամբողջ Անատոլիան ընդգրկած տարածք:
Դերսիմում կատարուած հնագիտական պեղումների արդիւնքում յայտնաբերուած ուրարտական գերեզմանները հաւաստում են, որ Ուրարտու պետութեան սահմանները ներառել են նաեւ այս տարածքը:
Ինչպէս յայտնի է, մ.թ.ա. (Ք.ա.) 13րդ դարում մեծ ու փոքր թագաւորութիւնների եւ իշխանութիւնների ձեւով ապրած ու նոյն լեզուով հաղորդակցուած Նայիրի, Արատտա, Հայասսայ-Ազզի եւ այլ հանրութիւնների միջից Բիայնիլի թագաւորութիւնը (Վանի թագաւորութիւն, Ուրարտու) հզօրանալով եւ այդ իշխանութիւնները մի թագաւորութեան կազմում միաւորելով՝ ձեւաւորել է Ուրարտուի թագաւորութիւնը: Քանի որ Բիայնիլիի/Վանայ թագաւորները տիրապետող դիրք ունէին այնտեղ, իրենց կազմաւորած պետութիւնը ստացել է այդ անունը, սակայն տուեալ ժամանակաշրջանի ամենահզօր թագաւորութեան վերածուած սոյն պետութիւնը, 6րդ դարում չդիմանալով տարբեր կողմերից եկած թշնամական հոսանքներին, կործանուել է, որից յետոյ սկսել է յիշատակուել միայն որպէս Հայաստանի թագաւորութիւն, իսկ Ուրարտու անունը դուրս է եկել գործածութիւնից:
Իրանում, Բեհիսթուն գիւղի մօտակայքում գտնուելու պատճառով «Բեհիսթունեան արձանագրութիւն» անուամբ յայտնի եւ Դարեհ Առաջինի հրահանգով երեք լեզուներով՝ բաբելոներէն, էլամերէն եւ հին պարսկերէն գրուած արձանագրութեան մէջ յիշատակւում է նաեւ Հայաստանը, որը հին պարսկերէնով նշուած է «Արմինա», բաբելոներենով՝ «Ուրարտու/Ուրաշտու», իսկ էլամերէնով՝ «Հարմինուէայ» անուններով: Այստեղից երեւում է, որ Հայաստանը (Արմինան, Հարմինուէան) եւ Ուրարտուն նոյն երկրի՝ տաբեր լեզուներով նշուած անուանումներն են, եւ որ այդ երկիրը միայն բաբելոնացիների կողմից է Ուրարտու (Արարատ) կոչուել, իսկ միւս ժողովուրդների կողմից Ուրարտու պետութեան գոյութեան բոլոր փուլերում անուանուել է Արմինա/Հարմինուէա, այսինքն՝ Հայաստան: Վանի/Տուշպայի արքայապետութեան կործանումից յետոյ երկրի իշխանութիւնն իր ձեռքը վերցրած Երուանդունի հարստութիւնը շարունակել է, առանց դադար տալու, նոյն տարածքներում կառավարել երկիրը:
Ներկայիս Դերսիմի շրջանը եւս գտնուել է սոյն պետութեան սահմանների մէջ, իսկ հայ ժողովուրդը հազարամեակներ առաջ աւարտել է իր կազմաւորումը սեփական մայր հայրենիքում: Հայերը բազմաթիւ դժուարութիւններից յետոյ, բարդ պայմաններում շարունակել են իրենց գոյութիւնը պահպանել այս տարածքներում, թէեւ նրանց թիւը նուազելով հասել է «փոքրամասնութեան» աստիճանի, իսկ ներկայում այն վայրերում, որտեղ այլեւս հայեր չեն ապրում, պահպանուել են նրանց հետքերը, մշակոյթը՝ ուրարտական գերեզմաններից մինչեւ եկեղեցիներ:
Դերսիմի շրջանի (թէեւ նրա անուանումն տուեալ ժամանակաշրջանում այլ է եղել) մասին ուղղակի եւ անուղղակի տեղեկութիւններ կան՝ դեռ անտիկ դարաշրջանից սկսած: Մասնաւորապէս այս շրջանի մասին, թէեւ երբեմն հակասական, տեղեկութիւններ են հաղորդում այնպիսի պատմիչներ, ինչպիսիք են՝ Հերոդոտոսը, Յովսէփոսը եւ Տակիտոսը: Այս պատմիչների հաղորդած որոշ տեղեկութիւններում իհարկէ որոշ տուեալների եւ վարկածների միջոցով հնարաւոր է միայն ենթադրել, որ խօսքը գնում է այն տարածքների մասին, որոնցում ընդգրկուած է նաեւ Դերսիմը: Ինչպէս որ որոշ ժողովուրդների բնակավայրեր կամ քաղաքներ մերօրեայ գիտնականների կողմից իրարից հարիւրաւոր, անգամ հազարաւոր կմ հեռաւորութեան վրայ գտնուող կէտերում են ներկայացւում, այդպէս էլ Դերսիմի շրջանի մասին եւս անհնար է հաստատ որեւէ բան ասել: Յատկապէս վերջին 100 տարուայ ընթացքում հիւանդութիւն դարձած եւ որոշակի նպատակներով պետութեան կողմից հրահրուող գանձագողութեան պատճառով հարիւրաւոր ու հազարաւոր տարիներ կանգուն մնացած պատմական յուշարձաններն աւերուել են պատմականօրէն խիստ կարճ ժամանակահատուածում: Փաստ, որը չի տարբերւում վանդալիզմից ու թալիբանիզմից եւ մեծ ու անդառնալի հարուած է՝ ուղղուած տուեալ շրջանի եւ ներկայում այստեղ ապրող մարդկանց անցեալը լուսաբանելու հարցին: Գանձ (յատկապէս՝ հայերի գանձը) գտնելով՝ միանգամից հարուստ դառնալու մոլուցքը կուրացրել եւ անզգայ է դարձրել մարդկանց ու պատճառ դարձել, որ նրանք ոչնչացնեն սեփական անցեալը եւ իրենց պապերի ստեղծածը: Բոլոր հին յուշարձաններն աւերելուց կամ ողբալի վիճակի հասցնելուց յետոյ մարդիկ հետաքրքրւում են իրենց անցեալով եւ ցանկանում իմանալ, թէ ով են եւ որտեղից են եկել: Սակայն բանը բանից անցել է արդէն: Այդ մշակութային կոտորածից ամենամեծ վնասը կրած հայերն իրականում այն խումբն են, որ կարող է հանգիստ լինել իր անցեալի հարցում, քանի որ բաւականին լաւ յայտնի են նրանց անունները, համբաւը, պատմութիւնը, անեալը, անգամ՝ ոչ հեռաւոր անցեալը: Եթէ նոյնիսկ հայերի գիւղերի անուանումները փոխուած են լինեն պետութեան կողմից, հին անուանումները յայտնի են նաեւ ներկայում, մինչեւ իսկ մինչ օրս կիրառւում են տեղի ժողովրդի կողմից: Եթէ անգամ հայկական եկեղեցիներն ու վանքերը քանդուած էլ լինեն պետութեան կամ գանձագողերի կողմից, ապա պահպանուել են դրանց արձանագրութիւնները: Խնդիրը վերաբերում է ոչ թէ հայերին, այլ այն մեծ զանգուածին, որն այսօր իրեն ընդունում է որպէս զազա, քուրմանջի քուրդ, ալեւի, մուսուլման ալեւի եւ անգամ քուրդ, եւ որը տարակարծիք է այն հարցում, թէ ալեւիականութիւնն առանձի՞ն կրօն է, թէ՞ մահմեդականութեան մի ճիւղը, եւ մինչեւ իսկ դեռ չի կողմնորոշուել այն հարցում, թէ ալեւիականութիւնը կրօ՞ն է, թէ՞ ոչ:
Քանի որ Դերսիմը/Թունջելին տարբեր ժամանակաշրջաններում մեծ տարածք է գրաւել, ապա հիմնականում բաժանուել է երկու մասի՝ Արեւմտեան ու Արեւելեան Դերսիմի:
Ներկայում այնտեղ բնակուող ժողովրդի կողմից Դերսիմ կոչուող այս շրջանը, ինչպէս վերը նշեցինք, հայկական աղբիւրներում յիշատակւում է Ծոփք անուամբ: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ պատմական Դերսիմ անուանումը կոնկրետ երբ է ի յայտ եկել եւ ինչ նշանակել, ապա այս առումով հաւաստի տեղեկութիւններ չկան. առաջ են քաշւում տարբեր տեսութիւններ միայն: Դրանցից մէկի համաձայն՝ այդ անուանումը բաղկացած է երկու վանկից՝ Դեր եւ Սիմ: «Դեր» վանկը նշանակում է «դուռ» կամ «եկեղեց»ի, իսկ Սիմը‘ «արծաթ», եւ Դերսիմ անուանումը բացատրւում է որպէս «Արծաթէ դուռ» կամ «Արծաթէ եկեղեցի»: Դերսիմ անուան առաջացման վերաբերեալ մի տարածուած պատմութեան համաձայն՝ Տէր Սիմոն անուամբ մի հայ հոգեւորական է եղել, ով հաւանաբար Ջալալիների ապստամբութեան պատճառով իրեն եւ իր համայնքին որպէս ալեւի է ներկայացրել եւ այդպիսով կարողացել փրկուել կոտորածից ու կողոպուտից: Յետագայում ալեւիների փիր՝ հոգեւոր առաջնորդ, մինչեւ իսկ «փիրերի փիր» դարձած այս անձի անուան հիման վրայ էլ սոյն շրջանը կոչուել է Դերսիմ: Թէեւ տուեալներ կան՝ առ այն, որ յետագայ ժամանակաշրջաններում եւս հայկական համայնքը, պահպանուելու նպատակով, ալեւիականութիւն է ընդունել, հայ հոգեւորականներն էլ, որպէս սէիդ կամ փիր, շարունակել են իրենց պարտականութիւնները, սակայն բաւականին բարդ է իմանալը, թէ նման դէպքերը կոնկրետ որ թուականներին եւ ինչ յարաբերակցութեամբ են գրանցուել, եւ Դերսիմի ներկայիս աշիրեթներից որոնք են ալեւիացած հայերից ձեւաւորուել: Բայց եւ այնպէս, խօսակցութիւններ ու տեղեկութիւններ կան այն մասին, թէ որոշ աշիրեթներ (Դերսիմի սահմաններից դուրս գտնուող որոշ քրդական աշիրեթների նման) ունեն հայկական արմատներ: Դրանց շարքում է հայդարան աշիրեթը: Ենթադրւում է, թէ այդ աշիրեթի անուան առաջին վանկը բաղկացած է «հայ» արմատից: Այս ենթադրութիւնը կարող է ճիշդ լինել, բայց կարող է նաեւ ուղղակի անուան պարզ նմանութիւն լինել: Մեր ձեռքի տակ գտնուող տուեալներն առայժմ բաւարար չեն՝ այդ խնդիրների լուծմանը հասնելու համար: Սակայն նոր տուեալների բացայայտման եւ/կամ աւելի ընդարձակ ուսումնասիրութիւնների արդիւնքում հնարաւոր է առաւել կոնկրետ պատասխաններ գտնել այս հարցերին:
Թէեւ ներկայում, իհարկէ, այլեւս անհնար է ճշդել, թէ Տէր Սիմոն անուամբ հոգեւորական իրօք գոյութիւն ունեցել է, թէ ոչ, այնուամենայնիւ յայտնի փաստ է, որ անցեալում հարկադրաբար կամ կամաւոր կերպով, իսկ առաւելապէս «հարկադրանքին ի պատասխան կամաւոր կերպով» կրօնափոխութեան դէպքերը բաւականին յաճախ ու տարածուած ձեւով հանդիպել են թէ օսմանեան եւ թէ հանրապետական դարաշրջաններում: Ներկայում որպէս թուրք, քուրդ, արաբ եւ ալեւի ապրող այդ մարդկանց թիւը, որոնց մեծ մասն այլեւս անտեղեակ է անգամ իր իսկական ագզային պատկանելիութեան մասին (իսկ այն փաստի մասին, որ պետութիւնը «փողոց առ փողոց, տուն առ տուն» գիտի եւ դեռ հետեւում է նրանց, տեղեկացել ենք Թուրքական պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ Հալաչօղլուից), որոշ ենթադրութիւնների համաձայն, միլիոնների է հասնում: Հայերի՝ ալեւիականութիւն ընդունելու փաստը եւս չի վերաբերում միայն «հին ժամանակներին»: Քաջ յայտնի փաստ է, որ հայերն ամենավերջին անգամ այդ միջոցին են դիմել 1937-38թթ. Դերսիմի կոտորածների հետեւանքով, քանի որ այդ մարդիկ ներկայում ողջ են: Միայն վերջին 125 տարուայ ընթացքում այդ տարածքներում 3 մեծ բռնի իսլամացման եւ զանգուածային բնաջնջման ալիք է բարձրացել: 1894-96թթ. աբդուլհամիդեան ջարդերի, 1915թ. Ցեղասպանութեան եւ 1937-38թ. դերսիմի կոտորածների ժամանակ մարդիկ ոչ միայն զանգուածաբար սպանուել են, այլ նաեւ, սեփական կեանքը փրկելու նպատակով, հայերի, ալեւիների եւ ասորիների մի նշանակալի մասը դիմել է կրօնափոխութեան միջոցին: Քանի որ քրիստոնեաներն ու հայերը ամենաշատն են ճնշումների եւ հետապնդումների ենթարկուել, Դերսիմի շրջանում բնակուող հայերի թիւը, յատկապէս 1937-38թթ. դէպքերից յետոյ, շատ է նուազել, նրանց վանքերն ու եկեղեցիները կանգուն չեն մնացել, տեղի հայերը կողոպտուել են, իսկ հայ հոգեւորականները՝ սպանուել: Այս մթնոլորտում հայերը խառնուել են տարբեր ալեւիական աշիրեթների, ցեղերի, որոնց հետ միասին էին ապրում Դերսիմում, ընդունել են նրանց հաւատքը եւ, եթէ տեղին է ասել, «յարմարուել են տուեալ տարածքին»: Ալեւիների հումանիստական (մարդասիրական-Խմբ.) եւ ծայրայեղութիւնից զուրկ հաւատքն էլ, բնականաբար, դրական նպաստ է ունեցել այս առումով: Իսկ տարբեր շրջաններում կրօնափոխ լինելով՝ թուրք կամ քուրդ մուսուլմանների մէջ ողջ մնալ յաջողած հայերը մեծ դժուարութիւնների են հանդիպել եւ, չնայած ամէն ինչի, չեն կարողացել «գեաւուր»ի պիտակից ազատուել: Սակայն սխալ կը լինի դրանից ելնելով՝ մտածել, թէ Դերսիմի շրջանում իրենց գոյութիւնը պահպանած հայերն ապրել են լրիւ առանց խնդիրների, անփուշ վարդերի պարտէզում: Թէեւ այստեղ նոյնպէս նրանք խնդիրների են հանդիպել, սակայն երբ Դերսիմը համեմատում ենք միւս շրջանների հետ, մեր առջեւ տարբեր պատկեր է յառնում: Հայերի՝ կրօնափոխ լինելով ալեւիականութեան ընտրութիւնը, ըստ էութեան, պէտք է ընդունել որպէս չարեաց փոքրագոյն միջոց: Սակայն այդ փոխակերպումը չէր նշանակում, թէ հայերը լիովին փրկուել էին կրօնական ճնշումներից ու հետապնդումներից: Քանզի քրիստոնեայ հայկականութիւնից հեռացածներն այս անգամ էլ հետապնդումների էին ենթարկւում ալեւի լինելու պատճառով, քանի որ թէ օսմանեան եւ թէ հանրապետական դարաշրջաններում ալեւիականութիւնը եւս ընդունելի չի համարուել: Սակայն կարելի է ենթադրել, որ ալեւիականութիւնը մուսուլման-սուննի թուրքերի եւ քրդերի աչքին շատ աւելի ընդունելի եւ հարազատ էր, քան քրիստոնեայ հայկականութիւնը: Իսկ իրականում, ըստ Ղուրանի, պետական պաշտօնեաների եւ մահմեդական հոգեւորականների համար ալեւիականութիւնը աւելի վատ էր համարւում քրիստոնէութիւնից, որովհետեւ այն «Սուրբ գիրք» ունեցող կրօն չէր: Ղուրանի համաձայն՝ «Սուրբ գրքի» տէր կրօնի հետեւորդները, այսինքն՝ քրիստոնեաներն ու հրէաները, քանի դեռ ընդունում են իսլամի գերազանցութիւնը եւ ջիզիէ վճարում, պատկանում են այն կատեգորիային (դասակարգին-Խմբ.), որի մէջ ընդգրկուած խմբերին «կարիք չկայ սպանել»: Մինչդեռ ալեւիները, որպէս իսլամից դուրս գտնուող եւ «Սուրբ գիրք» չունեցող հաւատքի խմբի անդամներ, հաստատապէս արժանի էին մահուան: Ստոյգ մահուան վտանգի առջեւ կանգնած ալեւիները (օսմանեան դարաշրջանում գրանցուել են ալեւիների մեծ կոտորածներ) ձգտել են փրկուել՝ առաջ քաշելով այն վարկածը, թէ իրենք պատկանում են իսլամի շիա ուղղութեանը, սակայն Օսմանեան կայսրութեան եւ Իրանի միջեւ եղած մրցակցութեան պատճառով նրանք համարուել են շիա իրանցիների 5րդ շարասիւն եւ նորից հետապնդումների ենթարկուել: Այսինքն՝ փորձել են անձրեւից փախչել, բայց կարկտի տակ են ընկել: Իսկ, ըստ Ղուրանի, աւելի բարուոք վիճակում գտնուող հայերը սուննի եղող օսմանցիների կրօնական ֆանատիզմի եւ յետագայում ի յայտ եկած ազգային ֆանատիզմի հետեւանքով աւելի վատ դրութեան մէջ են ընկել, եւ ալեւիացումը, չնայած վերոնշեալ վտանգներին, աւելի տեղին է համարուել՝ քրիստոնեայ հայ մնալու համեմատ: Հարկ է յատկապէս յիշատակել օսմանեան սուլթան Սելիմ Առաջինի (Սէլիմ Ահեղի) օրօք՝ 1514թ., եւ սուլթան Սուլէյման Կանունիի օրօք՝ 1533-34թթ., կատարուած կոտորածների մասին: Ալեւիների ջարդերը եւ քրիստոնեաների դէմ ուղղուած պոգրոմները չեն մնացել միայն օսմանեան պատմութեան մէջ, այլ շարունակուել են նաեւ հանրապետական շրջանում: Վերոյիշեալ 1937-38թթ. Դերսիմի Ցեղասպանութիւնից բացի՝ ալեւիների կոտորածներ են գրանցուել նաեւ Մարաշում, Չորումում, Էլբիստանում, Մալաթիայում, Սուասում (Սեբաստիա-Ակունքի խմբ.) եւ անգամ Ստամբուլում (Գազի թաղամասում, 1995թ.): Հանրապետական շրջանում այս առումով իրենց մասնաբաժինն ստացել են նաեւ քրիստոնեաները: Սեպտեմբերի 6ը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից բանակ զօրակոչուած ոչ մուսուլման տղամարդկանց «բանուորական գումարտակները», Ունեցուածքի մասին հարկը այն հիմնական դէպքերն են, որ կարելի է յիշատակել: Ամբողջ օսմանեան դարաշրջանում աւելի ապահով վիճակում գտնուած հրէական համայնքն էլ, հանրապետութեան առաջին ժամանակաշրջանում, ողջ Եւրոպայում եւ յատկապէս Թուրքիայում ահագնացած ազգայնականութեան հոսանքի հետեւանքով, չի կարողացել խուսափել Թրակիայի 1934թ. պոգրոմներից: