ԷՄԻԼ ՍԱՆԱՄԵԱՆ
Թարգմանեց՝ ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆ
Լրագրող եւ Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ Էմիլ Սանամեանը ԱՄՆի Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) Հայագիտութեան ինստիտուտի կայքում յօդուած է հրապարակել ԱՄՆի կողմից անվտանգութեան նպատակներով Ադրբեջանին տրամադրուող 100 միլիոն դոլար ֆինանսական օգնութեան մասին 2018-2019 ֆինանսական տարում: Ենթադրւում է, որ այդ փաստը, ինչպէս նաեւ Հայաստանին տրամադրուող աջակցութեան նուազումը կարող են կապուած լինել Սիրիա հայ ականազերծողների խումբ ուղարկելու հետ, որտեղ նրանք գործում են ռուսական հովանու ներքոյ:
Ստորեւ՝ նշեալ յօդուածը.
Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալիօրէն բարձրացրել է Ադրբեջանին անվտանգութեան աջակցութեան նպատակով ցուցաբերուող օգնութիւնը. 2018-2019 թթ. ֆինանսական տարուայ ընթացքում այդ օգնութիւնը կազմել է աւելի քան 100 միլիոն դոլար. այս մասին տեղեկանում ենք Վաշինգտոնում գտնուող Միջազգային քաղաքականութեան կենտրոնի Անվտանգութեան աջակցութեան մոնիտոր (հսկող-Խմբ.) հետազօտական կենտրոնի կազմած բիւջէի տուեալների:
Չնայած այդ օգնութիւնը ԱՄՆի՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ռազմավարութեան մի մասն է եւ թերեւս կենտրոնանում է Ադրբեջան-Իրան սահմանի վրայ, այն անմիջական հետեւանքներ ունի Հայաստանի համար:
Ըստ հրապարակուած տուեալների՝ ԱՄՆ պաշտպանութեան նախարարութեան կողմից իրականացուող «Գործընկերների կարողութիւնների ամրապնդում» ծրագրի 333րդ կէտով Ադրբեջանը կը ստանայ 58.6 միլիոն դոլար 2018թ. ֆինանսական տարում, եւ 42.9 միլիոն դոլար՝ 2019թ. ֆինանսական տարում: Որպէս համեմատութիւն՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութիւնը 2016-17 թթ. չի գերազանցել տարեկան 3 միլիոն դոլարը:
2018թ. Ապրիլի 27ին ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը Կոնգրեսին տեղեկացրեց, որ 47.5 միլիոն դոլար է յատկացնում Ադրբեջանի «Հարաւային սահմանի անվտանգութեանը՝ հաղորդակցութեան, էլեկտրոնիկայի, շինարարութեան, ծովային առգրաւման սարքաւորումների եւ տրանսպորտային (փոխադրական-Խմբ.) միջոցների» համար, 11.1 միլիոն դոլար՝ «Կասպից ծովի ծովային անվտանգութեան՝ «կապի, էլեկտրոնիկայի, շինարարութեան, ծովային առգրաւման սարքաւորումների եւ տրանսպորտային միջոցների» համար, եւ 80,000 դոլար՝ «մարդու իրաւունքների վերապատրաստումների» համար:
Թէեւ ԱՄՆը երկար ժամանակ Ադրբեջանին աւելի մեծ ռազմական օգնութիւն էր ցուցաբերում, քան Հայաստանին, սակայն այդ տարբերութիւնը աւելի ցայտուն դարձաւ անցեալ տարի Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ:
Անվտանգութեան աջակցութեան մոնիտոր հետազօտական կենտրոնի համաձայն, Հայաստանը ստացել է 4.2 միլիոն դոլար ամերիկեան ռազմական օգնութիւն 2018 ֆինանսական տարուայ համար (2018 թ. Հոկտեմբերին աւարտուած), իսկ 2019թ. համար նախատեսուած է 2.8 միլիոն դոլար եւ 2020ի համար՝ 2.1 միլիոն դոլար: Պարզ չէ, թէ արդեօք դա կապուած է Հայաստանի կողմից որպէս ռուսական ռազմական ներկայութեան մաս Սիրիա ականազերծողների ջոկատ ուղարկելու հետ:
Ադրբեջանի սահմանային անվտանգութեան համար անցեալ տարի ԱՄՆի օգնութեան աճին զուգահեռ աճել է Ադրբեջանի սահմանապահ ծառայութեան բիւջէն՝ 2018թ. 90 միլիոնից 2019թ. դառնալով 116 միլիոն դոլար: Բացի այդ, անցեալ տարուայ Դեկտեմբերին Ադրբեջանի սահմանապահ ծառայութիւնը պաշտպանութան նախարարութիւնից ստանձնել է հայ-ադրբեջանական առաջնագծի վերահսկման պարտականութիւնների մի մասի պատասխանատուութիւնը՝ թոյլ տալով, որ դրա արդիւնքում այդ ռազմական ուժերը տեղակայուեն ադրբեջանա-հայկական շփման գծի այլ հատուածներում:
ԱՄՆի օրէնքը, որ յայտնի է Ազատութեան աջակցութեան ակտի 907 բաժին, արգելում է աջակցութիւն տրամադրել Ադրբեջանին, բացառութեամբ այն դէպքերի, երբ դա «կարեւոր է Ադրբեջանի սահմանային անվտանգութեան համար» եւ չի խոչընդոտի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործուի Հայաստանի դէմ յարձակողական նպատակներով»:
Սահմանապահ ծառայութեան որոշ էլեմենտներ (տարրեր-Խմբ.), որոնք կառավարում էին իսրայէլական արտադրութեան Harop յարձակողական դրոնները, մասնակցել են 2016թ. ապրիլեան պատերազմին՝ սպաննելով 15 հայ կամաւորների եւ զինծառայողների: Աւելին, ԱՄՆի կողմից վերապատրաստում անցած 52րդ յատուկ ջոկատայինների բրիգադից (գումարտակէն-Խմբ.) եւ 641րդ ռազմածովային յատուկ ռազմական միաւորի անձնակազմերը կենտրոնական դեր են ունեցել 2016թ. ապրիլեան մարտական գործողութիւնների ժամանակ եւ քաղաքացիական ու զինուորական անձնակազմի դէմ վայրագութիւններ իրականացրել:
Չնայած շփման գծում իրավիճակը 2016ից ի վեր հիմնականում հանգիստ է, հրադադարի պարբերական խախտումները շարունակական բնոյթ են կրում: Յուլիսի 16-17ը ադրբեջանական ուժերը կրակ են բացել Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ելփին եւ Չիւա սահմանամերձ գիւղերի ուղղութեամբ:
«ՍԻՎԻԼՆԵԹ»