ԳԱՒԱՌ, «Արմէնփրէս».- Գեղարքունիքի մարզպետ Գնէլ Սանոսեան ընդունեց Դիլիջան քաղաքին մէջ գործող ԹՈՒՄՕ ստեղծարար կեդրոնի ղեկավար Տիգրան Բաղիյեանը։
Հանդիպման ընթացքին կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզին մէջ ԹՈՒՄՕ ստեղծարար կեդրոնի շարժական ուսումնական կէտեր հիմնելու եւ մարզի դպրոցականներուն ուսման մէջ ներգրաւելու հարցը: Ըստ Տիգրան Բաղիյեանի՝ այս պահուան դրութեամբ, Դիլիջանի ԹՈՒՄՕ ստեղծարար կեդրոնը կը յաճախեն դպրոցականներ Սեւանէն եւ Ճամբարակէն:
«Նրանց թիւը կարող էր աւելին լինել, եթէ երթուղային տրանսպորտ (փոխադրամիջոց-Խմբ.) գործեր Դիլիջանի եւ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի միջեւ: Թէեւ մենք ուսուցումը կազմակերպում ենք անվճար, սակայն աշակերտները ստիպուած են լինում թանկ վճարել ճանապարհածախսի համար: Մեր առաջին խնդիրը պէտք է լինի տրանսպորտային երթուղու կարգաւորումը, իսկ երկրորդ խնդիրը՝ Գեղարքունիքի մարզի տարածաշրջանների բնակավայրերում ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կէտերի բացումը: Մեր ստեղծարար կենտրոնում աշակերտներն իրենց ստեղծագործական ունակութիւնները դրսեւորում են 14 ոլորտներում՝ ծրագրաւորում, ռոբոտաշինութիւն, երաժշտութիւն, նկարչութիւն, շարժական գրաֆիկա, կայքերի եւ խաղերի ստեղծում, ֆիլմարտադրութիւն, լուսանկարչութիւն, նոր մեդիա եւ այլն: Սկզբնական փուլում ծրագրում ենք 2020 թուականից ուսումնական ստեղծարար կենտրոնի շարժական կէտեր բացել մարզի մէկ տասնեակից աւելի համայնքներում, ապա ընդլայնել ու տարածուել մարզով մէկ: Դա ծրագրելու ենք աւարտի հասցնել 2021 թուականին: Մենք նախնական ուսումնասիրութեամբ պարզել ենք, որ Գեղարքունիքում բաւականին մեծ է հետաքրքրութիւնը մեր ուսումնական ծրագրերում ընդգրկուելու առումով: Մեր ստեղծարար կենտրոն կ՛ընդունուեն 12-18 տարեկան դպրոցականները: Այս պահի դրութեամբ ԹՈՒՄՕ կենտրոնում 19 հազար պատանիներ կերտում են իրենց յուսալի ապագան: Նրանցից ոմանք արդէն բարձր աշխատավարձերով ընդգրկուած են արտադրական ծրագրերում», նշեց Տիգրան Բաղիյեան:
Մարզպետ Գնէլ Սանոսեան իր աջակցութիւնը յայտնեց Գեղարքունիքի մարզին մէջ կրթական այս կարեւոր ծրագիրին արմատաւորման եւ զարգացման համար՝ դիտել տալով, որ պիտի փորձեն հարցերուն լուծումներ գտնել։ «Կ՛անենք հնարաւորը, որպէսզի ուսումնական ծրագրերում ընդգրկուեն մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցականները: Դրա համար պէտք է մեր ծրագրերը կազմենք՝ ելնելով աշխարհագրական, տրանսպորտային, ժողովրդագրական ու մի շարք այլ գործօններից: Մեզ մնում է ոչ միայն ողջունել ձեր նախաձեռնութիւնն ու ծրագրերը, այլ նաեւ համատեղ ուժերով ու հաստատուն կերպով առաջ շարժուել», նշեց Գնէլ Սանոսեան: