
ԱԼԻՍ ԱԼԱՒԵՐԴԵԱՆ
Արցախ աշխարհի պաշտպանական շրջաններից մէկում ենք՝ «Եղնիկներում»: Զօրամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմէն Մարկոսեանի ուղեկցութեամբ գնում ենք մարտական յենակէտ:
Փոխգնդապետ Մարկոսեանն արդէն քսան տարի զինուած ուժերում է: Զինուորական ուղին սկսել է Մոնթէ Մելքոնեանի անուան ռազմամարզական վարժարանից, ապա աւարտել Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարանը‘ հրետանաւորի մասնագիտութեամբ:
– Հայրս 1988թ. շարժման առաջին իսկ օրից անդամագրուել էր Երկրապահ կամաւորականների ջոկատներին, մասնակցել Արցախեան ազատամարտին: 1992թ. Մատաղիսի հատուածում տեղի ունեցած մարտերից մէկի ժամանակ նա վիրաւորուել է, բուժուել, նորից միացել զինընկերներին: Մէկ տարի չանցած՝ Երասխաւանում դարձեալ վիրաւորուել է, առաջին կարգի զինհաշմանդամ է: Երբ պատերազմի թոհուբոհն անցած հօրս տեղեկացրի, որ որոշել եմ զինուորական դառնալ, բառերով անզօր եմ նկարագրելու նրան համակած ուրախութիւնն ու հպարտութիւնը: «Իմ չկատարած գործերը, իմ չիրագործած նպատակները դու կ՛իրագործես, տղա՛ս», ասեց:
Ռազմական ԲՈւՀն աւարտելուց յետոյ, Արմէն Մարկոսեանը զինուորական տարբեր պաշտօններ է զբաղեցրել. եղել է դիվիզիոնի շտաբի պետ, ապա, որպէս առաջխաղացում՝ նշանակուել է դիվիզիոնի հրամանատար:
Փոխգնդապետն Ապրիլեան մարտական գործողութիւններին մասնակից է: Փորձառու սպան Ապրիլեան օրերից պատմել չի սիրում. ցաւով, դառնութիւնով շաղախուած օրեր էին, մարտական ընկերների կորուստը երբե՛ք չի ամոքուի, բայց հպարտութեամբ շեշտում է՝ մեր զինուորներն աւելի հզօր են, քան հակառակորդի յատուկ պատրաստուած հետախոյզները:
– Կռուի յաղթական ելքը որոշող գործօնները մարդն ու սպառազինութիւնն են, սակայն որքան էլ Ադրբեջանը ռազմատենչ յայտարարութիւններ անի, իր սպառազինութեամբ պարծենայ, միայն զէնքով յաղթանակ չի լինում,- նշում է փոխգնդապետը,- որքա՛ն էլ գերժամանակակից զինատեսակներով զինուած լինեն, միեւնոյն է՝ իւրաքանչիւր տեխնիկա մա՛րդն է ղեկավարում, եւ նրա մասնագիտական պատրաստուածութիւնից, ինքնավստահ գործելաոճից, նրա վճռականութիւնից եւ ի վերջոյ՝ նուիրումից, շա՛տ բան է կախուած: Մարդկային գործօնն ամենակարեւորն է, վճռորո՛շը, իսկ Ապրիլեան պատերազմի ժամանակ, հայ զինուորի ու սպայի բազում անօրինակ սխրանքների ականատեսը ե-ղանք: Մեր ժամկէտային զինուորներից մէկը՝ Մարատ Պետրոսեանը (տղերքը յետոյ կատակով «Ուստա» էին կանչում նրան), կարողացաւ «Ֆագոտ»ով հակառակորդի հինգ տանկ եւ մէկ հետեւակի մարտական մեքենայ (ՀՄՄ) շարքից հանել:
Փոխգնդապետը ժամկէտային զինուորների հերոսական արարքներից դրուագներ է յիշատակում, իսկ ես որտեղից որտեղ յիշել եմ զօրացրուած զինուորներից մէկի՝ Դաւիթի, հետեւեալ խօսքերը. «Մենք մեր ծառայութեան ընթացքում տեսել ենք բազում փորձութիւններ, ընկերութեան ու քաջութեան հարիւրաւոր օրինակներ: Ափսոսում եմ, որ դրանք այդպէս էլ բերանացի փոխանցուելով՝ մի օր, միեւնոյն է, կը մոռացուեն, իսկ եթէ «Հոլիվուդ»ը դրանց գոնէ հինգ տոկոսն ունենար որպէս սցենար, միլիոնաւոր դոլարների ֆիլմեր կը նկարէր»:
***
Զինուորական «Վիլիս»ը կտրուկ արգելակում է, հասել ենք մարտական յենակէտ: Հանգստի ժամ է, զինուորներից ոմանք շախմատ, շաշկի են խաղում, միւսներն էլ կողքից հետեւում են, քայլեր յուշում:
Անձնակազմի ակտիւ ժամանցի եւ հանգստի արդիւնաւէտ կազմակերպման գործը մշտապէս զօրամասի հրամանատարութեան ուշադրութեան կենտրոնում է. առաջնագծում շուրջօրեայ մարտական հերթապահութիւն իրականացնող զինուորների լարուածութիւնը թօթափելու նպատակով, տարաբնոյթ միջոցառումներ են յաճախակի կազմակերպւում՝ վիկտորինաներ, համերգներ, մարզական միջոցառումներ:
Դիրքապահների տրամադրութիւնը բարձր է, սրամտում են, զուարճալի պատմութիւններ վերյիշում-պատմում զինուորական կեանքից:
– Մեր թէ՛ զօրամասը, թէ՛ մարտական դիրքերը աշխարհի ծայրին են, քարտէզից դուրս, բարդ ու դժուարին այս տեղանքում ծառայութեանդ ամէն օրը քեզ աւելի է ամրացնում, կոփում, իսկ զօրամասի անցած հերոսական ուղին, իր հերթին, է՛լ աւելի պարտաւորեցնում,- ասում են տղերքն ու աւելացնում,- միասնական, մէկս միւսին աջակցելով, մէկս միւսին թեւութիկունք ծառայում ենք՝ յստակ գիտակցելով մեր դերն ու պատասխանատուութիւնը հայրենիքի սահմաններն անառիկ պահելու գործում:
– Զօրամասի հրամանատարից մինչեւ կրտսեր հրամանատար ընկերական, փոխվստահութեան մթնոլորտ է, եղած խստութիւնն էլ սրտացաւ ծնողի, աւագ ընկերոջ խստութիւն է,- նշում փոխգնդապետ Մարկոսեանը,- թէ որոշակի տարաձայնութիւններ, խնդիրներ են նկատւում՝ փորձում ենք հարթել, բացատրելով, պարզաբանելով հասկացնել, ճիշդ ուղու վրայ դնել, հաշուի առնելով իւրաքանչիւր զինծառայողի հոգեբանական առանձնայատկութիւնները: Յաճախ ենք զրուցում տարբեր թեմաների շուրջ, հետաքրքրւում թէ՛ ընտանեկան, թէ՛ ծառայողական խնդիրներով՝ փորձելով ի յայտ բերել նրանց յուզող, մտահոգող խնդիրները, ու գտնել անհրաժեշտ լուծումը:
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բանակի մարտունակութեան ամենակարեւոր բաղկացուցիչն է: Կարող եմ վստահեցնել, թէ հոգեպէս եւ ֆիզիկապէս ամո՛ւր են մեր զինուորները, եւ այսօր իրենք էլ նոյն անկոտրում ոգով, նոյն արժանապատուութեամբ, նոյն պարտքի ու պատասխանատուութեան գիտակցումով ծառայում են՝ շարունակելով հայրերի, եղբայրների հերոսական գործը:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»
–Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆԵԱՆի