ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
«Չենք տալու հայերի բնաջնջնման եւ բռնագաղթեցման նոր փորձի հնարաւորութիւն», յայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ Բաքւում 1990 թուականի հայկական ջարդերի 30րդ տարելիցի առիթով: «Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախի Հանրապետութիւնը եւ ողջ աշխարհասփիւռ հայութիւնը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյութեան եւ խաղաղ զարգացման իրաւունքը իր պատմական հայրենիքում, այդ թւում՝ Արցախում», յայտարարել է Նիկոլ Փաշինեանը:
Պաշտօնական Երեւանը կիրառում է հետաքրքիր բառակապակցութիւն՝ «պատմական հայրենիք», ընդգծելով այդ թւում՝ Արցախը: Իսկ է՞լ ինչը նկատի ունի Երեւանը «պատմական հայրենիք» կապակցութիւնը կիրառելով, որը վերջին շաբաթներին գործնականում անում է արդէն երկրորդ անգամ:
Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ԱԳՆն տարածել էր յայտարարութիւն Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայկական ջարդերի 100րդ տարելիցի առնչութեամբ: ԱԳՆ յայտարարութիւնն աննախադէպ էր, քանի որ այդ ողբերգութեանը Հայաստանը կարծես թէ նախկինում չի արել այդ մակարդակով անդրադարձ: Յայտարարութեան մէջ յիշատակելով Նախիջեւանի հայաթափումը, պաշտօնական Երեւանը վերհաստատում էր «պատմական հայրենիք»ում ապրելու ու զարգանալու հայ ժողովրդի կամքը, այդ թւում եւ այդօրինակ հայափաթումներից ու ջարդերից պաշտպանուած լինելու համար:
«Պատմական հայրենիք»ը կիրառւում է նաեւ Բաքուի ջարդերի տարելիցի առիթով վարչապետ Փաշինեանի յայտարարութեան մէջ: Ընդ որում յատկանշական է, որ Արցախի առումով նշւում է՝ «այդ թւում»: Ըստ այդմ, պէտք է եզրակացնել, որ «պատմական հայրենիք» եզրը գործածւում է ոչ միայն Արցախը ներառեալ: Եւ թերեւս, այն չի կարող սահմանափակուել լոկ Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի սահմանով, քանի որ դա ներկայիս հայրենիքն է, հայկական պետականութեան ներկայիս սահմանը: Ենթադրւում է, որ «պատմական հայրենիք» եզրը գործածւում է առաւել ընդգրկուն հռետորաբանութեամբ եւ տողատակով, ինչի վկայութիւնն է նաեւ դրա կիրառումը Նախիջեւանում ջարդերի մասին ԱԳՆ յայտարարութեան համատեքստում:
Այդպիսով, Երեւանը գործնականում խօսում է հայկական իրաւունքի մասին, առայժմ ի հարկէ առանց դրա ծաւալն ամբողջացնելու: Միաժամանակ, այդ իրաւունքի իրաւա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական ազդեցութեան արդիւնաւէտութիւնը էապէս պայմանաւորուած է լինելու, թէ ինչ դինամիկա (զարգացման փուլ-Խմբ.) է կրելու իրաւունքի ծաւալի ամբողջացման եւ առարկայացման գործընթացը կամ, այլ կերպ ասած՝ «պատմական հայրենիք» հասկացութեան իրաւա-քաղաքական ձեւակերպումն ու փաթեթաւորւմն իբրեւ հայկական պետական, արտաքին, անվտանգային քաղաքականութեան առանցքային բաղադրիչ եւ գործիքակազմ: Այդ հայրենիքը ներառում է Նախիջեւանն ու Կարսը եւ Արարատը՝ հայերի արեան ու անվտանգութեան հաշուին կնքուած ռուս-թուրքական մոսկովեան պայմանագիրը, կամ այլ կերպ ասած՝ հայերի ֆիզիկական եւ սուբյեկտային (ինքնիշխան-Խմբ.) բնաջնջման պայմանագիրը:
Վերջին հաշուով, համաշխարհային քաղաքականութեան մէջ բնաջնջման ողբերգական իրողութիւնների առանցքային շարժառիթներն ու պատճառներն ընկած են լինում նաեւ այնտեղ, երբ միջազգային յարաբերութիւնների որեւէ սուբյեկտ թերանում է իր դերի եւ հնարաւորութեան ներուժի իրացման ու ամբողջացման հարցում: Ի վերջոյ, դա առաջացնում է միջազգային յարաբերութեան ու անվտանգութեան վակուում (պարապութիւն-Խմբ.), որն անկասկած լցւում է այլ ներուժով՝ անգամ մեծ ողբերգութեան գնով:
Այդ իմաստով, Հայաստանն անում է կարեւոր քայլը՝ յայտարարում է իր համաշխարհային դերի, կամ ինչպէս պաշտպանութեան նախարարի տօնական ուղերձում էր խօսւում՝ «խրամատային պաշտպանութեան» կորստաբեր մօտեցումից դերային պրոգրեսիւութեան (յառաջխա-ղաց-Խմբ.) անցնելու մասին: Դա է բնաջնջում եւ գաղթ թոյլ չտալու նուազագոյն գրաւականը, անշուշտ իրաւունքի եւ դերի շրջանակը ամբողջացնելու եւ այն սպասարկելու կարողութեան ու կամքի դրսեւորումով: Հայաստանն ունի այդ պատմական հնարաւորութիւնը:
«ԼՐԱԳԻՐ»