Ռուսական թերթերի այսօրուայ վերնագրերն ի ցոյց են դնում Պուտինի քաղաքականութեան առաջնահերթութիւնները. «ՌՏՍի Ինդեքսը Ցածր Է 1000 Կէտից», «Ռոսնեֆտը Դադարել Է Ամենաթանկ Ընկերութիւնը Լինելուց», «Կրեմլ. Մայիսի 9ի Շքերթի Պատրաստութիւնը Շարունակւում Է»:
Մոսկուան փորձում է Երկրորդ Համաշխարհային պատերազմում յաղթանակի 75ամեակը որոշում կայացնողների ակումբ վերադառնալու ցատկահարթակ դարձնել: Բայց այդ փորձը խամրել է Թրամփի՝ Մայիսի 9ին Մոսկուա այցից հրաժարուելու եւ կորոնավիրուսի պատճառով պանդեմիա (համաճարակ-Խմբ.) յայտարարելու ֆոնին:
Պանդեմիայի պայմաններում բոլորը «ծածկւում են» կորոնավիրուսով: Առաջին համաշխարհային պատերազմն սկսուեց թագաժառանգի սպանութիւնից, ներկայիսը՝ «թագա»-վիրուսից:
Այս պատերազմում բոլորը գործում են ըստ իրենց իմպերատիւների (հրամայականներու-Խմբ.): Պուտինն անյաջող փորձում է առաջ տանել նոր Եալթայի գաղափարը, ԱՄՆը, ըստ ամենայնի, ուզում է կանգնեցնել Չինաստանի տեխնոլոգիական (արուեստագիտական-Խմբ.) առաջընթացը եւ 5G-ի վրայ վերահսկողութիւնը, Թուրքիան յոյս ունի վերադարձնել օսմանեան ժառանգութեան գոնէ մի մասը: Այս բոլոր երկրները հմտօրէն օգտւում են կորոնավիրուսի «թայմ-աութ»ից (ժամանակաւոր դադարէն-Խմբ.)՝ իրենց նպատակներն առաջ տանելու համար:
Հայաստանը դեռ չի յայտարարել իր իմպերատիւների մասին, չնայած հիմա դա անելու իսկական ժամանակն է: Առաջին համաշխարհային պատերազմից ու գործող աշխարհակարգի կառուցումից անցել է 100 տարի: 100 տարի առաջ, երբ կործանուեցին 4 կայսրութիւններ՝ Գերմանիան, Աւստրօ-Հունգարիան, Ռուսաստանն ու Օսմանեանը, տասնեակ ազգեր կարողացան պետականութիւն ստեղծել ու ինքնիշխան դարձան: Հայաստանի ճակատագիրը որոշուեց ռուս-թուրքական պակտով (դաշնագիրով-Խմբ.), որը մինչ օրս ուժի մէջ է մնում: Այն ուժի մէջ է, որովհետեւ Հայաստանը չի յայտարարել, որ կապ չունի այդ պակտի հետ եւ չի ճանաչում այն:
Հիմա ժամանակն է յայտարարել Հայաստանի ազգային իմպերատիւների մասին, եւ համաշխարհային տէրութիւնները Երեւանից հէնց դա են սպասում: Աշխարհում քչերին է հետաքրքիր ժողովրդավարութեան մակարդակն ու դատարանների անկախութիւնը, դա կարեւոր է մեր երկրի քաղաքացիների համար: Աշխարհին այլ բան է հետաքրքրում՝ Հայաստանը կարո՞ղ է 100 տարի անց յայտարարել իր իրաւունքների մասին ու ձեւակերպել իր տեսլականը որպէս պետական ազգ:
Այս տարի լրանում է Մոսկուայի ու Կարսի տխրահռչակ պայմանագրերի 99ամեակը, որով օկուպացուեցին (գրաւուեցան-Խմբ.) հայկական տարածքները: Երեւանը պէտք է ցոյց տայ, որ պատրաստ է դուրս գալ ռուս-թուրքական պայմանաւորուածութեան օբյեկտի վիճակից ու սուվերեն (ինքնիշխան-Խմբ.) միաւոր դառնալ: Իր ազատութիւնը պաշտպանած Արցախը եւ դրա ընկալումն աշխարհում վկայում են, որ աշխարհն այդ լեզուն է հասկանում: Ինչպէս Նիկոլ Փաշինեանը կարողացաւ մէկ հարուածով կոտրել տխրահռչակ մադրիդեան սկզ-բունքները՝ յայտարարելով, որ ոչ ոք չի պատրաստւում յանձնել Արցախը, այնպէս էլ եկել է ռուս-թուրքական մատրիցան (կաղապարը-Խմբ.) կոտրելու ժամանակը: Աշխարհը դա է սպասում մեզնից:
«ԼՐԱԳԻՐ»