ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Հեռացող աստղունքը ցոլում էր,
Երկինքը ընկալում էր լոյսը,
Մաքրւում էր ծաւալը,
Մինչեւ լազուրի ակուքները․․․
Ծալը
Ու մնացեալը․․․
Գուբում պատռւում էր պատանքը,
Կեանքը տրոփում էր անաւարտ,
Որ մղեց, գլորեց քարը․
Բացուեց գերեզմանը,
Որպէս անդորրութեան մահիճ,
Կենսաւոր, տրոփող սիրտ։
Եռօրեայ տեւեց տաճարի կառուցումը,
Ինչպէս ասել էր։
Սգաւոր կանայք եկան,
Մեռելների մէջ էին փնտռում
Յարեալին․․․
Ժամադրուեցին, որ հանդիպեն վերնատանը։
Կասկածներ կային․․․
Թող ստուգեն գեղարդի հետքերը
Ձախ կողքին․․․
Մեխերի խոցերը ձեռքերին,
Ոտքերի թաթերին․․․
Գուցէեւ քերթուածքները ճակատի
Որ թողել էր փշէ թագը․․․
Գարնանային հովի հոսանք էր
Աշտարակուած խաչի յիշողութեամբ․․․
Փակուել էին վերնատանը,
Երեւակեց նրանց մէջ․․․
Ոչ, ոչ․․․ ոչմի ողջագուրում․․․
Երկրային ոչմի փոշի
Չպիտի լինի վրան
Երկնային մտնելու պահին․․․
Գեղարդի հետքը
Մեխերի հետքերը,
Ճակատի յօշուածը
Ստոյգ էին։
Թագակիր ճակատին
Միայն ծիածան,
Որպէս նարօտ․․․
Ապա պատգամեց,
Սպասեն քառասուն օր
Ընդունելու շնորհի գալուստը․․․
Մնում էր,
Որպէս սուրբ հոգով ծոցուորուած
Միանայ աստուածութեանը,
Որ անսկիզբ է ու անվախճան․․․
Ապա վերացումը պատկերուեց,
Որպէս յարութիւն․․․
Քրիստոս է,
Որպէս մարդորդի,
Աստուածորդի,
Երեւումով,
Ծաղկազարդով,
Տանջանքով,
Յարութեամբ
Առ անմահութեան ծաւալ,
Արքայութիւն․․․
Տիեզերական իրարանցում է,
Որի միայն փշրանքներն են
Վիճակուել երկրին,
Որպէս օրհնութիւն։
Պատահել է,
Պատահում է,
Կը պատահի
Միւս մոլորակներում
Ըստ կարիքի։
Տիեզերքում մենք միայնակ չենք։
Համօրէնը
Աստուածային ստեղծագործութիւն է։