Կոնգրեսական Ադամ Շիֆը Մայիսի 19ին միացաւ «Քորոնա» ժահրի մարտահրաւէրներին դիմակայելու հարցում ամերիկահայերին օժանդակելու նպատակով ստեղծուած COVID 19 Արեւմտեան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի աշխատանքներին: «Սա հիանալի նախաձեռնութիւն է, երբ համայնքը համախմբւում է օգնելու միմեանց: Այսօր շատերը, ովքեր համավարակի պատճառով գործազուրկ են, կամ մարդիկ, որ օգտւում էին կառավարական օգնութիւնից բազում դժուարութիւններ ունեն, քաղցում են: Եւ այս դժուարին պահին, հայ համայնքը միաւորուել է՝ օգնութեան ձեռք մեկնելու կարիք ունեցողներին՝ նուիրաբերելով գումար, սնունդ, եւ շատ կամաւորներ՝ իրենց ժամանակը: Անկասկած, նրանք կեանքեր են փրկում», նշեց Շիֆը, ով Գլենդելի Հայ Երիտասարդական կենտրոն էր այցելել մասնակցելու սննդի բաշխման կազմակերպման եւ առաքման աշխատանքներին՝ իր հետ բերելով սննդամթերք:
[embedyt] https://www.youtube.com/watch?v=hjowezNdnX8[/embedyt]
COVID19 Արեւմտեան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի աշխատանքների շնորհիւ, Մարտ ամսուայ վերջից սկսած շուրջ 800 հայ ընտանիքի տրամադրուել է սննդամթերք եւ այլ անհրաժեշտ օժանդակութիւն: «Ամէն օր մեր թէժ գծին ստանում ենք աւելի քան հարիւր զանգ՝ մարդկանցից ովքեր յատուկ խմբի օգնութեանն են դիմում տարբեր հարցերով: Ամէն օր, մեզ դիմողներին առաքում ենք մէկ շաբաթուայ համար նախատեսուած պարէնամթերքով լի տոպրակներ, որ հիմնականում պարունակում են հացահատիկների, պահածոյացուած սննդի տեսականի: Մեր մասնագէտ կամաւորները նաեւ անվճար խորհրդատուութիւն են տրամադրում վարձակալութեան իրաւունքների, գործազրկութեան, եւ այլ հարցերի շուրջ: Նաեւ, թարգմանել ենք մեծ թուով յօդուածներ՝ համավարակից պաշտպանուելու, ինչպէս նաեւ իրավիճակից բխող խնդիրների լուծման ձեւերի մասին», նշեց Աշխատանքային յանձնախմբում ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» կոմիտէի ներկայացուցիչ Վաչէ Թովմասեանը:
Գլենդելում գտնուող Հայ Երիտասարդական կենտրոնը վերածուել է իւրատեսակ հաւաքատեղիի, որտեղ արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացւում են համայնքին աջակցութեան ծրագրերը՝ յանձնախմբում ներգրաւուած կազմակերպութիւնների մասնաճիւղերի անդամների գործուն մասնակցութեամբ:
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ ստեղծուած COVID19 Արեւմտէան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի մաս են կազմում՝ Հայ Մշակութային հիմնադրամը, Հայ Օգնութեան Միութիւնը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը, Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը, ՀՄԸՄը, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութիւնը, Ազգային վարժարանների Խնամակալ մարմնի հոգաբարձուների խորհուրդը ու Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանը: Յատուկ նպատակով ստեղծուած կայքէջն անհրաժեշտ տեղեկութիւններ է տրամադրում COVID-19ի պատճառով ստեղծուած տարբեր հարցերի մասին՝ https://ancawr.org/covid-19 եւ նոյն նպատակով գործում է նաեւ հեռախօսակապ (818) 243-3444 կամ admin@ancaglendale.org: