Մայիսի 23ին, Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան երթուղով Հայաստան մեկնեց ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ Հայաստան մեկնելու իրաւունք ունեցող 56 մարդ: Ներկայում, դէպի Հայաստան միակ երթուղին իրականացւում է «Քէյ.Էլ.Էմ» (KLM) եւ «Բելաւիա» (Belavia) աւիաընկերութիւնների չուերթների փոխկապակցման արդիւնքում, ինչը հնարաւոր է դարձել Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան եւ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանութեան համատեղ ջանքերի շնորհիւ: «Մարտից սկսած մեր բազմաթիւ հայրենակիցներ դիմում էին հիւպատոսարանին տարբեր, այդ թւում՝ մեկնելու հնարաւորութիւնների մասին հարցերով: Մենք գտանք նշուած չուերթները, որոնք սակայն փոխկապակցուած չէին: Նիդեռլանդներում մեր դեսպանատան եւ աւիաընկերութիւնների հետ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, ըստ որի ՀՀ քաղաքացիները Ամստերդամում Շենգենեան արտօնագրի կարիք չեն ունենում եւ օգտւում են տարանցիկ գօտուց, նաեւ ուղեւորների փոխարէն ինքնաթիռներից ուղեբեռի տեղափոխումն իրականացնում են նշուած աւիաընկերութիւնների ներկայացուցիչները», տեղեկացրեց Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական Վարազդատ Պահլաւունին, ով թռիչքից առաջ գտնւում էր օդանաւակայանում:
ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան աշխատակիցները, իւրաքանչիւր թռիչքից առաջ, Լոս Անջելեսի միջազգային օդակայեանում մեկնողներին աջակցութիւն են ցուցաբերում կազմակերպչական հարցերում, նրանց ներկայացնում են ՀՀ պարէտի ծանուցագիրը՝ Հայաստան հասնելուն պէս ինքնամեկուսացման պարտաւորութեան մասին։ «Մենք մեկնողների տուեալները՝ անուն, հեռախօսահամար եւ այլ, տրամադրում ենք ՀՀ պարէտատանը, որպէսզի Հայաստանում նրանց դիմաւորեն եւ յատուկ նախատեսուած մեքենաներով տեղափոխեն իրենց հասցէներ, որտեղ ըստ ներկայում գործող կարգի, ժամանողները պէտք է ինքնամեկուսանան տասնչորս օրեայ ժամկէտով», նշեց Պահլաւունին:
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան ամէնշաբաթեայ պարբերականութեամբ Մայիսի 2ից իրականացուող չուերթով Հայաստան է վերադարձել 121 մարդ, ովքեր կամ ՀՀ քաղաքացի են, կամ ունեն Հայաստան մեկնելու իրաւունք, այն է՝ տուեալ անհատն ունի ընտանիք կամ բնակավայր Հայաստանում:
Յաջորդ չուերթը տեղի կ՛ունենայ Մայիսի 30ին։