ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Տեղեկատուական եւ Բարձր Տեխնոլոգիաների (արհեստագիտութիւնների) ոլորտի Լոս Անջելեսի ամերկահայ ներկայացուցիչները մէկ ու կէս միլիոն դոլար փոխանցեցին Համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» հանգանակութեան ֆոնդին: Այս մասին նախաձեռնութեան անդամները տեղեկացրեցին Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնում կայացած հանդիպման ժամանակ՝ կոչ անելով բոլոր հայերին միանալու համահայկական շարժմանը:
Բարձրագոյն տեխնոլոգիաների ոլորտում ճանաչուած գործարար, բարերար Ալֆրեդ Եսայեանը պատմեց, թէ ինչպէս կազմակերպեց դրամահաւաք իր ընկերների շրջանում: «Կազմեցի ընկերներիս ցուցակը եւ սկսեցի զանգահարել՝ տեղեկացնելով դրամահաւաքի մասին, եւ յայտնեցի, թէ որքան գումար եմ նուիրաբերել եւ նոյնքան էլ ակնկալում եմ նրանցից: Նաեւ խնդրեցի նրանց նոյնպէս ցուցակ կազմել եւ զանգահարել իրենց շրջապատին: Առաջնային նպատակը հինգ հարիւր հազար դոլար էր, եւ կարծեցի օրեր կը տեւի հաւաքելը, սակայն առաջին 18 ժամում արդէն 550 հազար էր հաւաքուել: Այսօր, արդէն 1.5 միլիոն դոլար ուղարկեցինք Հիմնադրամի՝ Արցախի համար ստեղծուած հաշուեհամարին: Այսպէս, եթէ իւրաքանչիւրս դիմենք առնուազն տասը հոգու մեր շրջապատից, գործընթացը ձիւնագնդի էֆեկտ կը ստանայ»: Եսայեանի ընկերներից, ԲՏ ոլորտի գործածար Սեւակ Աճեմեանը յայտնեց, որ այս պահին իրենց նախաձեռնութեանն է միացել շուրջ երեսուն նուիրատու, եւ տեղեկացրեց, որ նախաձեռնութիւնը չի սահմանափակուելու հաւաքուած գումարով եւ շարունակւում է:
Ազգային բարերար, ԲՏ ոլորտի գործարար Ալէք Բաղդասարեանն էլ նշեց, որ ֆինանսական աջակցութիւնն Արցախին այժմ չպէտք է դիտարկուի որպէս նուիրատուութիւն, այլ՝ ամէն հայի պարտականութիւն: «Շատ կարեւոր է, որ այս պահին իւրաքանչիւր հայ իրեն համարի զինուոր: Այս պահին մեր ժողովուրդն Արցախում եւ Հայաստանում առաջնագծում է, եւ դա պէտք է Սփիւռքում ապրող հայի համար չափանիշ լինի՝ մասնակցութեան չափը. եթէ չենք կարող լինել պատերազմի առաջնագծում, պէտք է առաջնագիծ ստեղծենք այստեղ: Պէտք է մոռանանք, թէ որքան ենք նուիրատուութիւններ կատարել հայրենիքին մէկ տարի առաջ, մէկ ամիս առաջ եւ կենտրոնանք այս պահի վրայ, ցոյց տանք, թէ ինչի է ընդունակ ութ միլիոնանոց հայկական Սփիւռքը», նշեց Բաղդասարեանը:
ԲՏ ոլորտի գործարար Արմէն Փանոսեանը կարեւորեց իրենց նախաձեռնութեանը ոչ միայն հայերի, այլեւ խաղաղութիւն սիրող բոլոր մարդկանց միանալը: «Այս պահին մեր վրայ յարձակւում են նաեւ մարդիկ, ովքեր նոյնիսկ չգիտեն, թէ ինչու են դա անում. նրանց տրուել է գումար եւ հրաման կռուել մի ժողովրդի դէմ, ում երբեք չեն հանդիպել, մի հողի վրայ, որտեղ երբեք չեն եղել: Սա այս պահին հայ ժողովրդի դէմ է, սակայն յաջորդը՝ լինելու է այլ ազգերի դէմ: Այդ պատճառով, հրաւիրում ենք բոլորին՝ միանալու ազատութեան, ժողովրդավարութեան, խաղաղութեան համար պայքարին: Ցաւօք մենք այժմ դիմում ենք ուժի կիրառութեանը, որ այդ խաղաղութիւնը հաստատուի, բայց մեր նպատակը խաղաղութիւնն է»:
Ընկերների կոչին անհաղորդ չէր մնացել նաեւ հաշուապահ, բարերար Անդրանիկ Թորոսեանը. «Այս գործը մեր ազգի գործն է, եւ կարեւոր է, որ միանանք եւ մէկ բռունցք կազմենք, եւ բոլորս միասին մասնակցենք հայրենական այս պայքարին: Մէկ խողովակով, Հիմնադրամին նուիրատուութիւնների միջոցով հնարաւոր եղաւ օգտակար լինել տարբեր կարիքների համար՝ բժշկական, զինուորական: Մեր մասնակցութիւնը չպէտք է լինի մէկանգամեայ, այլ՝ շարունակական գործընթաց, եւ յորդորում եմ բոլորին անմասն չմնալ մեր հայրենիքին աջակցելու այս յոյժ կարեւոր գործին»:
Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանն էլ նշեց, որ ԲՏ եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դրամահաւաքը մասնագիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչների հաւաքական դրամահաւաքի լաւագոյն օրինակներից է: Նա, ամերիկահայ համայնքնին յորդորեց բազմապատկել ջանքերը՝ համահայկական պայքարը յաղթանակով պսակելու համար: