ԳԼԵՆԴԷՅԼ․- Յունիսի 7ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Բոբ Բլումենֆիլդի հետ: Դեսպանը Բլումենֆիլդին երախտագիտութիւն յայտնեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի, ինչպէս նաեւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի շրջանակներում երկարամեայ հայանպաստ գործունէութեան եւ Արցախեան երկրորդ պատերազմի օրերին եւ յետպատերազմեան ժամանակահատուածում Հայաստանի եւ Արցախի վերաբերեալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունուած բանաձեւերին աջակցութեան համար:
Բլումենֆիլդն իր հերթին բարձր գնահատեց Լոս Անջելեսի 3րդ ընտրաշրջանի հայ համայնքի հետ սերտ գործակցութիւնը: Նա նշեց, որ տպաւորուած է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փօլ Գրիգորեանի նախաձեռնութեամբ տարիներ առաջ միասին Հայաստան եւ Արցախ կատարած այցից եւ պատրաստակամութիւն յայտնեց առաջիկայում նոյնպէս շարունակել համագործակցութիւնը հայ համայնքի հետ: Նա առանձնայատուկ շեշտեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ տարիների շարունակական աշխատանքի կարեւորութիւնը, որին մասնակցել է նաեւ ինքը՝ ինչպէս Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի, այնպէս էլ որպէս Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ: Բայբուրդեանը եւ Բլումենֆիլդը քննարկեցին Լոս Անջելես-Երեւան քոյր-քաղաքների ծրագրի զարգացման եւ դրա շրջանակում համագործակցութիւնն ընդլայնելու հեռանկարը` յենուելով այլ քաղաքների հետ ձեւաւորուած փորձառութեան վրայ: Բլումենֆիլդը յստակ առաջարկներ արեց այդ ուղղութեամբ:
Դեմոկրատ կուսակցութեան անդամ Բլումենֆիլդը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի պաշտօնում ընտրուել է 2013ին եւ ներկայացնում է 3րդ ընտրաշրջանը: Այն ընդգրկում է Լոս Անջելեսի Քանոգա Փարք, Ռիսիդա, Ուինեթքա եւ Վուդլանդ Հիլզ քաղաքները: 2008-2013ին եղել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ:
Յունիսի 8ին, Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի մեծամասնութեան առաջնորդ Էլոյիզ Գոմեզ Ռէյեսի հետ: Դեսպանը երախտագիտութիւն յայտնեց Ռէյեսին՝ Կալիֆորնիայի Հայկական օրէնդրական խմբակցութեանն անդամակցելու եւ խմբակցութեան հայանպաստ աշխատանքներին մասնակից լինելու համար: Ռէյեսը կարեւորեց Կալիֆորնիայի հայ համայնքի հետ սերտ աշխատանքը` իբրեւ բազմամշակութային նահանգի կարեւորագոյն համայնքներից մէկը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Կալիֆորնիա համագործակցութեան օրակարգի հարցեր: Բայբուրդեանն ու Ռէյեսը պայամանաւորուեցին հանդիպումները դարձնել պարբերական` արդիւնաւէտ գործակցութիւն ծաւալելու համար:
Ռէյեսը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամի պաշտօնում ընտրուել է 2016նին եւ ներկայացնում է 47րդ ընտրաշրջանը: