ԳԼԵՆԴԷՅԼ․- Յունիսի 8ին, Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լօրա Ֆրիդմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ համագործակցութեան ուղղութիւնները եւ նշել, որ 2019ի Շրջանակային համաձայնագիրը պարարտ հող է ստեղծում համագործակցութեան ծաւալման եւ խորացման համար:
Բայբուրդեանը բարձր է գնահատել Ֆրիդմանի մասնակցութիւնը Կալիֆորնիայի Հայկական օրէնսդրական խմբի (The California Armenian Legislative Caucus) աշխատանքներին:
Դեսպանը եւ Ֆրիդմանը կարեւորել են Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ բազմակողմ սերտ գործակցութեան խորացումը` փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ծրագրերի իրականացմամբ:
Ֆրիդմանը ներկայացնում է 43րդ ընտրաշրջանը, որում ընդգրկուած են Հարաւային Կալիֆորնիայի ամենահայաշատ քաղաքները` Գլենդեյլ, Բըրբանք, Փասադինա, Հոլիվուդ Լիթըլ Արմէնիա, Լա Կրեսենտա-Մոնթրոզ, Լա Քանեադա Ֆլինթրիջ եւ այլն: Ֆրիդմանը նախագահում է Կալիֆորնիայի խորհրդարանի Բնական պաշարների յանձնաժողովը եւ Փոքր ձեռնարկատիրութեան հարցերի յատուկ յանձնաժողովը: Մինչեւ նահանգային խորհրդարանի անդամի պաշտօնում ընտրուելը 2016ին, Ֆրիդմանը հանդիսանում էր հայաշատ Գլենդեյլի քաղաքապետը:

Յունիսի 9ին, Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ Շիլա Քիուլի հետ: Զրուցակիցները քննարկեցին կառավարիչի ներկայացրած Լոս Անջելեսի մարզի 2 միլիոն բնակչութիւն ունեցող 3րդ ընտրաշրջանի հայ համայնքին առնչուող հարցեր, ինչպէս նաեւ հայ-ամերիկեան գործակցութեան հեռանկարները տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Դեսպանը յոյս յայտնեց, որ Քիուլի հայանպաստ գործունէութիւնը կը շարունակուի նաեւ առաջիկայում` թէ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի շրջանակներում, թէ հայ համայնքի հետ շփումների համատեքստում: Քիուլը իր հերթին ընդգծեց Լոս Անջելեսի մարզի բազմամշակութային ներկապնակին հայ համայնքի դերն ու կարեւորութիւնը, շեշտեց նաեւ համայնքի ներդրումը Լոս Անջելեսի մարզի կեանքի բազմաթիւ բնագաւառներում:
Քիուլն եղել է եղել է Կալիֆորնիայի նահանգային Ծերակոյտի եւ խորհրդարանի անդամ: Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամի պաշտօնում ընտրուել է 2014ին:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)